Բաժիններ՝

«Դրսի ընկերություններին բերում ենք, որ ներդրում անեն, բայց ՀԴՄ-ների պատճառով խնդիրների ենք բախվում». Գործարարներն ահազանգում են

«168 Ժամի» խմբագրություն ահազանգած մի խումբ գործարարներ նշում են, որ նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաներ ստանալը բավականին երկար է տևում, ինչը վնասում է իրենց բիզնեսին։

«Նախկինում ՀԴՄ ներմուծում և վաճառում էին մասնավոր կազմակերպությունները, հիմա դրանով զբաղվում է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը։ Այդ ՊՈԱԿ-ի ստեղծման օրից ՀԴՄ ստանալը խնդիր է։ Կոնկրետ կա օրինակ, որ սեպտեմբերի սկզբին դիմում ենք տվել, բայց իրենք մեզ ՀԴՄ տրամադրել են 1 ամիս անց, այնինչ, ըստ օրենքի՝ պարտավոր են եռօրյա ժամկետում դա տրամադրել»,- նշեց գործարարներից մեկը։

Նրա խոսքով՝ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ից իրենց ասում են, որ ծրագրի խնդիր կա. «Եթե ծրագրային խնդիր է, ապա List.am-ից կարողանում ենք գնել, գրանցել, եթե այդպես է, թող միայն ՀԴՄ-ն վաճառեն։ Եթե ծրագիր չկա, թող այդ ՊՈԱԿ-ի աշխատակիցներն աշխատավարձ չստանան, քանի որ, եթե գործ չեն անում, ինչո՞ւ պետք է մեր հարկերով աշխատավարձ ստանան։ Դրսի ընկերություններին բերում ենք, որ ներդրում անեն, գյուղատնտեսության զարգացմանը նպաստենք, բայց ՀԴՄ-ների պատճառով խնդիրների ենք բախվում։ Գյուղացին ապրանքը բերում է, չի կարողանում վաճառել։ Գյուղացու ապրանքը փչանում է, իսկ ՊՈԱԿ-ը ՀԴՄ չի տալիս»։

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի Արտաքին հարաբերությունների համակարգող Հովհաննես Զաքարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին գնման պրոցեսն է կատարվում, և, երբ գնումները կատարվեն, ապա, նրա խոսքով՝ հստակ ժամկետներում հսկիչ-դրամարկղային մեքենաները կտրամադրվեն. «Երեկ կառավարությունը որոշում ընդունեց, պրոցեսը սկսվել է, ընթացքի մեջ է»։

Նա չհերքեց, որ կա նաև ծրագրային խնդիր. «Ծրագրային խնդիր էլ ունենք, ՀԴՄ-ների պակասն էլ կա»։ Ինչ վերաբերում է գործարարների այն դիտարկմանը, թե ՊՈԱԿ-ի ստեղծումից ի վեր իրենք խնդիրներ են ունենում, Զաքարյանն այսպես արձագանքեց. «Ինչ ցավ ունեն՝ հիմա են հիշում. ՊՈԱԿ-ի ստեղծումն ի՞նչ կապ ունի ՀԴՄ-ների հետ»։

Նոյեմբերի 3-ի նիստում ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի ընթացիկ գործունեության ապահովման, խնդիրների կանոնակարգմանն ուղղված գործընթացների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Նախատեսվում է կառավարության պահուստային ֆոնդից գումար հատկացնել Պետական եկամուտների կոմիտեին՝ հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռքբերման համար:

Նշվել է, որ հանրապետությունում այսօր առկա է դեռևս շուրջ 25 հազար նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռքբերման անհրաժեշտություն: Ի պատասխան վարչապետի հարցին՝ ՊԵԿ տեղակալ Վախթանգ Միրումյանը նշել է, որ այդպիսով հանրապետությունում կավարտվի նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գործընթացը, որը հնարավորություն կտա իրականացնել առավել արդյունավետ հսկողություն, մոնիտորինգ, կրճատել ստուգումների քանակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս