Բաժիններ՝

Կարևոր է, թե ով է գրավում երեխայի ուշադրությունը

Կրթության ոլորտում այսօր ստեղծված իրավիճակը նման է խճանկարի (puzzle) կտորների, որի նկարը չունենք։ Մենք ունենք խճանկարի կտորները, փորձում ենք այն հավաքել, բայց քանի որ չունենք նկարը, չենք կարողանում հասնել ցանկալի արդյունքի։ Նման իրավիճակում կրթության համար առաջնային են դառնում երեք հիմնական հարցեր։

1. Ի՞նչն է կարևոր։ Ինչի՞ մասին պետք է սովորեցնել։

Կրթության համար հեռանկարը մարդու այնպիսի հմտությունների զարգացումն է, որոնք չեն կարող մեքենայացվել։ Օրինակ՝ ստեղծագործականությունը, քննադատական մտածողությունը, թիմային աշխատանքը, բանակցելու կարողությունը, տոկունությունը, և այլն։ Դրանց զարգացման միջոցով է միայն հնարավոր երեխաների համար ապագայում ապահովել աշխատատեղեր և նրանց փրկել բազմաթիվ աշխատանքների ավտոմատացման հետևանքներից։

Նոբելյան մրցանակակիր Ամարտյա Սենի կարողունակությունների տեսությունն այսօր շատ արդիական է դառնում։ Երբ շատ հստակ չգիտենք, թե ինչ սովորեցնենք երեխաներին, լավագույն լուծումը նրանց կարողունակությունների զարգացումն է, ինչը նրանց հնարավորություն կընձեռի ճկուն լինել և հարմարվել աշխատաշուկայի փոփոխություններին։

2. Ինչպե՞ս սովորեցնել։

Ինչպես սովորեցնելու հարցը նույնպես շատ կարևոր է։ Այսօրվա երեխաներն ուսուցման գործընթացում այլևս չեն կարող լինել հանդիսատես։ Ժամանակակից տեխնոլոգիական մշակույթը նրանց դարձրել է մասնակից։ Այսօրվա երեխաները «վարորդներ են, ովքեր չեն ուզում նստել ուղևորի նստարանին»։ Ուրեմն, ուսուցանելու նոր ձևերը պետք է լինեն ակտիվ, որպեսզի երեխաները կարողանան ներգրավվել։ Նոր ձևերը պետք է պարունակեն խորհրդավորության տարրեր, որպեսզի ուսուցումը դառնա խնդիրներ լուծելու գործընթաց։

3. Ինչպե՞ս մոտիվացնել երեխաներին։

Մերօրյա կրթության գլխավոր նպատակներից է երեխայի մոտ սովորելու նկատմամբ սեր առաջացնելը։ Գիտնականների կանխատեսումներից մեկն այն է, որ առաջիկայում մարդկանց զգալի մասը կյանքի ընթացքում մի քանի մասնագիտություն կամ մասնագիտացում է փոխելու։ Հետևաբար՝ կարևոր է, որ երեխաները դպրոցն ավարտեն ոչ միայն գիտելիքների ու հմտությունների որոշակի պաշարով, այլև սովորելու հմտություններով։

Սովորելը պետք է լինի կարիք, պահանջ։ Եթե դպրոցն ավարտում են գիտելիքի ծարավ ունեցող շրջանավարտներ, որոնց համար սովորելը նույնպիսի պահանջ է, ինչպիսին՝ ջուր խմելը, ապա մենք կունենանք լավ հասարակություն։ Մինչդեռ այսօր շատերը դպրոցից դուրս են գալիս գիտելիք ստանալու շատ ցածր ախորժակով և չյուրացված, չիմաստավորված ու, արդյունքում՝ կորսված տեղեկությունների ահռելի պաշարով։ Պատահական չէ, որ սովորաբար այս կամ այն առարկայի, օրինակ՝ Ֆիզիկայի վերաբերյալ ոչ թե ասում ենք՝ «Ֆիզիկա սովորել ենք», այլ ասում ենք՝ «Ֆիզիկա անցել ենք»։ Այսինքն՝ նպատակն անցնելն է, ոչ թե՝ սովորելը։

Նշված հարցերին պատասխանելու համար անհրաժեշտ է հասկանալ, թե ժամանակակից փոփոխություններն ինչպես են ազդում մեր ապրելակերպի և երեխաների վրա։ Մեզանում շատ քիչ է քննարկվում այն հարցը, թե ի՞նչ է տեղի ունենում երեխաների հետ, ինչպե՞ս է փոխվում նրանց կյանքը։

Տեղեկույթի առատություն

Տեղեկույթի առատությունն էապես փոխում է երեխաների կրթության կարիքները։ Երբ տեղեկույթի ծավալը մեծ չէր, երեխաները շատ ժամանակ ունեին այն գիտելիքի վերածելու։ Բայց հիմա տեղեկույթն այնքան շատ է, որ երեխաները դժվարանում են այն վերածել գիտելիքի։ Նման իրավիճակում անհրաժեշտ են կարևորը երկրորդականից զանազանելու հմտություններ։

Ավելին, ինտերնետային որոնողական համակարգերն արձանագրում են մեր հետաքրքրությունների շրջանակը և պարբերաբար մեզ ուղարկում այնպիսի տեղեկատվություն, որը մեզ հետաքրքրում է։ Սա խնդիր է այն առումով, որ մարդը ներփակվում է իր նեղ հետաքրքրությունների շրջանակներում և չի տիրապետում թեմայի ամբողջական ընկալմանը։ Այսինքն՝ համակարգչային ալգորիթմները մատուցում են միակողմանի տեղեկատվություն։

Տեղեկույթը դուրս է մղում գիտելիքը

Տեղեկույթի առատությունն ազդում է գիտելիքի վրա։ Խնդիրն այն է, որ տեղեկույթը յուրացնելու համար երեխայից մեծ ճիգեր չեն պահանջվում։ Մինչդեռ գիտելիքի յուրացումը երեխայից պահանջում է ճիգի գործադրում։ Ի տարբերություն տեղեկույթի՝ գիտելիքի յուրացումը երեխայից պահանջում է կենտրոնացում, կրկնելու կարողություն, մտածողության բարձրակարգ հմտություններ։ Երբ միջավայրն առաջարկում է դյուրամարս տեղեկույթ, շատ երեխաների համար գիտելիքի ձեռքբերումը դառնում է ոչ ցանկալի։

Գիտելիքի հասանելիություն

Նախկինում գիտելիքի փոխանցումը կենտրոնացած էր դպրոցում կամ համալսարանում։ Ներկայումս իրավիճակը փոխվում է։ Տեղի է ունենում գիտելիքի ժողովրդավարացում։ Եթե նախկինում գիտելիքը կենտրոնացած էր ուսումնական հաստատություններում, ապա ներկայումս այն դիֆուզվում է և ամենուր է։ Այս հանգամանքը կրթության ոլորտում առկա ասիմետրիկ հարաբերությունը որոշ առումով դարձնում է սիմետրիկ։ Եթե նախկինում միայն ուսուցիչը գիտեր, ապա ներկայումս երեխան նույնպես կարող է շատ գիտելիքներ ունենալ այն թեմաների մասին, որոնց ծրագրային ուսուցումը տեղի է ունենում շատ ավելի ուշ։

Եթե նախկինում կրթության համակարգն ուներ երեխաներին սովորեցնելու մենաշնորհ, ապա այսօր երեխաներին սովորեցնող ինդուստրիաների թիվն ավելացել է։ Երեխաներին սովորեցնում են նաև համակարգչային խաղերը, սոցիալական ցանցերը, սերիալները, և վերջապես՝ կյանքի իրողությունները։

Հետևաբար՝ կարևոր է, թե ով է առավել շատ ազդելու երեխաների վրա, ով է խլելու երեխաների ուշադրությունն ու ժամանակը։ Այս պահին կրթական համակարգը պարտվողի դերում է։ Բայց եթե երկարաժամկետ եղավ այս պարտությունը, ապա մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու մարդկային կապիտալ ձևավորելու, տնտեսություն զարգացնելու և պետքական մարդ ձևավորելու հարցերում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս