Ռուսաստանից բերված նոր էլեկտրագնացքի շահագործման ժամկետը և գները դեռ հստակեցված չեն

Միկրոավտոբուսներից հոգնած գյումրեցիները սպասում են Ռուսաստանից բերված նոր էլեկտրագնացքի շահագործմանը: Նրանց հատկապես հետաքրքրում է նոր էլեկտրագնացքի տոմսերի գները: Թե այս հարցում ի՞նչ քաղաքականություն է վարելու «Հարավկովկասյան» երկաթուղիներ ՓԲԸ-ն, առայժմ պարզ չէ:

168.am-ը «Գյումրու «Գծային կայարանների միավորման» պետ Վահան Գասպարյանից հետաքրքրվեց, թե ե՞րբ է շահագործվելու Ռուսաստանից բերված էլեկտրագնացքը, Գյումրուց Երևան գնացող արագընթաց գնացքի գներն արդյո՞ք հստակեցված են:

«Դեռ մենք էլ չգիտենք: Հիմա պլատֆորմների չափագրումներ, փորձարկումներ ենք անում, դրանք վերջացենք, նոր պարզ կլինի»,- նշեց Վահան Գասպարյանը:

Գյումրու Լոկոմոտիվային դեպոյի տնօրեն Համբարձում Կուրղինյանի խոսքով՝ եթե արագընթացի վրա դրվի, 3 ժամ 10 րոպեի փոխարեն՝ 2 ժամ 30 րոպեի ընթացքում էլեկտրագնացքը Գյումրուց Երևան կհասնի: Երևան գնալու ճանապարհին կարող է միայն Հոկտեմբերյանում կանգնել:

Կարդացեք նաև

Համբարձում Կուրղինյանին հարց ուղղեցինք, թե ե՞րբ է լրանում Երևան-Գյումրի երկաթգծի համար կառուցված ճանապարհի շահագործման ժամկետը, քանի որ նոր էլեկտրագնացքի փորձարկման և հետագա շահագործման համար ճանապարհների բարվոք վիճակը շատ կարևոր նշանակություն ունի: Համբարձում Կուրղինյանը մեր հարցին չկարողացավ պատասխանել:

Հարցին, թե ի՞նչ ճանապարհով է էլեկտրագնացքը Ռուսաստանից Հայաստան բերվել, Համբարձում Կուրղինյանը նշեց. «Այրում-Գյումրի-Երևան»:

Նշենք, որ «Հարավկովկասյան» ընկերության կողմից Ռուսաստանից Հայաստան բերված էլեկտրագնացքն ունի օդափոխման, մանրէազերծման և հակահրդեհային համակարգեր, տեղեկատվական էկրաններ, վթարային ելքի պատուհաններ: Այն կահավորած է ամբարձիչներով, հարմարեցված է սայլակներով տեղաշարժվող ուղևորների համար: Գնացքն ունի 2 վագոն, 129 նստատեղ, հարմար է նաև կանգնած ուղևորների երթևեկության համար: Էլեկտրագնացքի մեքենավարները վերապատրաստում են անցնելու: 2018 թվականի սկզբին նախատեսվում է շահագործման հանձնել նմանատիպ էլեկտրական շարժակազմ:

Երկաթուղու նման ռելսեր ունենալու պարագայում արագընթաց էլեկտրագնացք շահագործելը բարդ կլինի

 Արագընթաց երկաթուղու շահագործման համար նման ճանապարհների առկայությունը բավարար չէ: Անհրաժեշտ է դրանք հիմնանորոգել, քանի որ մաշված ռելսերը չեն կարող ծառայել իրենց նպատակին: Մեծ արագության տակ ճնշումը ռելսերի վրա մեծ է լինում, դա, իր հերթին՝ անկանխատեսելի հետևանքների կարող է հանգեցնել: Դրա հետևանքով գնացքի վագոնները կարող են գլորվել: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց «Գյումրու երկաթուղային կայարանի» աշխատակիցներից մեկը:

Անհրաժեշտ է նաև պահեստային ռելսեր ունենալ, որպեսզի վնասվելու դեպքում հները նորերով փոխարինվեն:

Նա նաև նշեց, որ նախորդ տարիներին եղել են դեպքեր, երբ գնացքի վագոնները դուրս են եկել ռելսերից: Օրինակ, 2013 թվականին, երբ գնացքի վագոնները դուրս եկան ռելսերից, շրջվեցին, այնուհետև բռնկվեցին:

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն կարող է վնասով աշխատել

Գյումրի-Երևան ուղևորափոխադրման գնացքի որոշ ուղևորներ տոմս վերցնում են գնացքի ներսում՝ 1000 դրամի փոխարեն՝ 800 դրամ վճարելով: Այդպիսով հսկիչները թաքցնելով ուղևորների իրական թվաքանակը՝ հավելյալ գումարներն իրենց են վերցնում: Իրականում հսկիչները չեն ցանկանում վերահսկողություն սահմանել և օրինական աշխատել: Նման երևույթ վաղուց է առկա, ինչի մասին քաջատեղյակ է նաև «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ ղեկավարությունը: Որպեսզի բացառվի նմանատիպ երևույթների դրսևորումներն այս կառույցում, անհրաժեշտ է, որպեսզի գնացքով Գյումրուց Երևան ուղևորվող ուղևորները տոմս վերցնեն հենց երկաթուղային կայարանի տոմսարկղի վաճառողից: Վերջինս ուղևորներին միշտ կոչ է անում՝ տոմսարկղից տոմսեր վերցնել, սակայն կան նաև չենթարկվողներ:

Գյումրու Լոկոմոտիվային դեպոյի տնօրեն Համբարձում Կուրղինյանը 168.am-ի հետ զրույցում ևս չհերքեց նմանատիպ երևույթների առկայությունը:

«Իհարկե, կազդի ընկերության շահութաբերության վրա: Անշնորհքություն են անում, դրա համար էլ հսկողությունն ուժեղացվել է»,- ասաց Հ.Կուրղինյանը:

Նոր էլեկտրագնացքի շահագործումը զգալի վնաս կհասցնի «Տրանս Ակնթարթ» ընկերությանը

Գյումրեցիների մեջ արդեն խոսակցություններ են պտտվում, որ էլեկտրագնացքի՝ ճանապարհների բարեհաջող փորձարկում անցնելուց հետո, երբ այն շահագործման հանձնվի, զգալիորեն կնվազի միկրոավտոբուսներով Երևան տեղափոխվող գյումրեցիների թիվը: Ֆինանսական տեսանկյունից՝ դա կհարվածի ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանին պատկանող «Տրանս Ակնթարթ» ընկերությանը:

Ի դեպ, գյումրեցիներն առաջին անգամը չէ, որ բողոքում են Գյումրի-Երևան միկրոավտոբուսների անհարմարավետությունից: Մասնավորապես, դրանցում նստարաններն իրար շատ մոտ են տեղադրված, ինչն ուղևորների համար երթևեկությունն անհարմար է դարձնում:

Պատահական չէր նաև ՀՀ Տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հայտարարությունն այն մասին, որ մարդիկ, ովքեր ավտոմոբիլային և ավտոբուսային տրանսպորտից են օգտվում, կգերադասեն այս գնացքով երթևեկել:

Անահիտ Սիմոնյան
Լուսանկարը՝ ukzhd.am-ի

Տեսանյութեր

Լրահոս