«Մեկը պճեղի մենինգիտ ունի, մյուսն ականջի խրոնիկ մեծացում ունի». Նիկոլ Փաշինյանը` բանակից ազատումների մասին

«Պետք է խոստովանել, որ Հայաստանում զինված ուժերի հետ հարաբերություններում կան 3 խումբ մարդիկ: Առաջին խումբը նրանք են, ովքեր զինված ուժերի հետ ունեն օրինական հարաբերություններ` և՛ դե ֆակտո, և՛ դե յուրե: Երկրորդ խումբն արտոնյալներն են, ովքեր դե յուրե օրինական հարաբերությունների մեջ են, բայց դե ֆակտո կարողանում են իրենց երեխաներին բանակ չուղարկել: Եվ պետք է խոստովանել, որ այս երկրորդ խումբ արտոնյալների կարևոր գործիքներից մեկը բուհական համակարգն է` իր կոռուպցիայով: Եվ թվում է, թե այստեղ խնդրի լուծումը գտնված է, և մենք այս արտոնյալների խնդիրը լուծում ենք»,- այսօր ԱԺ նիստում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ վերջերս այս օրինագծի հետ կապված հարցում է ուղարկել պաշտպանության նախարարին և ստացել է պատասխան «գաղտնի» գրիֆի ներքո, և, քանի որ թվերը չի կարող ներկայացնել, ներկայացրեց իր տպավորությունները: Փաշինյանի խոսքով` ծառայությունից ահավոր մեծ թվով ազատումներ կան, որ անգամ դժվար է հավատալ, և այդ ազատումների 100-ից 90 դեպքերում հիմքն առողջականն է, 10-ը` ակադեմիականը: Ըստ նրա` եթե այդ 90 դեպքերի կեսն իրականում հիմնավոր է ազատված, մյուս կեսը կոռուպցիոն ոլորտն է. «Հայաստանում ուր գնում ես, համատարած մարդիկ ազատված են բանակից: Մեկը պճեղի մենինգիտ ունի, մյուսն ականջի խրոնիկ մեծացում ունի, և այդպես շարունակ: Այսինքն` մեր 100%-անոց պրոբլեմի 90%-ը կապված է առողջապահության ոլորտի հետ: Հիմա մենք այս օրենքի նախագծով լուծո՞ւմ ենք այդ խնդիրը: Ոչ, չենք լուծում»:

Ն.Փաշինյանը նշեց, որ, եթե ակադեմիականի 5 դեպքը կգտնի լուծումն իր «պապաների» շնորհիվ, որոնք նաև ԱԺ դահլիճում են, ստացվում է, որ օրինագիծը մյուս 5-ի դեմ է:

Ըստ նրա` ՀՀ-ում այս տարվա հունվարի 1-ի դրությամբ կա 12698 հետախուզվող, որից 11286-ը հետախուզվում է բանակից խուսափելու համար, և վերջին 3 տարում այդ մարդկանց թիվը 1100-ով ավելացել է: Պատգամավորի կարծիքով` մարդիկ չեն հասկանում` եթե աջ ու ձախ չեն ծառայում, ինքն ինչո՞ւ պետք է ծառայի:

Կարդացեք նաև

«Մի ժամանակ գյուղատնտեսության նախարարը դաշտերն էր օրհնում, հիմա հիմնական անվտանգության կոմպոնենտ ա դառնում մեր առաջնագիծն օրհնելը: Նախարարին հարց ենք տալիս, ասում ա` Վեհափառի հետ կխոսեմ: Էս ի՞նչ ա նշանակում: Բա որ Վեհափառն ասեց` չէ»,- ասաց Ն.Փաշինյանը` ընդգծելով, որ եկեղեցի-պետություն գիծն անցնելիս պետությունը կանգնում է վտանգի առաջ:

Նա նշեց, որ «գաղտնի» գրիֆը շահագործվում է, իսկ ռազմաարդյունաբերական համալիրում կատարվողն անբավարար է, և բյուջեի կտարողականի թվերը դա ցույց են տալիս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս