Թռիչքաձև գնաճ՝ Գյումրիում. կարագը թանկացել է 40.6 %-ով

Վերջերս մեր հանրապետությունում դրսից ներկրվող կարագի որոշ տեսակների գներ կտրուկ բարձրացան:

Օրեր առաջ «Անկոր» տեսակի կարագի 1կգ-ն Գյումրու շուկայում նախկին 3200 դրամի փոխարեն՝ վաճառվում էր 4000 դրամով: Սակայն վերջին երկու օրերին այս կարագի գինը կրկին բարձրացել է. Գյումրու որոշ խանութներում 1կգ-ն արժե 4500-4550 դրամ: Այսպիսով, «Անկոր» կարագի գինը բարձրացել է ևս 1300 դրամով: Ընդհանուր առմամբ, վերջին շրջանում այս կարագի 1 կգ-ի գինը Գյումրու շուկայում բարձրացել է 40.6 տոկոսով:

Ավելի բարձր գին ունի «Վալիո» տեսակի կարագը:

Նախկինում Գյումրու խանութներում 50-55 դրամով կարելի էր ձու գտնել: Այժմ այն արժե 60-65-70 դրամ: Գյումրու խանութներում պատճառաբանում են, որ իրենց թանկացած գներով են ձուն առաքում:

Կարդացեք նաև

Գյումրեցիներին մտահոգող թանկացումների շարանն անվերջ է:

Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց Գյումրու բնակիչ Վարդգես Ավանեսյանը, կառավարությունն իրենց մասին չի մտածում, այլապես գնաճը զսպելու մեխանիզմներ կգտներ:

«Լավ է, գոնե տեղական կարագ կարող ենք գնել, որակով էլ ավելի լավն է դրսից բերածից»,- ասաց Վարդգես Ավանեսյանը:

Վերջին շրջանում գնաճի հետևանքով ոչ տեղական և տեղական որոշ ապրանքատեսակներ, որոնք ավելի մատչելի գին ունեն, շատ են սպառվում:

Օրինակ՝ ռուսական արտադրության որոշ կարագի տեսակներ, որոնք իրենց մեջ նաև կարագին փոխարինող սպրեդ են պարունակում:

«Իգիթ» գործարանի արտադրած կարագը, որի 1 կգ-ն արժե 2200-2400-2500 դրամ՝ գրեթե 53 տոկոսով էժան է «Անկորից» և դրսից բերված կարագի որոշ տեսակներից:

168.am-ի հետ զրույցում «Իգիթ» գործարանի պատասխանատուներից մեկը նշեց, որ իրենց արտադրած կարագի գները չեն բարձրանալու:

«Դրսից բերված կարագի գները որ սկսել են բարձրանալ, խանութները նոր սկսել են հետաքրքրվել, վերցնել: Երկու տարի առաջ կար նորմալ պաստերիզացված կարագ, դրա գինն էժան էր, մերը շատ չէր վաճառվում: Հիմա պահանջարկ կա: Կաթի մի լիտրն այժմ 160 դրամով ենք ձեռք բերում: Եթե կաթի գինը նույնը մնա, մեր արտադրած կարագի գինն էլ չի փոխվի: Բայց չեմ կարծում, որ կաթի գները բարձրանան: Սեզոնին, երբ կաթի գինն էժան էր, կարագի գինն էլ էր էժան՝ 1800-1900 դրամ: Հուլիս-օգոստոս ամիսներին մեր կարագի մի տուփն արկղով 1800 դրամ արժեր, կգ-ով՝ 1900 դրամ: Բայց հիմա, երբ կաթի գինը բարձրացավ, բնական է՝ կարագի գինն էլ կբարձրանա: Ինչքան գյուղացին կաթը շատացրեց, այնքան կարագ շատ կարող ենք արտադրել Շիրակի մարզի գյուղերի համար: Ռուսաստանի Կրասնոդարի երկրամաս էլ ենք ուղարկում»,- նշեց մեր զրուցակիցը:

Ի պատասխան հարցի՝ եթե պետությունը մեծացնի հարկային բեռը տնտեսվարողների վրա, դա ինչի՞ կհանգեցնի, «Իգիթ» գործարանի պատասխանատուն նշեց.

«Կաթի հարկ կա՝ ավելացված արժեքի հարկ: Այդ հարկը գյուղացին չի վճարում, մենք ենք վճարում: Եթե կաթի 1 լիտրն արժե 150 դրամ, ավելացված արժեքի հարկով կաթի 1 լիտրը կարժենա 180 դրամ: Եթե եկավ մի պահ, որ՝ վերջ, բոլորը պետք է օրինական աշխատեն, չգիտեմ՝ արդեն ինչ կլինի… «Պանրագործների միություն» կա, իրենք դիմել են կառավարություն, կառավարությունը ներկա պահին այդ հարցերով զբաղվում է»:

Հավելենք, որ մեր հանրապետությունում 2017թ. օգոստոսի համեմատ՝ մսամթերքի գները բարձրացել են 0.3 տոկոսով: ՀՀ-ում նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ՝ 2017թ. սեպտեմբերին գրանցվել է 6.6 տոկոս գնաճ:

2017թ. Սեպտեմբերին՝ օգոստոսի համեմատ, հանրապետության 4 քաղաքներում մսամթերքի գներն աճել են 0.1-1.3 տոկոսով:

Անահիտ Սիմոնյան

Տեսանյութեր

Լրահոս