
Նոր կյանքի նախկին գյուղապետն ու մանկապարտեզի նախկին տնօրենը հայտնվել են դատարանում. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արարատի մարզի Նոր կյանքի նախկին գյուղապետ, այժմ Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Մայիս Աբրահամյանը եւ Նոր կյանքի մանկապարտեզի նախկին տնօրեն Քնարիկ Ամիրյանը հայտնվել են դատարանում:
Նոր կյանքի գյուղապետը արդեն մի քանի ամիս է դատական կարգով առանձին-առանձին բողոքարկում է ոստիկանության Արարատի բաժնի կողմից կայացված երկու որոշումները:
Գարիկ Սարգսյանի փաստաբան Ռուսամ Բադասյանն armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ այսօր Վայոց ձորի եւ Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը Վեդի) երկու գործով էլ նիստ է կայացել: «Այսօր դատարանում քննարկվում էր քրեական գործ չհարուցելու երկու որոշում: Մեկը վերաբերվում էր ավագանու նիստերի արձանագրությունները կեղծելու եւ պաշտոնական լիազորություններն անցելու վերաբերյալ մեր հայտնած տվյալների հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվելուն:
Նախորդ դատական նիստը չէր կայացել, քանի որ շահագրգիռ անձինք պետք է ներգրավվեին: Այդ դեպքում նախկին համայնքապետ Մայիս Աբրահամյանն էր, որն այսօրվա դատական նիստին ներկայացել էր, իր դիրքորոշումը հայտնեց բողոքի վերաբերյալ»,- ասաց Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ ինքը միջնորդել էր, որպեսզի դատական նիստն անցներ դռնփակ ռեժմիով: Փաստաբանն իր այս միջնորդությունը պայմանավորեց նրանով, որ եթե քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացվի, նոր քննություն ընթանա, ապա ներկայիս հնարավոր հրապարակայնությունը հետագայում կխանգարի նախաքննությանը:
Անդրադառնալով դատավարական հսկողություն իրականացրած դատախազի դիրքորոշմանը, փաստաբանը տարակուսանք հայտնեց:
«Վերջինս նշում էր, թե ի՞նչ կապ ունի՝ գյուղապետն ոււմ է օտարել համայնքի գույքը: Իր դստե՞րը, կնոջը, թե՞, օրինակ՝ Պողոսին: Կարծում եմ՝ նույնիսկ մեկնաբանության կարիք չունի, թե ինչ կարեւոր նշանակություն ունի այն հանգամանքը, թե պաշտոնատար անձն ում է օտարել հողամասը: Դա քրեական գործով առանցքային նշանակություն ունեցող փաստ է, որն ուսումնասիրության կարիք ունի: Հենց դրանով է հիմնավորվում, թե արդյո՞ք մարդը կարող էր ունենալ շահագրգռվածություն ավագանու նիստն անցկացնելու, չանցկացնելու, կեղծելու մասով»,- ասաց Ռուստամ Բադասյանը՝ պնդելով, որ քրեական գործը պետք է հարուցված լիներ եւ չպետք է ոստիկանությունը բավարարվեր ավագանու անդամների բացատրություներով, այլ պետք է հարուցվեր քրեական գործ եւ դատաձեռագրաբանական մի շարք փորձաքննություններ անցկացվեր՝ պարզելու համար, թե արդյո՞ք ավագանու անդամներն իսկապես ստորագրել են ավագանու արձանագրությունների տակ:
Բադասյանն նկատում է, որ Մայիս Աբրահամյանի եւ Քնարիկ Ամիրյանի նախկին գործունեության վերաբերյալ կատարված բացահայտումներից հետո միայն Քնարիկ Ամիրյանի մասով քրական գործ հարուցվեց, դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակվեց, իսկ Մայիս Աբրահամյանի մասով՝ ոչ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: