Նույնականացման քարտ ստանալու համար հերթեր են գոյանում. հավելյալ սարքեր չկան. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային կենտրոններում այս օրերին հսկայական հերթեր են գոյանում: Բանն այն է, որ կառավարության N 915-Ն որոշման համաձայն՝ սոցիալական փաթեթի շահառուները, արդեն 2018 թվականից սկսած, պարտադիր պետք է ունենան նույնականացման քարտ, որպեսզի կարողանան օգտվել սոցփաթեթի ծառայություններից:

Այդ շահառուների թիվը, որոնք ի դեպ, պետական ծառայողներ են, մոտավորապես 100 հազարի սահմանում է: Ու փաստորեն նրանք բոլորը շտապում են անձնագրային բաժիններ՝ նույնականացման քարտ ստանալու: Իսկ հերթերը տևում են երեք-չորս ժամ՝ խլելով նյարդեր ու աշխատաժամանակ: Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանից փորձեցինք պարզել, թե արդյոք հնարավոր չէ՞ր հավելյալ աշխատակիցներ ներգրավել՝ խուսափելու համար կառավարության որոշման հետեւանքով առաջացած հսկայական հերթերից:

Նա պարզաբանեց, որ խնդիրը ոչ թե աշխատակիցների, այլ համապատասխան սարքավորումների հետ է կապված:

«Մեզ համար էլ է դժվար, մեր աշխատանքն էլ է գերծանրաբեռնված: Իհարկե, մենք էլ ենք ուզում, որակյալ ծառայություն մատուցել, բայց քանի որ դիմող քաղաքացիների քանակը մեծ է, ստիպված հերթեր են գոյանում: Սարքավորումը նախատեսված է մեկ պատուհանի համար: Նույնականացման քարտի համար լուսանկարումն իրականցվում է այդ պատուհանից: Այլ սարքավորումներ գոյություն չունեն, որպեսզի մի քանի պատուհանում տեղադրվեն: Առկա սարքավորումների գնումը կատարվել է 2011 թվականին, 2012 թվականին ներկրվել է համապատասխան մրցույթը շահող կազմակերպության կողմից»,- ասաց Մնացական Բիչախչյանը: Հավելեց, որ առաջիկայում նախատեսվում է ավելացնել այդ սարքերի քանակը:

«Երբ որ արդեն նոր մրցույթ հայտարարվի (2017 թվականին ավարտվում է լեհական կողմի հետ պայմանագրի ժամկետը), և երբ որ նոր շահառուն հաղթի, ես նախատեսել եմ, որ բոլոր աշխատակիցների մոտ լինեն շարժական սարքավորումներ՝ հաշվի առնելով տարիների ընթացքում կուտակված փորձը. երբ մի քիչ ավելանում է դիմող քաղաքացիների քանակը, սկսում է հերթեր գոյանալ»:

Պաշտոնական տվյալների համաձայն, օրինակ 2016 թվականի ընթացքում թողարկվել է 141 հազար 829 հատ նույնականացման քարտ: Ընթացիկ տարվա առաջին 9 ամսիների ընթացքում՝ ընդամենը շուրջ 47 հազար 800: Այսինքն՝ չափազանց փոքր է հավանականությունը, որ մնացած երեք ամիսների ընթացքում ընդհանուր ցուցանիշը կարող է մոտենալ նախորդ տարվա ցուցանիշին:

Նշենք որ նույնականացման քարտի դեպքում պետական տուրքի չափը երեք հազար դրամ է: Այսինքն՝ քաղացին այդքան գումար է վճարում՝ նշված փասաթուղթը ձեռք բերելու համար: Մնացական Բիչախչյանը վստահեցրեց, որ նույնականացման քարտի նկատամամբ հետաքրքրվածության նվազումը չէ պատճառը, որ կառավարությունը որոշել է սոցփաթեթի շահառուների համար այն դարձնել պարտադիր. «Իրավասու մարմինները, որոնք նախաձեռնել են այդ փոփոխությունները, դիմեք իրենց, թե ինչով է պայմանավորված նույնականացման քարտ ունենալու անհրաժեշտությունը, բայց որ նվազման միտում լինելու պատճառով է, նման բան չկա: Միանշանակ այդպիսի խնդիր չի լուծվում»:

Իսկ պետբյուջեն բազմաթիվ այդ երեք հազար դրամներից չի «հարստանում»: «Նույնականացման քարտի դիմաց պետական վճարը մուտքագրվում է բյուջե եւ այդ գոյացած գումարից վճարում է կատարվում նույնականացման քարտ տրամադրող ընկերությանը՝ կապալառու կազմակերպությանը»,- ասաց անձնագրային եւ վիզաների վարչության պետը:

Նաև նշեց, որ մեծ քանակությամբ անձանց էլ նույնականացման քարտը տրամադրվում է անվճար. «Բացեք «Պետական տուրքի մասին» օրենքը, այնտեղ սահմանված է, որ 16 տարին լրացած այն անձը, ով չի ստացել հին նմուշի անձնագիր, առաջին անգամ նույնականացման քարտ նրան տրամադրվում է անվճար, աղքատության ընտանեկան նպաստ ստացողը նույնականացման քարտ ստանում է անվճար»:

Ի դեպ, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, նաեւ ընտանեկան նպաստ ստացողներից է պահանջվում պարտադիր գնալ և նույնականացման քարտ ստանալ մինչև հաջորդ տարվա հունվար, որպեսզի դրանից հետո էլ շարունակեն նպաստ ստանալ: Մնացական Բիչախչյանը նույնպես ասում էր, որ նույնականացման քարտ ստանալու համար նաև այդ սոցիալական խումբն է դիմում:»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս