«Ընտրությունների ժամանակ համատարած հիվանդություններ են սկսվում Հայաստանում. մարդիկ չեն տեսնում ու չեն լսում»․Վիգեն Խաչատրյան

«Տեղական ինքնակառավարման համակարգի խնդիրները մեզ մոտ ի սկզբանե վիճահարույց են եղել։ Իրականում, որքան հզոր լինի տեղական ինքնակառավարումը, այնքան ճկուն կլինի երկիրը, բայց մեզանում դեռ խնդիր կա, որովհետև հանրային միջոցների 10%-ն է տնօրինում տեղական ինքնակառավարման համակարգը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ ընդգծելով, որ դեռ պահպանվում է նախկին դրվածքը, որ ՏԻՄ-երը հանդիսանում են կենտրոնական իշխանության շարունակությունը։

Նրա խոսքով՝ ՏԻՄ-երի ձևավորումը պետք է բերեր նրան, որ մարդիկ չտարվեին իշխանություններով, իրենք իրենց հարցերը լուծեին. «Կենտրոնացված կառավարման հոգեբանություն է տիրում, վստահություն չկա դեպի անհատը։ Ես շատ կարճ ժամանակ մարզպետ եմ եղել, բայց չէի կարողանում հասնել նրան, որ յուրաքանչյուր գյուղապետարան ներկայացներ, թե ինչպե՞ս է ձևավորվում գյուղի բյուջեն, ով ինչքա՞ն հարկ է վճարում, ո՞վ է  խուսափում, և այլն: Սա մարդկանց չի հետաքրքրում, մենք էլ չենք նպաստում դրա առաջացմանը: Ցանկացած գյուղացու որ հարցնեք, թե իրենց գյուղն ի՞նչ միջոցներ ունի, չեն պատասխանելու, որովհետև չգիտեն, չի էլ ասվում: Մարդիկ պետք է հասկանան, որ ինքնակառավարում նշանակում է՝ պատասխանատու լինել տարածքի հարցերի համար: Իսկ հիմա այսպես է՝ ո՞ւմ լիազորենք, որ մեր հարցերը լուծի: Այս ժամանակ է, որ գլուխ է բարձրացնում կրիմինալը: Պայքարը գնում է ուրիշ բանի համար՝ ո՞վ կօգտվի իշխանության լծակներից»։

Խաչատրյանն ընդգծեց՝ ժողովրդավարությունը մեզնում ընկալվել է՝ որպես ընտրության համակարգի կիրառում. «Մեզանում ժողովուրդը գործիք է, որն օգտագործվում է ընտրության օրը, բայց հասարակությունն օտարված է կառավարման խնդիրներից։ Իշխանությունը ՏԻՄ-երը դիտարկում է՝ որպես պլացդարմ, որտեղ հերթական անգամ ինքը կապահովի իր վերարտադրությունը»։

Ինչ վերաբերում է նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին, նա ասաց, որ ամեն ինչ ինչպես կար, այնպես էլ մնաց։ Գորիսի քաղաքապետի ընտրության վերաբերյալ նա հետևյալն ասաց.

Կարդացեք նաև

«Այդ երիտասարդն ընտրատեղամաս եկավ Բուդաղյան եղբայրներից մեկի հետ։ Այսինքն՝ երկու կլանի պայքար է․ Բուդաղյանների, որի մի ներկայացուցիչը սպանվեց Սուրիկ Խաչատրյանի բակում։ Այդ երիտասարդը պատահական չեկավ Բուդաղյանի հետ։ Երևի համաձայնության են եկել, որ պարտք կա այդ կլանին տալու»։

Հիշեցնենք, որ Գորիսում կիրակի օրը տեղի ունեցած քաղաքապետի ընտրությանը հաղթել է 26-ամյա Առուշ Առուշանյանը՝ ստանալով 12. 945 քվե կամ ձայների 99,57%-ը։

Խաչատրյանի խոսքով՝ պետական նոր համակարգը ենթադրում է նոր ինստիտուտներ, ընտրությունների համակարգը փոխվում է իր ձևով․ «Օրինակ՝ լավ բան է, չէ՞, որ մարդը լավ չի տեսնում, բայց ուզում է քվեարկել, նրան օգնում են։ Բայց այդ լավ բանը վատ է օգտագործվում։ Գալիս՝ ասում են՝ ես չեմ տեսնում, չեմ լսում, և պարզվում է, որ ընտրությունների ժամանակ համատարած հիվանդություններ են սկսվում Հայաստանում․ մարդիկ չեն տեսնում ու չեն լսում, 60 տարեկանը 90 տարեկանի նման է գնում ընտրության»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս