Բաժիններ՝

Դանակահարել է հանգուցյալ հորը վիրավորած կնոջը. դատապարտվեց պայմանական ազատազրկման

Հանգուցյալ հորը վիրավորած կնոջը դանակահարելու, ապա նրան ծեծի ենթարկելու համար Աշոտ Բադալյանը դատապարտվել է 1 ամիս 15 օր ժամկետով կալանքի:

Միևնույն ժամանակ, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Հովհաննես Ավագյանի նախագահությամբ, Բադալյանի նկատմամբ կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, համաձայն որի՝ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվի՝ սահմանելով փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով:

Ըստ մեղադրանքի՝ Աշոտ Բադալյանը 2017 թվականի մարտի 8-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Չարենցավան քաղաքում գտնվող բնակարանում հանգուցյալ հորը վիրավորելու համար, ցավ պատճառելու նպատակով, կենցաղային նշանակության ծալովի դանակով մեկ անգամ հարվածել է Արարատ քաղաքի բնակչուհի Սուսաննայի սրունքի հատվածին՝ դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս, առողջության կարճատև քայքայումով:

Բացի այդ, Աշոտ Բադալյանը 2017 թվականի մարտի 21-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, նույն բնակարանում իրեն հայհոյելու համար, ձեռքերով հարվածել է Սուսաննայի մարմնի տարբեր մասերին:

Ծեծի հետևանքով գլխի աջ քունքային շրջանի, աջ և ձախ բազուկների շրջանում առաջացել են արյունազեղումների ձևով վնասվածքներ. արդյունքում՝ նրա առողջությանը պատճառվել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:

Աշոտ Բադալյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 և 118-րդ հոդվածներով:

Դատավճռով՝ Աշոտ Բադալյանի վարքագծի նկատմամբ հսկողությունը հանձնարարվել է ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայության համապատասխան ստորաբաժանմանը, իսկ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո իրեղեն ապացույց ճանաչված ծալովի դանակը կոչնչացվի:

Աղբյուր` Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս