«Գյուղացին գիտի՝ տարածքներն իրենն է, 102-րդ ռազմաբազան էլ ասում է՝ մերն է, ինչ ուզենանք՝ կանենք». քաղաքագետ

Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայում տիրող փոխհարաբերությունների և Ավետիսյանների ընտանիքի սպանության վերաբերյալ 168.am-ը զրուցել է քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ

Պարոն Համբարյան, 102-րդ ռուսական ռազմաբազայի զորավարժությունների ժամանակ Ալագյազի զորավարժարանում տեղի ունեցած դժբախտ դեպքից հետո կարծիքներ եղան, որ ռուսական ռազմաբազայում կարգուկանոն չկա, կանոնադրական հարաբերությունները չեն պահպանվում: Արդյո՞ք սա չափազանցված դիրքորոշում է, թե՞ նման երևույթներ առկա են նաև մեր և այլ բանակներում:

– Նախ՝ նշեմ, որ տեղի ունեցածի վերաբերյալ իմ ծանոթների միջոցով իմացա և բավական շուտ էի իմացել: Դեպքը կոնկրետ ոչ թե ռուսական ռազմաբազայի տարածքում էր տեղի ունեցել, այլ նրա զորավարժարանում, որը գտնվում է Արագածոտնի մարզում և հայտնի է Ալագյազի զորավարժարան անվանումով: Ես այդքան շատ չեմ քաղաքականացնի կամ չեմ ցանկանա ներկայացնել դա՝ որպես կարգապահության բացակայություն: Իմ կարծիքով՝ դժբախտ պատահար է եղել, որովհետև «հանցանք» գործած անձը տեսնելով իր հանցանքի ծանրությունը՝ ինքնասպան է եղել:

Ընդհանրապես, բոլոր տեղերում էլ խնդիրներ լինում են, որոնք վերացնելու համար աշխատանքներ պետք է տարվեն: Բացի այդ, մարդիկ, որոնք վնաս են կրում, պետք է շատ արագ փոխհատուցում ստանան՝ թե՛ ֆինանսական, թե՛բարոյական, որը ռուսական կողմը շատ դժվար է անում:

Կարդացեք նաև

Լինում են դեպքեր, որ 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում զորավարժություններ են անցկացվում, կրակոցներ են հնչում, ինչի պատճառով գյումրեցիներն անակնկալի են գալիս: Զորավարժությունների անցկացումից առաջ հնարավոր չէ՞ բնակիչներին իրազեկել: 

– Դա միակ խնդիրը չէ ռազմաբազայի զինվորների կողմից, որ իրենք չեն իրազեկում և կրակ են բացում, որը վախեցնում է հարակից բնակավայրերին և Գյումրու բնակիչներին: Խնդիրն այն է, որ զորավարժություններն անցկացվում են քաղաքին մոտ գտնվող գյուղերի՝ Վահրամաբերդ, Կապս, Մարմաշեն գյուղերի բերրի հողատարածքներում, որի պատճառով գյուղացիներին միլիոնավոր դրամների վնաս է պատճառվում: Այս հարցը պետք է քննարկվի, որովհետև այսպես շարունակել չի կարելի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Շիրակի մարզը սոցիալապես ամենաանապահով մարզերից է, և այստեղի գյուղացիներն Արարատյան դաշտավայրի գյուղացիների նման չեն կարողանում նորմալ ֆինանսական հոսքեր ապահովել: Երբ զորավարժություններ են տեղի ունենում գյուղի ցանքատարածքներում, դա մեխանիկորեն խփում է գյուղացու գրպանին, քանի որ բերքը փչանում է:

Կոնկրետ ինչի՞ պատճառով է գյուղացիներին վնաս հասցվում:

– Անհամաձայնության, քանի որ ռուսական կողմը հայտարարում է, թե իրենք տանկերով զորավարժություններ են կազմակերպում, ասում են, որ ըստ ՀՀ և ՌԴ միջև համաձայնագրի՝ այդ տարածքներում իրենք իրավունք ունեն զորավարժություններ անցկացնել: Բայց միևնույն ժամանակ՝ ՀՀ Անշարժ գույքի կադաստրում նշված է, որ այդ տարածքները տնօրինում են գյուղացիները: Մեխանիկորեն անհասկանալի իրավիճակ է ստեղծվում, քանի որ գյուղացին գիտի՝ այդ տարածքներն իրենն է, կարող է վարուցանք անել և բերք ստանալ, իսկ 102-րդ ռազմաբազան էլ ասում է՝ ոչ մի բերք, այդ տարածքները մերն է, ինչ ուզենանք՝ կանենք:

Այդ զորավարժությունների հետևանքով նաև զոհեր եղան: Երեք տարի առաջ Վահրամաբերդում զորավարժություններից հետո թողած ականի պայթյունի հետևանքով երկու երեխա մահացավ, և ոչ ոք դրա համար պատասխանատվություն չկրեց. Ո՛չ բարոյական, ո՛չ ֆինանսական օգնություն չտրամադրվեց զոհված երեխաների ընտանիքին: Ավետիսյանների ընտանիքի սպանության պարագայում հարազատներին փոխհատուցում չտրվեց: Որքան տեղյակ եմ, նույնիսկ գերեզմանոցը քաղաքապետարանի կողմից է սարքվել:

Ես կարող եմ ձեզ օրինակ բերել՝ հարավ-ճապոնական նավակղզում տեղակայված է բավական մեծ ամերիկյան ռազմաբազա: Այնտեղ էլ են տեղի ունենում հանցագործություններ: Մոտ 10-12 տարի առաջ այնտեղի զինծառայողը բռնաբարել էր տեղի բնակչուհուն: Ամերիկացիները հարյուր միլիոնավոր դոլարների թե´ կրթական, թե´ սոցիալական ծրագրեր իրականացրեցին այդտեղ, մեծ ֆինանսական օժանդակություն ցուցաբերեցին տուժածի ընտանիքին: Դա նորմալ երևույթ է, աննորմալ է, երբ չի արվում, իսկ ռուսական կողմը չի սիրում անել որևէ բան: 

Ինչո՞ւ ռուսական ռազմաբազան Հայաստանում տեղակայելու համար ռուսական կողմը վարձակալական վճար չի վճարում: 

– Մենք ոչ միայն գումար չենք վերցնում ռազմաբազայի տեղակայման համար, այլև դրա ծախսերի 50 տոկոսն ընկած է մեր ուսերին: Նույնիսկ Ղրղըզստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման համար ռուսները վճար են մուծում:

– Քանի որ մեր զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Ավետիսյանների ընտանիքի սպանությանը, վերհիշենք, որ սպանության գործով դատավարության ընթացքում չհարցաքննվեց ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին: Ընդհանուր առմամբ Ավետիսյանների դատավարությունը ձևական բնույթ էր կրում. սպանության դրդապատճառն այդպես էլ չպարզվեց:  

– Պերմյակովի գործը շատ դժվար քննվող գործ է, շատ մութ անկյուններ կան դրանում: Ի սկզբանե պարզ էր, որ գործը ծածկադմփոց է արվելու, ընթանալու է այն կարգով, որը նախատեսված է եղել: Պատահական չէ, որ Պերմյակովը շատ արագ ընդունեց այն բոլոր մեղադրանքները, որոնք իրեն հասցեագրվել էին, որովհետև սցենարով այդպես էր նախատեսված, և սցենարը շատ հարթ գնաց:

Անահիտ Սիմոնյան

Տեսանյութեր

Լրահոս