23 միլիոն եվրոյի անհայտ ճակատագիրը կամ Գյումրու «Հյուսիս-Հարավը»
2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ-ում տեղի ունեցավ սահմանադրական հանրաքվե, որից երկու օր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել էր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ խոստանալով հաստատել 23 մլն եվրոյի վարկը՝ Գյումրու փողոցաշինության և լուսավորության ծրագրի իրականացման համար:
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության, «Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագրի» ընդհանուր արժեքը կազմում է մոտ 23.840.000 եվրո, որից 14.600.000 մլն եվրո վարկային միջոցները տրամադրվելու է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) կողմից:
ՎԶԵԲ-ը կազմակերպելու է մինչև 7.300.000 եվրո գումարի չափով դրամաշնորհային հիմունքներով ֆինանսավորման տրամադրում ՎԶԵԲ-ի բաժնետերերի հատուկ հիմնադրամի կամ միջազգային դոնորների կողմից: Տրամադրվելու են նաև տեխնիկական համագործակցության միջոցներ` մինչև 1.940.000 եվրո գումարի չափով:
Ծրագրի ֆինանսական միջոցների մասին առաջին անգամը չէ, որ խոսվում է, սակայն այն այդպես էլ կյանքի չի կոչվում:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը մեզ հետ զրույցում հավաստել էր, որ Գյումրու փողոցների վերանորոգման համար գումարն արդեն տեղ է հասել, հոկտեմբեր ամսից սկսվելու են շինարարական աշխատանքները: Խոսք էր գնում Գյումրու փողոցներից մեկի՝ Գերցեն փողոցի հնարավոր ասֆալտապատման մասին:
Սակայն վերջերս Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր.
«Մեր պատճառով չէ, որ ուշանում է: Ինչպես ասել էինք՝ պետք է այս ամսից սկսեինք շինարարական աշխատանքները, բայց այս պահին գտնվում է Լոնդոնում, իրենք պիտի թույլատրեն շինարարին մրցման։ Երբ շինարարը պարզ եղավ՝ գործը սկսելու ենք»։
Գյումրեցիներին մտահոգում է այն, որ արդեն հոկտեմբեր ամիսն է, սակայն շինարարական աշխատանքներ տեղի չեն ունենում:
Կան կարծիքներ, որ ծրագրի իրականացումը կարող է տևական ժամանակով ձգձգվել, և արժանանալ «Հյուսիս-Հարավ» ճանապարհահատվածի շինարարության ճակատագրին, չեն բացառվի նաև կոռուպցիոն դրսևորումները:
«Մենք արդեն հոգնել ենք պայքարելուց, դրա համար էլ ձայն չենք հանում, թե ուր են փողերը: Մեզ այլևս ոչինչ չի հետաքրքրում: 2013 թվականին Սերժ Սարգսյանը նաև անօթևանության հարցը պետք է լուծեր, բայց Գյումրիում այժմ բազմաթիվ անօթևան ընտանիքներ կան»,- 168.am-ի հետ զրույցում դժգոհեց 75-ամյա Վարդգես Եղիազարյանը:
Նշենք, որ առավել բարդ է ԶԼՄ-ների գործը՝ պարզելու, թե ինչ է լինելու 23 մլն եվրոյի ճակատագիրը:
Մինչ ծրագրի կյանքի կոչումը մեր հանրապետության երկրորդ ամենախոշոր քաղաքի բնակիչները շարունակելու են «մագլցել» անբարեկարգ, ցեխոտ փողոցներով:
Հիմնանորոգման կարիք ունեն հատկապես քաղաքի երկրորդական փողոցները:
Անահիտ Սիմոնյան