Ինչո՞ւ են ուշանում շտապօգնության մեքենաները. տնօրենի պարզաբանումը
Ինչո՞ւ են շտապօգնության մեքենաները կանչերի դեպքում սովորաբար ուշ տեղ հասնում՝ հարուցելով քաղաքացիների դժգոհությունը:
«Արցախպրես»-ի թղթակցի այս հարցադրմանն ի պատասխան՝ Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայանի գործադիր տնօրեն Անահիտ Հակոբյանն ասել է, որ հիմնական պատճառն այն է, որ քաղաքացիները ծուլանում են դիմել քաղաքային պոլիկլինիկա և բոլոր խնդիրներով զանգահարում են շտապ օգնության կայան, ինչն էլ լրացուցիչ բարդություններ է ստեղծում:
«Օրվա մեջ՝ քաղաքացիների կողմից կանչերը հիմնականում գրանցվում են առավոտյան ժամը 9:00-ին, երեկոյան՝ 18:00-ին և ավելի ուշ, երբ սովորաբար պառկում են քնելու: Այդ ժամերին հիմնականում արյան ճնշման խնդիրներով միանգամից մեծ թվով կանչեր են գրանցվում, և մեզ մոտ հերթեր են գոյանում: Արդյունքում առաջանում են դժգոհություններ, այն դեպքում, երբ մեր քաղաքացիները նման հարցերով պետք է դիմեն Ստեփանակերտի պոլիկլինիկա, որտեղ կան տեղամասային բժիշկներ»,- ասել է Ա. Հակոբյանը և հավելել, որ կայանում օրվա ընթացքում աշխատում է 3 բժշկական բրիգադ:
Տնօրենի խոսքով՝ բացի Ստեփանակերտից իրենց կայանը շուրջօրյա աշխատանք է իրականացնում՝ սպասարկելով նաև մայրաքաղաքին հարակից 19 գյուղերի բնակչությանը:
«Օրվա մեջ միջինը գրանցվում է շուրջ 35 կանչ: Հիմնական պատճառներն են արյան ճնշումը, սրտային նոպաները, սուր վիրուսային ինֆեկցիոն հիվանդությունները, թունավորումները: Ի դեպ, այս տարի սուր վիրուսային վարակիչ հիվանդությունները նվազել են»,- նշել է Ա. Հակոբյանը և հավելել, որ, ընդհանուր առմամբ, ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին գրանցվել է 8494 կանչ՝ 2016 թվականի 9191 կանչի դիմաց: