Ալիևը կրակում է, Սերժ Սարգսյանը գաղտնազերծում է Ժնևը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 24-ին մասնակցելով պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական ինստիտուտի նոր ուսումնական ծրագրի մեկնարկի արարողությանը՝ Սերժ Սարգսյանն իր ունեցած ելույթում անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին և Ժնևի հանդիպմանը:

Ընդ որում, Սարգսյանի անդրադարձը բավականին տարօրինակ է և հակասական: Բանն այն է, որ Սարգսյանը, մի կողմից ոչինչ չի ասել սահմանին լարվածությունը մեծացնելու՝ Ադրբեջանի այսպես ասած հետժնևյան քայլերի մասին՝ համենայնդեպս ուղիղ իմաստով, մյուս կողմից՝ նա գործնականում հայտարարել է, թե կա՛մ բանակցում են, կա՛մ կրակում՝ երկուսը մեկտեղ հնարավոր չէ:

Սակայն հատկանշական է նաև, որ Սարգսյանը չի խոսել հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրման անհրաժեշտության մասին, թեև, օրինակ, նախօրեին ադրբեջանական կողմից «Սպայկ» հրթիռների և արկերի կիրառումը կարծես թե Երևանին հնարավորություն և առիթ է տալիս ընդգծել իր դիրքորոշման իրավացիությունը, որ քանի դեռ չկան այդ մեխանիզմները, բանակցությունն անիմաստ է:

Ավելին, Սարգսյանը հայտարարել է, թե անհամբեր սպասում է Ալիևի հետ հաջորդ հանդիպմանը՝ նրան հարցնելու համար, թե Ժնևի հանդիպման այդ ինչ պայմանավորվածություն է խախտել ինքը, ինչպես հայտարարել էր Ալիևի օգնական Նովրուզ Մամեդովը:

Ինչպես հայտնի է, Մամեդովը հայտարարել էր, թե Սարգսյանը խախտել է հանդիպմանը քննարկված բովանդակությունը չբարձրաձայնելու մասին լռությունը, շվեյցարահայ համայնքի հետ հանդիպմանն արված հայտարարություններով:

Մի բան շատ հետաքրքիր է՝ Ժնևից առաջ Սերժ Սարգսյանն իր խոսնակի միջոցով ուղղակի անխնա անարգանքի ենթարկեց Ալիևին, արձագանքելով նրա հայտարարությանը, թե հայկական կողմը հանդիպման է գնում՝ հրաժարվելով իր դրած նախապայմաններից կամ պայմաններից: Սերժ Սարգսյանի խոսնակի արձագանքը գրեթե հայհոյանք էր Ալիևի հասցեին: Իսկ ահա Ժնևի հանդիպումից հետո ակնառու է դառնում Սարգսյանի հոգատարությունը Ալիևի հանդեպ: Օրինակ, Ժնևից առաջ Սարգսյանը նրան մեղադրում էր պայմանավորվածությունները խախտելու համար:

Ժնևից հետո Ալիևը հրթիռակոծում է հայկական դիրքերը, սակայն Սարգսյանը խնայում է Ալիևին և նրան չի ուղղում գրեթե ոչ մի մեղադրանք:

Ինչո՞վ է պայմանավորված այդ դիվանագիտական «հոգատարությունը» Ալիևի նկատմամբ, որ ցուցաբերում է Սարգսյանը: Նա հայտարարում է, թե «անհամբեր սպասում» է հաջորդ հանդիպմանը, որպեսզի հարցնի Ալիևին, թե ինչն է նրան այդպես զայրացրել:

Այստեղ իհարկե հարց է առաջանում նաև, թե արդյո՞ք արդեն իսկ կա հաջորդ հանդիպման պայմանավորվածություն, թե՞ Սարգսյանը հընթացս հանդես է գալիս դրա առաջարկով: Ավելին, կա տպավորություն, համենայնդեպս, դատելով Սարգսյանի արձագանքի այսպես ասած մեղմությունից, որ Ժնևից հետո սահմանին իրավիճակի որոշակի լարումը հայկական կողմի համար ամենևին անակնկալ չէր:

Եվ հարց է առաջանում, արդյո՞ք դա Սերժ Սարգսյան-Ալիև զրույցի մաս էր:

Ընդհանրապես, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Ալիևի հետ հանդիպմանը քննարկել են լիովին այլ հարցեր, որոնք չեն առնչվում շվեյցարահայ համայնքի հետ հանդիպմանն ասվածին, և իր այդ հայտարարություններով ինքը կես բառ անգամ չի գաղտնազերծել իրենց զրույցը, ինչպես հայտարարել է Սարգսյանն այսօր:

Այդ առումով էլ հարց է առաջանում, թե, ուրեմն ի՞նչ են քննարկել Սարգսյանն ու Ալիևը, եթե ոչ այն, ինչի մասին Սարգսյանը հետո հայտարարել էր հայկական համայնքի հետ հանդիպմանը:

Ո՞րն է եղել նրանց զրույցի թեման: Եվ արդյո՞ք այդ համատեքստում իրավացի չէր հանդիպումից հետո մեր այն գնահատականը, որն առիթ ենք ունեցել հնչեցնել, այն մասին, որ Սարգսյան-Ալիև Ժնևի հանդիպման օրակարգում ավելի շուտ եղել են Հայաստանի և Ադրբեջանի ներքին իշխանական և քաղաքական իրավիճակներին առնչվող հարցեր, քան բուն ղարաբաղյան թեմատիկային: Եվ այդ իմաստով, հայտնելով, որ չի գաղտնազերծել և ոչ մի բառ, Սերժ Սարգսյանը գործնականում բավական նրբորեն գաղտնազերծում է Ժնևը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս