Ինչ նպատակ է հետապնդում Մոսկվա-Թեհրան-Բաքու առանցքը. Ինչից պետք է զգուշանա Հայաստանը

Մոսկվա-Թեհրան-Բաքու ձևաչափով եռանախագահների հանդիպումները շարունակվում են, ինչը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման արարողությունից անմիջապես հետո ավելի լայն հնչեղություն է ստանում Հայաստանում՝ տարածաշրջանային նման բազմակողմ ձևաչափերից Հայաստանի մեկուսացվածության պատճառով: Սակայն մինչ հոռետեսական գնահատականները՝ հարկ է հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում Մոսկվա-Թեհրան-Բաքու առանցքը, ինչ ներուժ ունի և որ երկրների դեմ կարող է գործել:

Նոյեմբերի 1-ին Թեհրանում կայացած՝ Իրան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ գագաթաժողովն ամփոփվել է երեք երկրների ղեկավարների համատեղ հայտարարությամբ, որը, ըստ եռանախագահների, անցյալ տարվա օգոստոսին Բաքվում եռակողմ հանդիպման շարունակությունն էր։ Իրանի նախագահը տեղեկացրել է, որ ռուսաստանյան մեծ նավթային ընկերությունները ներկայում բանակցություններ են վարում իրանական կողմի հետ՝ վերջինիս նավթային նախագծերում ներգրավվելու համար։

«Բանակցություններ ենք վարում նաև Ադրբեջանի նավթային և գազային ընկերությունների հետ, հատկապես՝ Կասպից ծովում նավթի արդյունահանման ոլորտում փոխգործակցության շուրջ»,- ասել է Իրանի ղեկավարը։ Իրանը, նրա խոսքով, մտադիր է նաև ընդլայնել տնտեսական համագործակցությունը Եվրասիական միության հետ՝ նշելով, որ երեք երկրների միջև չափանիշերի ասոցիացումը երեք երկրներին լավ ապագա է խոստանում: ՌԴ նախագահ Պուտինը ևս գոհ է հանդիպման արդյունքներից: «Մենք քննարկեցինք կարևոր հարցեր հանցավորության, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում, սակայն անկյունաքարային խնդիրները, անշուշտ, տնտեսական բնույթի են»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Պուտինը։

Որպես օրինակ՝ նա բերել է «Հյուսիս-Հարավ» միջանցքը, որն արդեն փորձնական գործարկվել է. անցյալ տարի Հնդկաստանից մատակարարումներ են իրականացվել Իրանի տարածքով դեպի Ռուսաստան։

«Այդ երթուղին ցույց է տվել իր տնտեսական նպատակահարմարությունն ու արդյունավետությունը»,- նկատել է ՌԴ նախագահը։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է գազ մատակարարել Իրանի հյուսիսին՝ Ադրբեջանի խողովակաշարային համակարգի միջոցով։

«Կցանկանայի ուշադրություն հրավիրել այն փաստին, որ չնայած ածխաջրածինների մեծածավալ արտադրությանը մեր երկրներից յուրաքանչյուրում, որքան էլ տարօրինակ է՝ առկա է այդ հումքի՝ միմյանց մատակարարման հանդեպ հետաքրքրություն՝ նկատի ունենալով ներքին լոգիստիկան»,- ասել է Պուտինը։

ՌԴ ղեկավարը հիշեցրել է նաև տրանսպորտային ենթակառուցվածքներում համագործակցության «լավ հնարավորությունների» մասին, նախևառաջ, «Հյուսիս-Հարավ» միջազգային միջանցքի արևմտյան ճյուղի ստեղծման շրջանակում։ Պուտինն աջակցություն է հայտնել Թեհրանին Ռեշտ-Աստարայի շինարարության հարցում։ Թեհրանում տեղի են ունեցել նաև Պուտին-Ալիև, Ալիև-Ռուհանի երկկողմ հանդիպումներ։ Ըստ իրանական և ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ալիևն ու Ռուհանին, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև ղարաբաղյան հիմնախնդիրը։ Թեհրանում Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո հայտարարություն է տարածվել, որում նշված է՝ կողմերն ընդունում են, որ տարածաշրջանում չկարգավորված հակամարտություններն էական խոչընդոտ են տարածաշրջանային համագործակցության համար, և այդ կապակցությամբ ընդգծում են շուտափույթ խաղաղ կարգավորման հասնելու անհրաժեշտությունը՝ հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների և դրանց համապատասխան ընդունված փաստաթղթերի ու որոշումների վրա:

«168 Ժամի» հետ զրույցում իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարը, գնահատելով ձևաչափի կարևորությունը տարածաշրջանի և Իրանի համար, ասաց, որ Իրանի համար այս փուլում կարևոր է ամուր կապեր հաստատել բոլոր երկրների հետ, այդ թվում՝ այն երկրների հետ, որոնց հետ Իրանն ունեցել է և ունի հակասություններ: Այդ երկրներից են, ըստ նրա, Ռուսաստանն ու Ադրբեջանը:

«Ռուսաստանի հետ ներկայումս մրցակցության լուրջ դաշտ է բացվել, քանի որ Իրանն իր պաշարներով և ներուժով հավակնում է տարածաշրջանում հզոր գործոն դառնալ, որով դուրս կմղի Ռուսաստանին Հարավային Կովկասից, ինչը, բնականաբար, Ռուսաստանը թույլ տալ չի կարող: Ադրբեջանի դեպքում կա Ադրբեջան-Իսրայել սերտ հարաբերությունների, շիա բնակչության հարցը, որն Իրան-Ադրբեջան հարաբերությունները պահում է մշտական կասկածի և անհանգստության մթնոլորտում: Ադրբեջան-Իսրայել հարաբերությունները բացասական ազդեցություն ունեն Ադրբեջան-Իրան հարաբերությունների վրա, Ադրբեջանը շատ բան է կորցնում, և ամենակարևորն այն է, որ ստանում է շիա մուսուլման քաղաքացիների կողմից դժգոհություն, ընդվզում:

Ադրբեջանի իշխանությունները պետք է հասկանան, որ ավելի շատ ունեն Իրանի կարիքը, քան Իրանը՝ Ադրբեջանի: Այս ամենին Իրանը կարող է պատասխանել շատ ավելի սուր ու կտրուկ միջոցներով, բայց փորձում է առաջացող խնդիրներին դիվանագիտական լուծում տալ»,- ասաց Բարզեգարը:

Վերլուծելով եռակողմ հանդիպման օրակարգը՝ իրանցի քաղաքագետը հիշեցրեց, որ նախորդ հանդիպումն անցկացվել էր անցյալ տարի, և ըստ էության առաջին հանդիպման պայմանավորվածությունների ազդեցությունը նկատելի չէ երեք երկրներում:

«Այս հանդիպման ընթացքում ավելի տեսանելի և առարկայական թեմաների մասին խոսեցին նախագահները, քննարկելով կոնկրետ հարցեր և համագործակցություններ` իրանաադրբեջանական համագործակցություն նավթի արդյունահանման շուրջ, Ռուսաստանը գազ կմատակարարի Իրանին, Ռուսաստանը Իրանին կներգրավի իր նավթային ծրագրերում: Չեմ կարող ասել, թե այս ամենը երբ կյանքի կկոչվի, դեռ առարկայական քայլեր այս ամենի ուղղությամբ չեն արվում:

Ես կասեի, որ այս համագործակցության կենտրոնները Ռուսաստանն ու Իրանն են, Ադրբեջանը բավականին թույլ դերակատարություն և ներգրավվածություն ունի, սա մի ձևաչափ է, որով Իրանի համար Ադրբեջանի հետ հարաբերվելը հարմարավետ է, իսկ Ադրբեջանը որոշ տնտեսական օգուտներ կունենա»,- ասաց Բարզեգարը:

Հարցին, թե այս համագործակցությունը չի՞ կարող արդյոք օգտագործվել Հայաստանի դեմ, իրանցի վերլուծաբանն ասաց, որ, եթե նման թեմա ենք քննարկում, պետք է նշենք, որ օգտագործելու փորձեր գուցե անի Ադրբեջանը՝ ԼՂ հակամարտության պատճառով, փորձելով ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ:

«Սակայն պետք է շեշտել, որ այս ձևաչափի մյուս երկու երկրները` Ռուսաստանը և Իրանը, սերտ հարաբերություններ ունեն Հայաստանի հետ, այս երկու երկրները հստակ դիրքորոշում ունեն ԼՂ հակամարտության հարցում: Չեմ խոսի Ռուսաստանի մասին, կխոսեմ Իրանի մասին:

Իրանի նախագահ Ռուհանին, անդրադառնալով տարածաշրջանին, երբեք չի մոռանում ԼՂ հակամարտության մասին՝ նշելով, որ տարածաշրջանային հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ եղանակով, և ռազմական լուծում գոյություն չունի, ինչն ուղերձ է Ադրբեջանի համար, Ադրբեջանին ընդհանուր առմամբ տարածքային ստատուս-քվոյի փոփոխությունը ձեռնտու չէ, այս ամենին զուգահեռ՝ Իրանի դիրքորոշումը չեզոք ու հավասարակշռված է:

Եռակողմ հարթակը միայն ադրբեջանական մամուլում կարող է օգտագործվել Հայաստանի դեմ, քանի որ իրականում այս եռակողմ համագործակցության նպատակը երեք երկրների միջև առևտրատնտեսական, էներգետիկ հարաբերությունների խորացումն է, հնարավորությունների համատեղ օգտագործումը»,- ասաց Կայհան Բարզեգարը` վստահեցնելով, որ այս համագործակցությունը չի կարող օգտագործվել Հայաստանի դեմ:

Իրանցի քաղաքագետը նշեց, որ հայ-իրանական հարաբերությունների ներկայիս օրակարգը բավականին լայն է, ինչպես՝ երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ նախաձեռնություններ կան:

«Ես չէի ասի, որ այս պրոյեկտն այնպիսի հզոր համագործակցություն է ենթադրում, որ Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանից, քանի որ Իրան-Հայաստան հարաբերություններում շատ ավելի լուրջ, գլոբալ ծրագրեր կան, որոնք ևս այն փուլում են, ինչ այս եռակողմ համագործակցության շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները»,- նկատեց Բարզեգարը:

Մեզ հետ զրույցում եռակողմ բանակցություններին անդրադարձավ նաև ռուս քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն: Նա նշեց, որ եռակողմ հանդիպումը տեղի է ունենում Իրան-ԱՄՆ, Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների հերթական լարման փուլում:

«Սա էական հանգամանք է: Կարծում եմ՝ այս եռակողմ համագործակցության նպատակը ոչ այնքան՝ տնտեսական կապերն են, որքան՝ առանձին երկրների հարաբերություններն Արևմուտքի հետ, այս երեք երկրներն էլ խնդիրներ ունեն Վաշինգտոնի հետ, բնականաբար, Ռուսաստանն ու Իրանը` ավելի գլոբալ, պայմանավորված Թրամփի վարչակարգի մատուցած անակնկալներով: Սա կարծես համագործակցություն լինի Արևմուտքի դեմ, ես այստեղ լուրջ տնտեսական օրակարգ չեմ տեսնում: Բայց քաղաքական համագործակցության հիմքերը ևս թույլ են, պարզ է, որ այս համագործակցությունն ԱՄՆ-ին չի հուզում»,- նշեց Մալաշենկոն:

Վերջինս ասաց, որ այս խնդիրների ֆոնին՝ Հայաստանը և ԼՂ հակամարտությունն անտեսված են: «Չեմ կարծում, թե որևէ բան սպառնում է Հայաստանին և Ղարաբաղին՝ հաշվի առնելով այս համագործակցության հեռանկարները: Հայաստանը, չեմ կարծում, թե դուրս է մնում տարածաշրջանից, քանի որ լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի, Իրանի հետ, անդամակցում է ԵՏՄ-ին, որի հետ Իրանը փորձում է կապեր հաստատել, Հայաստանը կամուրջ է դառնալու, սա ավելի հեռանկարային պրոյեկտ է, քան Իրան-Ադրբեջան-Ռուսաստան առանցքը»,- նման կարծիք հայտնեց Մալաշենկոն:

Տեսանյութեր

Լրահոս