Բաժիններ՝

Ուսուցչի հեղինակության մասին

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նոր ուսումնական տարվա շեմին հայտարարեց «Ուսուցիչ» նախաձեռնության մեկնարկի մասին։ Նպատակն է՝ ուսուցչի դերի և հեղինակության բարձրացմանը նպաստելը։ Ուսուցչի հեղինակությունը կարևոր հարց է։ 20-րդ դարի հայտնի փիլիսոփա Հաննա Արենդը տարբերակում էր ուսուցչի հեղինակություն և ուսուցչի որակավորում հասկացությունները։

Որակավորում ունեցող ուսուցիչը նա է, ով ունի գիտելիք և պատրաստ է ուսուցանել այդ գիտելիքը երեխային։ Հեղինակություն ունեցող ուսուցիչը նա է, ով պատրաստ է իր վրա վերցնել պատասխանատվություն այս աշխարհի համար։ Ցավոք, մենք հիմա ապրում ենք մի հասարակությունում, որտեղ ոչ միայն ուսուցիչները, այլև իշխանությունները չեն ցանկանում պատասխանատվություն ստանձնել։ Մենք ապրում ենք մի միջավայրում, ուր հեղինակությունը չէ հասարակության շարժիչ ուժը։

Նախաձեռնությունը կարող է որոշակի դրական արդյունքի բերել, եթե հասկանանք ուսուցչի հեղինակության անկման պատճառները։ Իսկ այդ պատճառներն ինչպես գլոբալ են, այնպես էլ՝ զուտ հայաստանյան։

Գլոբալ պատճառներից մեկն այն է, որ տեխնոլոգիաների զարգացման արդյունքում այսօր ձևավորվել են գործունեության ձևեր, որոնք շատ ավելի մեծ ազդեցություն են գործում սովորողների վրա, քան ուսուցիչները։ Մասնագետների կարծիքով՝ սոցիալական ցանցերը, ինտերնետը, տեսանյութերը մարդու ուղեղի շատ ավելի մեծ հատվածներ են ակտիվացնում, քան դասագիրքը և ուսուցչի խոսքը։ Սրանով է բացատրվում այն հանգամանքը, որ մարդկանց մեծ մասի մոտ առկա է կախվածություն էկրանից։

Կարդացեք նաև

Մինչդեռ շատ քչերի մոտ կա գիրք կարդալու կամ բանավոր խոսք լսելու ցանկություն։ Ուրեմն, եթե նախկինում գիրքը, դասագիրքը, ուսուցչի խոսքը երեխայի ուղեղն ակտիվացնելու լավագույն ձևերից էին, ապա այսօր հայտնվել են ավելի ազդեցիկ միջոցներ։ Սա նշանակում է, որ ուսուցիչներն այլևս չունեն սովորեցնելու մենաշնորհ և հայտնվել են մրցակցության մեջ։

Այս առումով կրթության ոլորտում տեղի ունեցող ներկա բարեփոխումները, մեծ հաշվով, արդյունավետ չեն, քանի որ դասագրքերը, ուսուցիչները երեխաների վրա մեծ ազդեցություն չեն գործում։ Ըստ էության, էկրանային ինդուստրիան երեխաներին «առևանգում» է դպրոցի և ընտանիքի ազդեցության գոտուց։ Էկրանային ինդուստրիայի հետ մրցակցությունում դպրոցն ու ուսուցիչները պարտվում են։ Շատ ուսուցիչներ այսօր նմանվում են բորտ-ուղեկցորդներին, ովքեր բացատրում են թռիչքի անվտանգության կանոնները, բայց նրանց լսող չկա։ Մարդ-ուսուցչի ձայնն այսօր լսելի չէ «մարքետինգային ուսուցչի» ստեղծած աղմուկի մեջ։ Այսինքն՝ դպրոցական կրթությունը դարձել է մի բան, որը պարտադիր է, բայց խնդիր ունի ապացուցելու իր պետքականությունը։

Ուսուցչի հեղինակության անկման երկրորդ պատճառն այն է, որ ուսուցիչների ֆինանսական վիճակը շարունակաբար վատանում է։ Ուսուցչի աշխատանքը տարեցտարի դժվարանում է, բայց ֆինանսական փոխհատուցումը մնում է շատ ցածր։ Արդյունքում՝ քչերն են ցանկանում աշխատել դպրոցներում։ Կարճ ժամանակում աշակերտների շրջանում մեծ հեղինակություն ձեռք բերած և դասամիջոցների քննարկման թեմա դարձած «Ոսկե դպրոց» հեռուստասերիալի կերպարներից մեկը դիմելով ուսուցչին՝ ասում է. «Դպրոցում ի՞նչ կա, որ եկել ես աշխատելու»։

Կրթության ոլորտում կա տեսակետ, որ ուսուցիչը հոգևոր էակ է, առաքելություն իրականացնող է, հետևաբար՝ գումարը կարևոր չէ։ Բայց դրանք վերամբարձ խոսքեր են։ Իսկ իրականում այսօր ուսուցիչ են աշխատում մի քանի տասնյակ հազար մարդիկ, որոնց ճնշող մեծամասնությունը հասարակ մահկանացուներ են, ովքեր ուզում են լավ ապրել։ Ավելին, Հայաստանում մենք չունենք արդյունավետ համակարգ, որն ի վիճակի է ազատվել վատ ուսուցիչներից։

Ակնհայտ է, որ ուսուցիչների զգալի մասը չի համապատասխանում ներկայացվող պահանջներին։ Բայց նրանք շարունակում են մնալ և աշխատել համակարգում։ Երբ համակարգը չունի վատ աշխատողներից ազատվելու կարողություն, ապա դա բացասաբար է ազդում նաև լավ ուսուցիչների վրա։ Բավական է խնձորի արկղի մեջ գցես մեկ փչացած խնձոր, և ամբողջ արկղը շարքից դուրս կգա։ Երբ համակարգը հանդուրժում է վատ աշխատողին, ապա առաջընթացը բացառվում է։ Իսկապես, ի՞նչ իմաստ ունի լավ աշխատել, եթե ստանում ենք նույն աշխատավարձը, և վատ աշխատող ոչ մի ուսուցիչ չի ազատվում աշխատանքից։

Վերջապես երրորդ պատճառը, որին առնչվում են Հայաստանի ուսուցիչները, կրթության համակարգի կուսակցական շահագործումն է։ Նախարարության «Ուսուցիչ» նախաձեռնությունը ոչ մի շանս չունի հաջողելու, եթե դպրոցների տնօրենները և ուսուցիչները չազատվեն ընտրությունների ժամանակ դերակատարում ունենալու արատավոր պրակտիկայից։ 21-րդ դարում պարզապես անհանդուրժելի է, երբ տնօրենների և ուսուցիչների գերակշիռ մասն իշխող կուսակցության անդամ է։ Սա անառողջ հասարակության և կրթության նշան է։

Մեր ժամանակներում էապես դժվարացել է դպրոցի տնօրենի և ուսուցչի մասնագիտական աշխատանքը։ Եթե դրանից բացի՝ մենք տնօրեններին և ուսուցիչներին ներքաշում ենք ընտրական և կուսակցական գործընթացների մեջ, որոնց նկատմամբ հասարակության վստահությունը շատ ցածր է, ապա մենք այս մարդկանց ոչ մի հնարավորություն չենք թողնում հաջողության հասնելու։

Այսպիսով, «Ուսուցիչ» նախաձեռնությունը պետք է, մեծ հաշվով, երեք խնդիր լուծի։ Առաջին՝ աջակցել ուսուցիչներին, որպեսզի նրանք էկրանային ինդուստրիայի հետ մրցակցությունում տանուլ չտան։ Այստեղ կարևոր են մանկավարժական կրթությունը և ուսուցիչների վերապատրաստումն ուսուցման ժամանակակից մոտեցումների վրա կառուցելը, տեխնոլոգիաները մրցակցից գործիքի վերածելը։ Երկրորդ՝ պետք է միշտ հիշել, որ ուսուցիչները, առաքյալներ ու հրեշտակներ լինելուց առաջ, մարդիկ են և կարիք ունեն պետության կողմից հոգատար վերաբերմունքի, այդ թվում՝ նորմալ աշխատավարձի։ Երրորդ՝ դպրոցական համակարգը և մանկավարժները պետք է ազատագրվեն կուսակցական շահագործումից և ստանան ազատ գործելու տարածություն։

Աշխարհում դեռ կան երկրներ, որոնցում ուսուցիչներն ունեն բավարար հեղինակություն։ Դրանցից մեկը Ֆինլանդիան է։ Ֆինլանդիայում անցկացվել է հարցում, որի ժամանակ տղամարդկանց հարցրել են. «կուզենայիք, որ ի՞նչ մասնագիտություն ունենար ձեր կինը»։ Առաջին տեղում ուսուցիչն է։ Նույն հարցը տվել են կանանց։ Այստեղ էլ ուսուցիչը զբաղեցրել է երրորդ բավականին բարձր տեղը։ Վերջում փորձենք պատկերացնել, թե Հայաստանի կանանց քանի տոկոսը կուզենար, որ իր ամուսինը լինի ուսուցիչ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս