«Մեր խնդիրը ոչ թե ընդդիմադիր միավոր ձևավորելն է, այլ երկրում ստեղծված իրավիճակը փոխելը». ստեղծվել է «Հանուն Հայաստան պետության» ճակատը

Ժիրայր Սէֆիլյանի կոչին արձագանքած հասարակական-քաղաքական գործիչների նախաձեռնող խումբն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց իր ընդունած հռչակագիրը, որով մասնավորապես հռչակվում է «Հանուն Հայաստան պետության» ճակատի ստեղծումը։

«Խորապես համոզված ենք, որ Հայաստանի քաղաքացիները և հայ ժողովուրդն ունակ են վերջ տալու փլուզման ներկա գործընթացին, կառուցելու քաղաքացուն և հայ մարդուն հարիր արժանապատիվ պետություն։ Համոզված ենք, որ տիրող հուսալքության, անելանելիության, անտարբերության ներկա հոգեվիճակը, անկասկած, հնարավոր է բարեշրջել։ Ակնկալում ենք կամք ունեցող Հայաստանի բոլոր քաղաքացիների և արտերկրում բնակվող մեր հայրենակիցների՝ այս խնդրով մտահոգ մարդկանց համախմբումը, համազգային ներուժի ձևավորումը։ Ճակատը բաց է հռչակված նպատակներին հասցնող «Ճանապարհային քարտեզի» վերաբերյալ բոլոր առաջարկների համար»,- մասնավորապես ասվում է հռչակագրում։

168.am-ի հարցին, թե ո՞րն է լինելու իրենց պայքարի ուղին, ինչպե՞ս են պատրաստվում իրագործել իրենց նպատակները, խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը պատասխանեց. «Հռչակագրում «Ճանապարհային քարտեզի» մասին մանրամասները չկան, ձեր հարցի պատասխանը դրա կերտման և հրապարակման ժամանակ կունենանք։ Նախաձեռնությունն այդ հարցը չի վերջնականացրել, բայց հռչակագրից այդ առումով երևում են մեկ-երկու կարևոր սկզբունքներ.  մեկն այն է, որ ներկայիս վարչակարգի հետ կոմպրոմիսի խնդիր չկա, սա ոչ թե ծայրահեղական կեցվածք է, այլ բխում է այն գիտակցումից, որ չարիքը հենց այս համակարգի մեջ է։ Համակարգ, որն ազգի և հայրենիքի ապագան նժարի վրա է դրել։ Երկրորդ՝ հստակորեն ասվում է, որ համաժողովրդական, համազգային համերաշխության սկզբունքի վրա, ժողովրդի կամարտահայտության իրավունքի իրացման ճանապարհով պետք է լինի այն նպատակների իրականացումը, որոնք այստեղ նշված են։ Դա իրենից ենթադրում է, որ աշխատանքները պետք է ուղղվեն մեր քաղաքացիների մոտ հույսն ու վստահությունը վերականգնելուն։ Դրա համար անհրաժեշտ է, որ նրանք տեսնեն՝ կա կամային կենտրոն»։

Խմբի անդամ Դավիթ Սանասարյանը, ի պատասխան մեր հարցի, ասաց, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ քաղաքական կշեռքի մի նժարը բռնազավթվել է իշխանության կողմից, իսկ նրան հակակշռող նժարը՝ ընդդիմադիր զանգվածը, չի կարողանում նույնիսկ թեթևակի տատանումներ առաջացնել.

Կարդացեք նաև

«Իշխանությունները մնացել են դաշտում մենակ, կան ընդդիմադիր ուժեր խորհրդարանում և դրանից դուրս, և ընդդիմությունը չի կարողանում լուրջ հակակշիռ լինել։ Մեր խնդիրը ոչ թե ընդդիմադիր միավոր ձևավորելն է, այլ երկրում ստեղծված իրավիճակը փոխելն է։ Գոյություն ունի իշխանությունը բռնազավթած մի ուժ՝ ՀՀԿ-ն, և իրեն սպասարկող քաղաքական կուսակցությունները, նրանց պետք է նախ և առաջ արձագանքել, թույլ չտալ, որպեսզի նրանց կողմից ստեղծված իրավիճակը շարունակվի»։

Մեր մյուս հարցին՝ խորհրդարանական ընտրություններից առաջ էլ մտավորականները համախմբվեցին, կոչ արեցին՝ ընտրակաշառք չվերցնել, բայց ժողովուրդը վերցրեց ընտրակաշառքն ու կատարեց իր ընտրությունը, իրենք ինչպե՞ս են մոբիլիզացնելու այդ ժողովրդին, Դավիթ Սանասարյանն այսպես պատասխանեց.

«Եթե նախկինում չի ստացվել, նախկինում այլ իրավիճակ ենք ունեցել, դա չի նշանակում, որ միշտ այդպիսին է լինելու։ Դրա համար աշխատանք է պետք տանել։ Ժողովրդին ես երբեք «ծախված» չեմ ասի, ժողովրդին այդ օրին են հասցրել, ուղղակի պետք է ձեռք մեկնենք իրար և այդ վիճակից դուրս գանք։ Դրա համար պետք է տքնաջան աշխատանք տանել։ Պետք է քաղաքացուն ճիշտ ձեռք մեկնել, ճիշտ խոսք ասել և ակնկալել այդ պատասխանը»։

Դերասանուհի Թամար Հովհաննիսյանն էլ նկատեց՝ ժողովուրդը պայքարի բոլոր միջոցներին արդեն դիմել է և բռնության է ենթարկվել բոլոր մեթոդներով.

«Այսքանից հետո, այո, դժվար կլինի այս ժողովրդին ոտքի կանգնեցնել, հույս ներարկել։ Բացի դրանից՝ ժողովուրդն ուղղակիորեն պակասել է, և պակասել է հատկապես պայքարող մասը։ Արագ չի լինում պետություն կառուցելը, մանավանդ, երբ դիմադրությունն իր ձեռքում բոլոր հնարավոր լծակներն ունի։ Ես մեծ համբերություն եմ ցանկանում և՛ մեզ, և՛ մեր ժողովրդին։ Մի քիչ ավելի համբերատար պետք է լինենք այնպիսի մեծ ծրագրերում, ինչպիսին պետականություն ստեղծելն է։ Այդքան շուտ թևաթափ չի կարելի լինել՝ այդպիսի մեծ խնդիրներ իրականացնելու ճանապարհին»։

Տեսանյութեր

Լրահոս