Դաստիարակության ամենատարածված սխալները

Մեր հոդվածներում անդրադարձել ենք դաստիարակման մի քանի թեմաների, որոնք ընթերցողին հուշում էին, թե ինչպես երեխայի բնականոն զարգացմանը համընթաց՝ ճիշտ վարքով նպաստել նրա արժեքային համակարգի բովանդակային ձևավորմանը: Սակայն այսօր կխոսենք ոչ պակաս արդիական հանդիսացող այն սխալների մասին, որոնք մենք, կամա թե ակամա, կատարում ենք մեր երեխաների դաստիարակման ընթացքում:

Որպես կանոն՝ ծնողները երեխաներին դաստիարակում են՝ հիմք համարելով սեփական կյանքի փորձը, ավանդույթները, ծնողական բնազդը: Նրանք հաճախ վարվում են այնպես, ինչպես հարկ են համարում: Սակայն միշտ չէ, որ ծնողի վարքն ուղեկցվում է ողջամտությամբ և հոգեբանական տեսանկյունից ընդունելի դրսևորումներով: Նման սխալներ ծնողները հիմնականում կատարում են ծայրահեղ և հրատապ պահերին, երբ երեխան կամակորություն է անում, նյարդային է և պահանջներ է ներկայացնում: Դրանք հիմնականում հնչում են սպառնալիքի կամ շանտաժի բովանդակությամբ: Նշեմ դրանցից ամենատարածվածները.

1. Արա այնպես, ինչպես ես եմ ասում, այլապես քեզ չեմ սիրի:

Շատ հաճախ ծնողներն անում են նմանատիպ արտահայտություններ՝ պարզաբանելով, որ այլ հնարներ չեն օգնում, և, եթե երեխան իր պահանջն է առաջ քաշում, հետևաբար՝ այն պետք է բավարարվի, հակառակ դեպքում առաջ է գալիս նյարդային կամակորություն: Հոգեբանական տեսանկյունից՝ սպառնալ, որ երեխային էլ չես սիրի, շատ լուրջ և խիստ դաստիարակման ձև է: Որպես կանոն՝ սուտը վատթարագույն օրինակն է, իսկ այս դեպքում դուք ինքներդ եք ստում երեխային: Նման սպառնալիքը երբեք չի տա սպասված արդյունք: Երբեք մի խաբեք երեխային, նրանք դա շատ լավ զգում են, ուղղակի փոխեք արտահայտման բովանդակությունը՝ ասելով, որ դուք նրան սիրում եք, սակայն նրա արարքը ձեզ դուր չի գալիս:

2. Արա այնպես, ինչպես ուզում ես, ինձ համար միևնույն է:

Հաճախ ծնողները հոգնում են պայքարելուց, և երեխայի գործունեության նկատմամբ դրսևորում են անտարբերություն՝ պատճառաբանելով, որ երեխան ինքնուրույն պետք է լուծի իր խնդիրները՝ նախապատրաստվելով հասուն կյանքի: Հոգեբանական տեսանկյունից չի խրախուսվում՝ դառնալ լիովին անտարբեր երեխայի գործողությունների հանդեպ: Որպես կանոն՝ նման դեպքերում երեխաները սկսում են կատարել վատ կամ հանցագործ արարքներ՝ ստուգելով ձեր իրական անտարբերության սահմանը: Անհրաժեշտ է ստեղծել ընկերական և վստահելի հարաբերություններ՝ ասելով, որ դուք այդքան էլ չեք հասկանում նրա արարքները, բայց ցանկանում եք մասնակցել և օգնել:

3. Ես մեծ եմ, ավելի խելացի: Ես Մայր եմ, այդ պատճառով կլինի այնպես, ինչպես ես եմ ասում:

Ծնողների մեծամասնությունը երեխաների հետ հարաբերություններում կարևորում է խստությունը՝ պատճառաբանելով այն իրենց փորձառությամբ և տարիքով: Ինչպես նաև ունենում են մտավախություն, որ թույլատրելով ամեն բան, կարող են դառնալ երեխայի ցանկությունների գերին: Հոգեբանական տեսանկյունից երեխաների համար շատ կարևոր է իրենց գործողությունների մոտիվացիան և այն կատարելու իմաստը, թե ինչու են այս կամ այն անում: Նմանատիպ թելադրող խստությունը երեխային կդրդի ծնողի ներկայությամբ անել այն, ինչ իրեն ասում են, իսկ միայնակ ժամանակ անել այն, ինչ ինքն է ուզում: Հետևաբար՝ եթե երեխային տալիս եք հրահանգ՝ կատարել որևէ գործողություն, ապա նաև բացատրեք դրա անհրաժեշտությունը:

4. Ես այն կանեմ միայնակ, դա երեխայի ուժերից վեր է:

Շատ ծնողներ կարծում են, որ երեխային պետք է գերխնամք, քանի որ չգիտես, թե կյանքն ինչ է պատրաստել նրա համար հասուն կյանքում: Հետևաբար՝ երեխային տալիս են ինքնածուլացման հնարավորություն: Հոգեբանական տեսանկյունից նման գերխնամքը երեխային դարձնում է անկարողունակ լուծելու ամենաչնչին խնդիրները: Նա սովոր է, որ ամեն բան ծնողը պետք է անի: Արդյունքում՝ դուք մեծացնում եք էգոիզմի հակված և անպաշտպանվածության զգացումով երեխա, ով հետագայում կունենա հասարակությանը հարմարվելու մեծ խնդիրներ:

5. Իմ երեխան պետք է զբաղվի ամեն ինչով:

Ծնողները հաճախ ջանք չեն խնայում, որպեսզի իրենց երեխաներն ինքնաիրականացվեն բոլոր այն ասպարեզներում, որոնցում իրենք չեն հասել հաջողությունների՝ տարբեր պատճառներով: Նրանք երեխային գրանցում են բոլոր հնարավոր խմբակներում, վարձում են դաստիարակներ և կրկնուսույցներ՝ առանց հաշվի առնելու երեխայի իրական ցանկությունները: Հոգեբանական տեսանկյունից երեխայի նկատմամբ այսպիսի վերաբերմունքը նման է պարտադրանքի: Չնայած, որ ծնողի և երեխայի միջև գոյություն ունի ամուր հոգեբանական կապ, միշտ չէ, որ նրանց նախասիրությունները, ընդունակությունները, հնարավորություններն ու ցանկությունները կարող են համընկնել: Պարտադրանքի փոխարեն՝ ավելի լավ է երեխային տրամադրել ազատ ժամանակահատված՝ հասակակիցների հետ շփվելու և խաղալու համար:

6. Կարևորը բարեկեցությունն է, իսկ զգացմունքները՝ հետո:

Որոշ ծնողներ կարծում են, որ երեխայի նկատմամբ հոգատարության հիմնական ձևը նրան նյութականով ապահովելու մեջ է: Եթե երեխան կուշտ է, ունի խաղալիք և հագուստ, ապա նրան այլ բան պետք չէ: Զգացմունքների ցանկացած դրսևորում, լինի դա համբույրի, գուրգուրանքի կամ այլ տեսքով, թուլության նշան է: Հոգեբանական տեսանկյունից երեխայի նկատմամբ փաղաքշանքն ամենագլխավոր գործոններից մեկն է, որը դրական է ազդում երեխայի զարգացման վրա և որի կարիքն ունի ցանկացած երեխա: Ծնողից ստանալով նման զգացմունքներ՝ երեխան իրեն ավելի սիրված և ցանկալի է համարում:

7. Ես շտապում եմ, հիմա ժամանակ չունեմ:

Ծնողներն ունեն առօրյա բազմաթիվ հոգսեր՝ աշխատանք, տնային պարտականություններ, տարեցների խնամք, և այլն: Ծանրաբեռնվածության պատճառով ծնողներին թվում է, որ առանց այն էլ չափազանց շատ ժամանակ են տրամադրում երեխաներին: Նրանք խոսք են տալիս խաղալ երեխայի հետ, բայց մի փոքր ուշ, և հաճախ ի վիճակի չեն լինում իրականացնել խոստումը: Հոգեբանական տեսանկյունից կարևոր է, որ ծնողը գտնի ժամանակ երեխայի բնական ցանկությունները բավարարելու համար: Երեխայի հետ համատեղ խաղը, զբոսանքը կամ ընթերցանությունը նպաստում են ծնողի և երեխայի միջև առողջ փոխհարաբերությունների զարգացմանը:

Տեսանյութեր

Լրահոս