Առաջին անգամ` EU Code Week-ում, «Խելացի քաղաքի» և «Հեքըթոնի» արդյունքները
Հոկտեմբերի վերջին շաբաթները շատ հարուստ են ՏՏ ոլորտի միջոցառումներով: Վերջին օրերին տեղի են ունեցել մի շարք հեքըթոններ և միջոցառումներ:
Հոկտեմբերի 21-ին Երևանում առաջին անգամ անցկացվեց «Learn to Code! It’s Fun!» խորագրով միջոցառում եվրոպական ծրագրավորման ամենամեծ իրադարձության՝ EU Code Week-ի շրջանակներում: Հայաստանն այս միջոցառմանը մասնակցում էր առաջին անգամ:
EU Code Week-ը հանդիսանում է եվրոպական խոշորագույն ծրագրավորման միջոցառում: Այն անց է կացվում արդեն 5-րդ տարին՝ իր շուրջ համախմբելով միլիոնավոր երիտասարդների եվրոպական ավելի քան 50 երկրներից: Միջոցառման նպատակն է՝ ծրագրավորումը և թվային գրագիտությունը դարձնել հասանելի և հետաքրքիր դպրոցականների համար:
Միջոցառմանը մասնակցեցին 9-17 տարեկան մոտ 200 դպրոցականներ ինչպես՝ Երևանի, այնպես էլ՝ մարզերի դպրոցներից: Երկու ժամ տևողությամբ բաց դասի ընթացքում 9-13 տարեկան մասնակիցները ծանոթացան «Scratch» միջավայրի հնարավորություններին և փորձեցին ստեղծել պարզ անիմացիաներ, իսկ 14-17 տարեկան դպրոցականները՝ HTML-ի միջոցով կայք ստեղծելու հնարավորություններին:
Միջոցառումը նախաձեռնել էր Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) Հայ-Հնդկական ՏՀՏ Գերազանցության կենտրոնը (AITC), միջոցառման աջակիցն էր GOOGLE-ը:
Հոկտեմբերի 21-22-ը Երևանի քաղաքապետարանում կայացավ «Խելացի քաղաք» 24-ժամյա հեքըթոնը, որին մասնակցեցին ավելի քան 60 ծրագրավորողներ, տվյալների բազաների հետ աշխատող մասնագետներ և վեբ ու բջջային հարթակներ նախագծողներ: «Խելացի քաղաք» հեքըթոնը կազմակերպվել էր Կոլբա լաբի կողմից իրականացվող «Նորարար առաջընթաց» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվելու է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից:
Հեքըթոնի ընթացքում հաղթող ճանաչվեցին երեք թիմեր: Առաջին մրցանակին և 5000 ԱՄՆ դոլար պարգևավճարին արժանացավ «Oorban» թիմը: Թիմն առաջարկում է համատիրությունների էլեկտրոնային կառավարման համակարգ, որը հնարավորություն կտա բնակիչներին հետևել իրենց վճարների օգտագործմանը, ինչպես նաև բարձրաձայնել իրենց շենքի կառավարման վերաբերյալ խնդիրները:
«Datathon» թիմն արժանացավ երկրորդ մրցանակին և 4000 դոլար պարգևավճարին: Թիմն աշխատելով աղբատար մեքենաների ուղեգծերի և աղբամանների տեղադրման վերաբերյալ տվյալների հետ՝ մշակեց մոդել, որը կօգնի առավել արդյունավետ կազմակերպել աղբատար մեքենաների ուղեգծերի կազմում և աղբամանների առավել նպատակահարմար դասավորություն:
«Smart Space» թիմը հեքըթոնից հետո երրորդն էր և ստացավ 3000 դոլար: Թիմը մշակել էր Երևանի համայնքներում կենսամակարդակի մոնիտորինգի գործիք, որն օգտագործում է տվյալներ ինչպես՝ բնակֆոնդի, աղբահանության, այնպես էլ՝ այլ ոլորտներից, և քարտեզագրում քաղաքում առավել աղտոտված կամ նպաստավոր հատվածները
Հոկտեմբերի 20-21-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կայացավ Beeline Հայաստանի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի կողմից կազմակերպված «Հեքըթոն» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթը:
Հաղթող է ճանաչվել Lezoo թիմը, որն արժանացավ 3000 դոլար մրցանակի: Թիմը մշակել է մի լուծում, որը թույլ է տալիս խմբակային զանգ կատարել և խոսակցության ընթացքում ունենալ համաժամանակյա թարգմանություն։
Երկրորդ տեղի մրցանակին արժանացան երկու թիմ՝ iterate և megista, որոնք կստանան 1000-ական դոլար մրցանակ։ Iterate թիմի մշակած լուծումը թույլ է տալիս հեռահաղորդակցության կապից օգտվողին տեսահոլովակներ նայելու միջոցով հավաքել միավորներ և հետագայում այդ միավորները փոխանակել հեռախոսակապի րոպեների հետ։ Իսկ Megista թիմի մշակած պրոդուկտը թույլ է տալիս հաճախորդի ունեցած տվյալների վերլուծության հիման վրա առաջարկել նրան տվյալ օպերատորի առաջարկած ամենալավ սակագնային պլանը։
«Հեռահաղորդակցության հեքըթոնին մասնակցող թիմերը բազմաթիվ հետաքրքիր լուծումներ էին մշակել՝ կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ և հիմնվելով այս ոլորտում առկա big data-ի վրա։ Լուծումներից շատերը հետագայում կարող են դառնալ բավականին նորարար և եկամտաբեր պրոդուկտներ, որոնք կիրառելի կլինեն հեռահաղորդակցության օպերատորների կողմից ցանկացած երկրում»,- նշում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։
Սիրարփի Աղաբաբյան