«Ցավալի միտումներ կան, որոնք հաջորդ տարվա բյուջեն շարունակում է». Աշոտ Խուրշուդյան
Հարցազրույց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խուրշուդյանի հետ
– Պարոն Խուրշուդյան, 2018 թվականի բյուջեի մասին իշխանությունն ասում է, որ սա կայունացնող և ապագայում աճի համար հիմքեր ստեղծող բյուջե է, իսկ ընդդիմությունը պնդում է, որ այն աղքատությունն ավելի խորացնող բյուջե է: Ձեր գնահատականն ինչպիսի՞ն է, և ըստ Ձեզ՝ այս բյուջեն ի՞նչ ազդակ, մեսիջ ունի:
– Երկու դեպքում էլ ամբողջ հարցը ժամկետներն են, թե ինչ ժամկետների մասին ենք խոսում: Ցավալի միտումներ կան, որոնք հաջորդ տարվա բյուջեն շարունակում է, և միջնաժամկետ ծախսերի ծրագրով են այդ միտումները կանխորոշվել: Դա, օրինակ, երկարաժամկետ մարդկային կապիտալի ներդրման, մասնավորապես, կրթության, գիտության ոլորտի ֆինանսների նվազումն է: Եթե բյուջեն բացենք, այնտեղ հարյուրավոր գործողություններ կան, որ պետք է արվեն, և ամեն ինչը հպանցիկ գրվում, գրվում է, մեկ փաթեթով հաստատվում է, և հետո մոռանում ու անցնում են հաջորդ բյուջեին:
Այս տարի պետք է ծրագրային բյուջետավորում լիներ, բայց որոշվեց հետաձգել, այսինքն՝ դեռ պատրաստ չենք դրան, իսկ արդյունքների մասին, եթե կառավարությունը պատրաստ չէ խոսել, և խոսում է միայն, թե ինչ պետք է արվի՝ չխոսելով, թե այդ գործողության արդյունքում ինչ ենք ստանալու, ապա եկեք ոչ մի գնահատականի էլ չհավատանք: Կամ բյուջեում պետք է էական հիմնավորում լիներ, թե մյուս տարի ինչպես է այն փոխվելու, որովհետև կարդալով փաստաթուղթը, այն տպավորությունն է, որ մյուս տարի էլ չի ներդրվելու ծրագրային բյուջետավորում։ Այսինքն՝ արդյունքների մասին խոսակցությունը միշտ հետաձգվելու է և այդպես էլ տեղի չի ունենալու։ Կրթության վերաբերյալ դիտարկումս հենց դրա մասին է, որ բյուջեի շուրջ բովանդակային, որակական քննարկում, ցավոք, չկա։
Մենք տասնյակ տարիներ բյուջեն վեր ենք ածում թվերի, աղյուսակների, խոսում ենք թվերի մասին՝ առանց խոսելու դրա ներքին կառուցվածքի մասին։ Մենք չենք խոսում այն մասին, թե ինչպես ստացվեց, որ նույն կրթության ոլորտին այդքան գումարներ են հատկացվում, բայց որակյալ կրթություն չենք ստանում։ Մենք պետք է մեզ իրոք հեռացնենք այս բուջետային թվային խոսակցությունից և որակական քննարկումների դաշտ գանք։
Ավելին, նոր Սահմանադրությամբ նման վերահսկողական գործառույթ Ազգային ժողովն ունի, և ես կարող եմ մաքսիմում կոչ անել ԱԺ հանձնաժողովներին, որ այս բյուջեում գրված ցանկացած մեկ միջոցառում դառնա մեկ օրվա հաշվետվության պահանջ հաջորդ տարի, և քննարկեն ստացված կամ չստացված արդյունքները։ Պարզապես լսել, թե ինչքան փող է գրվել ու ծախսվել, և ցտեսություն ասել, չի կարող լինել։ Մենք պետք է դուրս գանք այդ շրջապտույտից։
Բյուջեի կառուցվածքի առումով շատ մտահոգիչ միտումներ կան, մեկը, ինչպես նշեցի, կրթության անկումն է, մյուսը՝ պետությունը սկսում է բիզնեսին ավելի շատ աջակցել սուբսիդավորման մեխանիզմով։ Այսինքն՝ մենք բյուջեն վեր ենք ածում կորպորացիաների աջակցության միջոցի։ Անվտանգությունը, Ոստիկանությունը, ըստ էության, պահում ենք, որովհետև հասկանում ենք դրանց կարևորությունը, բայց էականորեն զոհաբերում ենք բյուջեում սոցիալական այլ գործառույթներ։
– Այդ պետական աջակցությունը բիզնեսին կնպաստի՞ զարգացմանը, ընդհանրապես բյուջեում տնտեսական զարգացմանը նպաստող հիմքեր տեսնո՞ւմ եք։
– Միայն կարճաժամկետ, որովհետև, եթե այդ ոլորտը մրցունակ չէ, փողը տալիս ենք, որ մրցունակ դառնա, դա միայն կարճաժամկետ ազդեցություն է ունենում։ Մենք մինչև հիմա չենք ստացել 500 մլն ռուսական վարկի, որի մոտ կեսը որպես վարկ տրվեց մասնավոր հատվածին, արդյունավետության հաշվետվությունը, թե ինչքանով էր արդյունավետ բյուջետային միջոցները մասնավորին տալը։
Մեր օրակարգում այսօր այդ խնդիրը, որ բյուջեն մասնավորին գումար է տալիս, շատ լուրջ է։ Մենք կարծես վերադարձած լինենք 90-ականներ, երբ էմիսիոն վարկերով փորձում էինք տնտեսություն պահել։ Այդ ժամանակները վաղուց անցել էին, բայց նորից վերադառնում ենք այդ մտածողությանը, որ բյուջեով կարելի է տնտեսություն զարգացնել։ Դա շատ վտանգավոր գիծ է։ Ես չէի տա նման գնահատական, եթե նախադեպը չունենայինք, բայց մենք ունենք նախադեպ, և ես չեմ տեսնում այդ նախադեպի գնահատական։
Եթե ցույց տրվի էական դրական գնահատական, կասեմ՝ լավ, ուրեմն աշխատում է այդ մեխանիզմը, բայց քանի որ ոչ մի գնահատական չի հնչում, կարող եմ ենթադրել, որ բավականին բացասական արդյունքներ են ունեցել այդ ծրագրերը։ Այսինքն՝ մասնավորին տրված գումարները ոչ մի էական դրական ազդեցություն չեն թողնում։
– Եվ կառավարությունը նորից գնում է մասնավորին սուբսիդավորելու ճանապարհով։
– Այո, նորից փորձում են աջակցել, և այլ հարց է, թե ում են աջակցում, ում՝ ոչ, այսինքն՝ հավասարության խնդիրը և քավոր-բարեկամներն էլ լրիվ ուրիշ հարց է։ Բայց այս թեմաներն այնքան հստակ պետք է լինեն, որ ցանկացած տնտեսվարող իմանա, որ ինքը շանս ունի աջակցություն ստանալու, իսկ եթե այդ սխեմաները չկան, նոր հարցեր են ծագում մեխանիզմների մասին։
– Սահմանադրական փոփոխություններից հետո հաջորդ տարի ամբողջությամբ անցնում ենք խորհրդարանական կառավարման, և պետական համակարգում էական փոփոխություններ են լինելու, 5500 հաստիքներ են կրճատվելու։
– Այդ 5500 հաստիքների կրճատումը, կարծես, ավտոմեքենաների կրճատման պատմությունը կրկնվի, որ պարզվեց՝ դուրս գրված և չգործող ավտոմեքենաներն են կրճատել։ Նույնն այս դեպքում է։ Ես չգիտեմ՝ այդքան աշխատատե՞ղ է կրճատվելու, թե՞ հաստիք։ Այստեղ ուրիշ անկյունաքարային խնդիր կա՝ եթե քաղծառայության համակարգն արդյունավետ չի աշխատել, մենք այդ գնահատականը չենք լսում, օրակարգում պետք է դնենք Քաղծառայության հանձնաժողովի արդյունավետությունը, այսինքն, ըստ էության, այն մարմինը, որը կոչված էր որակ ապահովելու, պրոֆեսիոնալիզմ մտցնելու և բարձրացնելու քաղծառայության աշխատանքը, իր գործունեությունն ամբողջությամբ տապալել է։
Եվ այսօր օրակարգում այդ հարցը պետք է դրված լիներ, թե ինչու միլիոններով ներդրված քաղծառայության համակարգը վատ է աշխատում։ Խնդիրը պարզապես քանակի հարցը չէ։ Եթե քանակը կրճատում ենք, այսինքն՝ ոչ որակյալ մասնագետներ ենք ունեցել, որոնց հեռացնում ենք, պահում ենք որակյալներին, նրանց պետք է շուկայական մրցունակ աշխատավարձ տանք։ Եթե չենք տալիս, ուրեմն կունենանք ավելի քիչ ոչ պրոֆեսիոնալ աշխատակիցներ։ Ես չեմ ասում, որ բոլորը ոչ պրոֆեսիոնալ են, բայց եթե հնչում են նման հայտարարություներ, ես ուրիշ բան չեմ կարող ընկալել։
– Doing Business 2018-ում Հայաստանը բավականին զգալի՝ 9 հորիզոնականով զիջել է դիրքերը, միաժամանակ այս տարվա առաջին 8 ամիսներին 600 մլն դոլար է դուրս բերվել Հայաստանից, իսկ կառավարությունն էլ ասում է, թե ներդրողներ է փնտրում։ Այս իրավիճակը, երբ երկիրը կորցնում է մրցունակությունը, ներդրողներ չկան, եղած փողն էլ արտահոսում է, ի՞նչ է կանխորոշում։
– Փողերի արտահոսք այդքան էական չկա, ներդրումային դիրքը վերջերս եմ նայել, այն վատը չէ, համենայն դեպս՝ նույնն է մնացել։ Ընդհանուր պատկերը մենք սովորաբար տարեվերջին ենք ունենում, միջանկյալի մեջ բանկային գործարքները չկան, և էական չի երևում արդյունքը։
Doing Business-ի հետ կապված՝ ես միջազգային ռեյտինգներին տասնյակ տարիներ ուշադրություն չեմ դարձնում, դա անառողջ մրցակցություն է երկրների միջև ստեղծում և իրենից ոչ մի էական բան չի ներկայացնում։ Հայաստանի դիրքը ոչ թե վատացել է, այլ՝ 9 այլ երկրի դիրք ավելի է լավացել, քան Հայաստանինը, և այդ կարգի որակումներն ըստ հրապարակողի արժեքների են։ Doing Business-ի Հայաստանի լավ դիրքը նշանակում է, որ Հայաստանում կառավարությունն աշխատում է չմիջամտել բիզնեսի գործունեությանը, հեշտացված է նրա գործունեությունը։ Այսինքն՝ մենք լիբերալ ենք։ Բայց ուզո՞ւմ ենք լինել լիբերալ։ Չգիտեմ։
– Ամեն դեպքում, նման պայմաններում կառավարությանը կհաջողվի՞ ներդրողներ բերել։
– Հայաստանում ներդրումների գալ-չգալը երբեք նման վարկանիշներով պայմանավորված չի եղել։ Այսինքն՝ նախկինում Հայաստանում ներդրումները եկել են հիմնականում սեփականաշնորհմամբ։ Այժմ չնայած մի ամբողջ ցանկ կա, որ պետք է սեփականաշնորհվի, այդ թվում՝ առողջապահական կազմակերպություններ, որ որոշակի ներդրումներ կապահովեն, բայց մենք չունենք հայեցակարգ, որ, սեփականաշնորհումից բացի այլ ներդրում մտնի Հայաստան։
Մենք չունենք կապիտալի շուկա, այսինքն՝ պորտֆելային ներդրումները բացառում եմ, տակը մնում է ուղիղ բանակցություններով ներդրումները, որ տեղի ունեցել են, ունենում են և կունենան՝ անկախ այդ վարկանիշներից, բայց դրանց ազդեցությունը շատ չնչին է։
– Իսկ այս կառավարությունը կկարողանա՞ նման բանակցություններով խոշոր արդյունք ապահովել։
– Չգիտեմ, դա արդեն կախված է կոնկրետ անձնական որակներից՝ կկարողանա՞ն, թե՞ ոչ։