Բաժիններ՝

«Դա մոլորություն է». Ատոմ Մարգարյան

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի գնահատմամբ՝ 2018թ. պետական բյուջեի նախագիծն իրատեսական է, թեև ըստ նրա՝ կառավարությունն ունի կարճաժամկետ կյանք, ինչն ազդել է բյուջեի նախագծի վրա։

«Դուք հիշում եք, որ, երբ նախորդ տարվա աշնանը Կարեն Կարապետյանը հանձնառեց կառավարության ղեկավարի պատասխանատվությունը, դիմացն ընտրություններ էին, և ասում էին, որ կարճաժամկետ կյանք ունի կառավարությունը, այդպես էլ եղավ։ Այսօր էլ անընդհատ մեջբերվում է 2018թ. ապրիլի խնդիրը, և այս գործոնն ազդել է բյուջեի վրա։ Կառավարությունը ներկայացրել է բավականին կոնսերվատիվ, զուսպ, ծախսերի առումով՝ կրճատված բյուջե, ինչ-որ տեղ ես այն կանվանեի հակասոցիալական բյուջե։ Եկամուտների մասով բյուջեն բավական ագրեսիվ է, հավակնոտ, սակայն՝ ձևավորված տենդենցը շարունակող»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց նա։

Ատոմ Մարգարյանի խոսքով՝ պետական ապարատն ուռճացված է, և ըստ նրա՝ առնվազն 20%-ով պետք է այն կրճատվի.

«Ընդհանրապես, արժեք չստեղծող, ՀՆԱ-ի աճ չապահովող երեք ոլորտ կա՝ ռազմական, որի հատկացումները ստիպված ենք ավելացնել, պետական ապարատը և սոցիալական հատկացումների ոլորտը։ Մենք տեսնում ենք, որ սոցիալական ոլորտի ճյուղերի մասով կա կրճատում, բայց կրթությունն ու առողջապահությունն ավելացված արժեք ստեղծող ճյուղեր են։ Այստեղ թույլ է տրվել կոնցեպտուալ սխալ, երբ հայտարարվում է, որ կրճատելով կրթության և գիտության, նաև՝ առողջապահության հատկացումները, մենք կունենանք միջնաժամկետ տնտեսական աճ. դա մոլորություն է։

Երբ խոսվում է ներդրումների մասին, ներդրողները նայում են, թե արդյո՞ք տվյալ կառավարությունը դրսևորում է ռազմավարական վարքագիծ։ Այդ վարքագիծը հենց երևում է այս ոլորտների ներդրումներով։ Եթե այդտեղ չկա դինամիկա, ներդրողները վերապահ են»։

Տնտեսագետի խոսքով՝ կապիտալ ծախսերի որոշ մասը կարելի է կրճատել. «Թող ենթադրենք՝ Երևան-Սևան ավտոճանապարհը քիչ հատկացում ստանա, բայց մի քանի միլիարդ կարելի է վերցնել և վերաբաշխել։ Այդտեղ որևէ պրոբլեմ չի ունենա կառավարությունը։ Ոլորտներում կա կոռուպցիա, ինչը նոր չէ։ Ստվերն ու կոռուպցիան մեր երկրի աքիլեսյան գարշապարն են։

Այո, այս կառավարությունը որոշակի հակաստվերային քայլեր անում է, որոշակի աճ կա, բայց պետք է ավելի հեռուն գնալ։ Ապօրինի հարստացման քրեականացման դրույթը շատ լավ է, բայց չի երևում, որ կա այդպիսի բուռն ցանկություն՝ գնալ կոռուպցիոներների հետևից»։

Մարգարյանի դիտարկմամբ՝ կոռուպցիան այսօր համակարգային երևույթ է, կլանում է ահռելի ռեսուրսներ. «ՀՆԱ-ի առնվազն 10%-ը կոռուպցիոն շրջանառություններն են՝ կաշառքների, ատկատների ձևով, տարբեր տեսակի նվիրատվությունների ձևով»։

Նրա խոսքով՝ եթե որոշակի ստվերային եկամուտներ երևակում՝ բերում ես բյուջե, դրան զուգահեռ՝ պետք է որոշակիորեն հարկադրույքներն իջեցնես. «ԵՏՄ երկրներն այս ուղղությամբ քայլեր են անում, պետք է նայենք նրանց, այլապես ներդրողները մեզ չեն հասկանա։ Եվ երկարաժամկետ առումով այս բյուջեն այդքան լուրջ զարգացման խնդիրներ չի դնում։ Կարող է որոշակի շարժ լինել, բայց ժամանակի ընթացքում դա կերևա»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս