ՔԿՀ-ներում առողջապահական ծառայությունների մատուցումը չպետք է ենթակա լինի Քրեակատարողական վարչությանը. Եվրոինտեգրման հանձնաժողովն օրինագիծ է մշակում
ԱԺ Եվրոինտեգրման հանձնաժողովը նոր օրինագիծ է մշակում, որ քրեակատարողական հիմնարկներում առողջապահական ծառայությունների մատուցումը ենթակա չլինի Քրեակատարողական վարչությանը, այլ գործի եվրոպական մոդել` այն լինի Առողջապահության կամ Արդարադատության նախարարության իրավասության ներքո: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ նախագծով սահմանվելու է, թե ինչ առաջին անհրաժեշտության դեղորայք պետք է լինի ՔԿՀ-ում:
«Դեղորայքի ցանկը պետք է վերանայվի, որովհետև շատ հին համակարգով են աշխատում` անալգին-դիմեդրոլով ավարտվում է ամբողջ պատմությունը: Պետք է բերվի եվրոպական ստանդարտների, թե ինչ դեղորայք պետք է լինի կալանավայրերում, ոչ թե կալանավայրի բժիշկը վերցնի վալերիանկայի խոտը, խառնի այլ բանի հետ տնայնագործական պայմաններում, որպեսզի ինչ-որ մի բան ստանա, որովհետև մարդը ցավեր ունի, և պետք է այդ խնդիրը կարգավորել: Սա շատ լուրջ բարեփոխումներ է նախատեսում, բաց առաջին քայլով պետք է այդ հիմնարկությունը չլինի ՔԿՀ ենթակայության տակ, քանի որ այստեղ շահերի բախում կա: Երբ ՔԿՀ հիմնարկի ենթակայությունից դուրս կգան, այդ ժամանակ կքննարկենք նաև մնացած քայլերը»,- ասաց Ն.Զոհրաբյանը:
Նա նշեց, որ երկուշաբթի օրվանից հանձնաժողովի անդամներն այցելելու են քրեակատարողական հիմնարկներ և դատապարտյալների հիվանդանոց, որտեղից լուրջ ահազանգեր են եղել:
«Եթե բժիշկը ենթարկվում և ֆինանսավորվում է Քրեակատարողական վարչության հաստիքացուցակի կողմից, ապա այստեղ շահերի բախում ենք տեսնում: Նաև բազմաթիվ ահազանգեր կան կալանավորների կողմից, որ բժիշկը, որը պիտի տա տեղեկատվություն դատապարտյալ հիվանդի իրական վիճակի վերաբերյալ, որ նա պիտի տեղափոխվի, օրինակ, դատապարտյալների հիվանդանոց, կաշկանդվելով իր Քրեակատարողական վարչության վերադասից՝ շահերի բախումն առաջացնում է որոշակի նեգատիվ խնդիրներ»,- ասաց Ն.Զոհրաբյանը: