Բաժիններ՝

ԿԳՆ-ի նոր նախագծով հայտնաբերվելու են պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաները

«Պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգ»-ի նախագծով կներդրվեն մեխանիզմներ, որոնցով կհայտնաբերվեն դպրոց չհաճախած երեխաները, ապա կիրականացվեն համապատասխան քայլեր: ԿԳՆ-ի նոր նախագիծն այժմ հանրային քննարկման փուլում է: Նոյեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը:

«Պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգի» նախագծով սահմանվելու են այն հարաբերությունները, որոնք անհրաժեշտ են կրթությունից դուրս մնացած երեխաներին հայտնաբերելու համար: Մեր նախարարությունը, համագործակցելով ՀՀ առողջապահության ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների հետ, ներկայացնում է մեխանիզմ՝ հնարավորինս արագ բոլոր երեխաներին ապահովելու կրթությամբ»,- ասաց Մակյանը:

2016-2017 թթ արդյունքներով 260 երեխա կիսատ է թողել ուսումը դպրոցում: Պատճառների շարքում են եղել սոցիալական խնդիրները, հաշմանդամություն ունենալը, ծնողերի անհատական հայեցողությունը՝ կախված որոշ հանգամանքներից: Պաշտոնապես առկա է միայն այն երեխաների թվաքանակը, որոնք ուսումը կիսատ են թողել: Նոր նախագծով ներդրվելու են դպրոց ընդհանրապես չայցելած երեխաների հայտնաբերման մեխանիզմները: ՏԻՄ-երը մինչ օգոստոսի 10-ը պետք է հաշվառեն և դպրոց ներկայացնեն տվյալ տարի մինչ դեկտեմբերի 31-ը 6 տարեկանը լրացող երեխաների անվանացանկը: Սեպտեմբերի 1-15-ը դպրոցն իր ընդունելությանը կհամադրի այդ անվանացանկին և կմուտքագրի էլեկտրոնային կառավարման համակարգ՝ ktak.am: Սեպտեմբերի 15-ի դրությամբ կայքը կունենա բոլոր տվյալները և անհրաժեշտության դեպքում դրանք կուղարկի ՀՀ ոստիկանություն:

«Մինչ այս կար համակարգման խնդիր: Կառավարության որոշմամբ սահմանվելու են բոլոր պատասխանատուները՝ ՀՀ Կրթության և գիտության, Տարածքային կառավարման և զարգացման, Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները, տեղական ինքնակառավարման մարմինները, խնամակալության հոգաբարձուների հանձնաժողովը, որոնցից յուրաքանչյուրը կունենա իր գործառույթը»,- նշեց Սյուզաննա Մակյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանի կարծիքով՝ խնդիրը շատ է կարևորվում, քանի որ կրթությունն այն գործոնն է, որը կարողանում է ընտանիքին դուրս հանել աղքատությունից: «Նախորդ մի քանի տարիներին փորձնական ծրագիր էինք իրականացրել Լոռու մարզում՝ Վանաձորում: Հայտնաբերվել էր դպրոց չհաճախած 220 երեխա: Պատճառներից հիմնականը առողջական խնդիրներն են՝ հաշմանդամություն կամ զարգացման հապաղում ունենալը: Դպրոցից դուրս մնացած երեխային օգնելու համար պետք է խորապես ուսումնասիրել պատճառները, այնուհետև համապատասխան մասնագետների աշխատանք՝ ընտանիքների հետ»,- նշեց Մինասյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս