Խոսրովի առեղծվածային հրդեհը. անտառը սկսել է այրվել «հակահրդեհային միջոցառման» ժամանակ. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Խոսրովի անտառում օգոստոսի 12-ին բռնկված եւ մեկ շաբաթ անց մարված հրդեհի իրական պատճառը դեռ հայտնի չէ: ՀՀ քննչական կոմիտեում ստեղծված քննչական խումբը դեռ նախաքննություն է իրականացնում: Կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ նախաքննությունը շարունակվում է, կա մեկ մեղադրյալ, որը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակից է:
Վերջինիս խափանման միջոցն ընտրվել է ստորագրություն քաղաքից չբացակայելու վերաբերյալ: Ավելի վաղ էլ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ բնապահպանության նախարարությունից իրենց փոխանցված արբանյակային լուսանկարի բնօրինակն է պահանջել եւ նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Վարույթն իրականացնող մարմինը «Հայանտառ»-ի աշխատակցին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ եւ 297-րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված հանցանքը կատարելու մեջ: Մեղադրանքներից առաջինը պատիժ է նախատեսում գույքն անզգուշությամբ վնասելու եւ ոչնչացնելու համար, որը կատարվել է կրակի կամ առավել մեծ վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերվելու հետեւանքով կամ առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել: Երկրորդ մեղադրանքն առաջադրվել է անտառներ, ինչպես նաեւ անտառային ֆոնդի մեջ չմտնող տնկարկներ ոչնչացնելու կամ վնասելու համար, որը կատարվել է կրակի, պայթուցիկ նյութերի կամ առավել վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերմունքի արդյունքում:
Ըստ հարուցված գործի հոդվածների, ստացվում է, որ Քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը հակված է այն տեսակետին, որ «Հայանտառ»-ի աշխատակցի անփութության հետեւանքով է առաջացել հրդեհը:
Ինչպես հայտնի է Խոսրովի անտառը սկսել է այրվել Արարատի մարզի Ուրցաձոր գյուղին հարող հատվածից: Հրդեհից ժամեր անց արբանյակից արված նկարահանումն էլ փաստել է, որ կրակի 3 օջախ է եղել, որոնք իրարից հեռու են եղել 3-ից 4 կիլիոմետր: Գրեթե իրատեսական չէ, որ մի մարդ անզգուշությամբ անտառի մի հատվածը հրդեհի, հետո անցնի 3 կիլոմետր ճանապարհ ու նորից անզգուշությամբ հրդեհի եւ վերջում մի անգամ էլ անցնի նույնքան ճանապարհ ու կրկին անզգուշությամբ հրդեհի: Մեկ այլ տարբերակ էլ կարող էր քննարկման առարկա դառնար, եթե ենթադրենք միառժամանակ անտառի 3 տարբեր վայրերում 3 տարբեր մարդիկ խորոված անելու նպատակով խարույկ վառած լինեին եւ երեք դեպքն էլ դուրս գար վերահսկողությունից, ինչը, սակայն նույնպես քիչ հավանական տարբերակ է:
Չի կարելի բացառել հրդեհը դիտավորության արդյունք է, ու դրա դրա համար կան հիմնավոր կասկածներ:
Հնարավոր վարկածները եւ հրդեհի իրական պատճառը հասկանալու համար այցելեցինք Արարատի մարզի Ուրցաձոր համայնք: Գյուղացիների եւ մեր զրույցի առանցքը գյուղացիներին անտառ չթողնելու հարցն էր: Հրդեհի մասին բոլոր հարցերից հետո գյուղացիները խոսում էին բանջար հավաքելու արգելքի մասին:
Սակայն համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը անտառը գյուղացիների կողմից հրդեհելու վարկածը ոչ միայն անհիմն է համարում, այլ՝ կտրականապես բացառում է: «Որ ասում են գյուղացիները գնացել, հրդեհել են, մտքներիցդ հանեք: Հակառակը՝ որ հրդեհվել է, ժողովուրդն ասել է՝ ով որ խոտ է հնձում, որս է անում, թող նա էլ գնա եւ հանգցնի, մենք չենք գնա հրդեհ հանգցնելու: Սա է եղել, թե չէ գյուղացին գնա, պաժառ տա, հեքիաթներ են»,- մեր զրույցում ասաց համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը:
Գյուղում գտնվելու ժամանակ այցելեցինք Խոսրովի անտառի հրդեհի ենթադրյալ մեղավորին՝ Պետիկ Հովհաննիսյանին: Վերջինս «Խոսրովի անտառ արգելոց» ՊՈԱԿ-ի տեղամասի նախկին պետն է, հրդեհից հետո նրան ազատել են աշխատանքից: Պետիկ Հովհաննիսյանին հանդիպեցինք տուն գալու ժամանակ, սակայն նա կտրուկ մերժեց հարցազրույց վերցնելու մեր առաջարկը, ապա մի փոքր ուշ՝ խոսելով փաստաբանի հետ վերահաստատեց իր մերժումը: «Խոսրովի անտառ արգելոց»-ի նախկին աշխատակիցը խոսափեց նույնիսկ իր փաստաբանի անունն ասելուց:
Այդուհանդերձ armtimes.com-ին հայտնի դարձավ, որ հրդեհի հիմնական մեղավորը միայն Պետիկ Հովհաննիսյանը չէ: Պարզվում է, որ «Խոսրովի անտառ արգելոց» ՊՈԱԿ-ի այլ՝ ավելի բարձրաստիճան պաշտոնատար անձինք էլ կապ ունեն այս հրդեհի բռնկման հետ:
Մեր տեղեկություններով՝ հրդեհից առաջ տեղամասի պետին հանձնարարավել է արգելոցի տարածքում խոտհունձ կազմակերպել, որն արգելված է: Հովհաննիսյանը չի ցանկացել ամռան տապին չորացած խոտը քաղել, սակայն նրա առաջ պայման են դրել՝ կամ կքաղես կամ կազատվես աշխատանքից: Իսկ խոտ քաղելն արդարացնելու համար միջոցառման անունը դրել են՝ հակահրդեհային միջոցառումների անցկացում: Իբրեւ թե՝ չոր խոտը քաղում են ճանապարհի եզրերից, որպեսզի հրդեհի բնկման պատճառ չդառան:
Հովհաննիսյանը այլընտրանք չունենալով՝ սկսել է խոտը քաղել, որի ընթացքում քաղող սարքից կայծ է թռել եւ միանգամից այրվել է նախորոք քաղված եւ կուտակված չոր խոտը: Անտառից խոտ քաղելը եւ վաճառելը լուրջ բիզնես է, որն այս տարվա երաշտի պայմաններում շատ շահութաբեր կլիներ:
Հրդեհը մեծ թափ է հավաքել այն պատճառով, որ հրդեհին այդքան էլ լուրջ չեն վերաբերվել ԱԻՆ-ում: Մեր անանուն աղբյուրը պատմեց, որ եթե ժամանակին մեծ քանակի տեխնիկա հասնեին Ուրցաձոր, ապա հրդեհը չէր տարածվի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: