Մուն Չժե Ինն անսպասելիորեն ժամանել է ամերիկյան ռազմակայան՝ անձամբ դիմավորելու Թրամփին
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը նոյեմբերի 7-ին երկրում գտնվող ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին դիմավորել է Քեմփ Համֆրիզ ամերիկյան ռազմակայանում: Այդ օբյեկտ հարավկորեական պետության ղեկավարի ժամանումը վաղօրոք չէր հայտարարվել եւ անակնկալ է դարձել բոլորի համար։
Նախագահները միմյանց ձեռք են սեղմել եւ մտել են ճաշարան, որտեղ ճաշել են երկու երկրների զինծառայողների ընկերակցությամբ: Սա առաջին դեպքն է Հարավային Կորեայի պատմության մեջ, երբ երկրի նախագահն այլ պետության ղեկավարին ողջունում է ոչ Սեուլի իր Չհոնվադե նստավայրի տարածքում:
«Այսօր պատմական օր է, երբ Կորեայի Հանրապետության եւ ԱՄՆ-ի նախագահներն առաջին անգամ հանդիպեցին Հարավային Կորեայում ամերիկյան ռազմակայանում, որպեսզի ոգեւորեն անձնակազմին»,- ասել է Մուն Չժե Ինը: Նա շնորհակալություն է հայտնել բոլոր զինծառայողներին, նշելով, որ նրանք ԱՄՆ-ի եւ Կորեայի Հանրապետության ռազմական դաշնքի հիմքն են: «Եկեք միասին աշխատենք Կորեական թերակղզում եւ Հյուսիսարեւելյան Ասիայում խաղաղության հաստատման ու բարգավաճման համար»,- ասել է նախագահը:
Թրամփի դիմավորման պաշտոնական արարողությունն ավելի ուշ տեղի կունենա մայրաքաղաք Սեուլում, որտեղ կկայանան նրա բանակցությունները Մուն Չժե Ինի հետ: Թրամփը նոյեմբերի 7-ին պետական այցով ժամանել է Կորեայի Հանրապետություն: ԱՄՆ-ի ղեկավարի ինքնաթիռը վայրէջք է կատարել Սեուլից մոտավորապես 60 կմ հեռավորության վրա գտնվող Օսանայի ամերիկյան ռազմաօդային բազայում:
Ժամանումից անմիջապես հետո Թրամփն ուղղաթիռ է նստել եւ ուղեւորվել Փյոնտհեկ քաղաքում ԱՄՆ-ի Քեմփ Համֆրիզ նոր ռազակայան: Սպասվում է, որ Հարավային Կորեա այցի գլխավոր թեման կդառնա ԿԺԴՀ-ի հրթիռամիջուկային խնդիրը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Կորեայի Հանրապետության միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի հարցը: Վերջին անգամ Սպիտակ տան ղեկավարն այդ երկիր պետական այց է կատարել քառորդ դար առաջ: Այն ժամանակվանից ԱՄՆ-ի ղեկավարներն աշխատանքային այցեր էին կատարում հանրապետություն:
Հարավային Կորեա Թրամփի ուղեւորությունը Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նրա շրջագայության բաղկացուցիչ մասն է: Սպիտակ տունը չի թաքցնում, որ ուղեւորության գլխավոր նպատակը, որը կավարտվի նոյեմբերի 14-ին, Փենյանի վրա դիվանագիտական ու տնտեսական ճնշումն ուժեղացնելու շուրջ պայմանավորվելն է, որպեսզի զսպվեն նրա միջուկային հավակնությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: