Գյումրի քարածուխ է բերվելու
168.am-ն անդրադարձել էր Գյումրիում վառելափայտի խնդրին: Նշել էինք, որ Գյումրի վագոններով ածուխ է բերվելու, սակայն այն նախատեսված է 102-րդ ռուսական ռազմաբազայի համար: Մեր հրապարակումից որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ բնակչության համար Գյումրի 5 վագոն ածուխ է բերվելու:
Գյումրու Երկաթգծի կայարանի տնօրեն Վահան Գասպարյանը մեզ հետ զրույցում հաստատեց այս լուրը:
«Վագոնները Կավկասում են կանգնած, դեռ այնտեղից չեն շարժվել: Յուրաքանչյուր վագոնում 65 տոննա ածուխ է լինելու: Գնային քաղաքականությունն էլ դեռ պարզ չէ: Անհատ է բերելու, ինքն է որոշելու գնային քաղաքականությունը»,- նշեց Վահան Գասպարյանը:
Նշենք, որ քաղաքում և, ընդհանրապես, Շիրակի մարզում վառելափայտի վաճառք գրեթե գոյություն չունի:
ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդևան Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում խոստացավ ՀՀ ԱԺ-ում անդրադառնալ վերը նշված հարցին:
«Պիտանի ծառերի հատումը չի թույլատրվում: Եթե անում էլ են, շատերն անօրինական են անում: Անօրինական ծառահատումները խիստ պատժելի են: Լուրջ վերահսկողություն է սահմանվել: Գուցե սանիտարական հատման ծառերից ստացված վառելափայտի որոշ քանակ ուղարկենք Գյումրի վաճառքի: Այս հարցով կարող է զբաղվել նաև Գյումրու քաղաքապետարանը, որովհետև իրենք են սոցիալապես անապահով ընտանիքներին ձմռան վառելիք հատկացնում: Ի՞նչն է պատճառը, որ իրենք չեն հետաքրքրվում՝ կառավարության առաջ հարց բարձրացնեն»,- նշեց մեր զրուցակիցը:
Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության, վառելափայտի վաճառք իրականացնելու է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայության տակ գտնվող «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, որտեղից էլ հնարավոր է վառելափայտ ձեռք բերել։
Ինչ վերաբերում է քարածխի ներկրմանը, ապա այս խնդիրը դուրս է ՀՀ բնապահպանության նախարարության լիազորությունների շրջանակից:
Հավելենք, որ ՀՀ բնապահպանության նախարարության հովանու ներքո ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակներում կազմակերպվում է միջոցառումների շարք, որի նպատակն է՝ բարձրացնել հանրության իրազեկվածությունն էներգախնայող և բնությանը քիչ վնաս հասցնող լուսավորության, տների ջեռուցման լուծումների վերաբերյալ, ինչպես նաև իրականացնել ծրագրեր՝ ազգաբնակչությանն այլընտրանքային էներգիայով և ջերմությամբ ապահովելու նպատակով։
Սակայն այլընտրանքային, արևի էներգիայի օգտագործումը և արևային մարտկոցների տեղադրումը ոչ բոլորին են հասանելի:
Անահիտ Սիմոնյան