«Եթե ագրեսորը հարձակվում է, պետք է ագրեսորի գլուխը պոկենք». Դավիթ Բաբայան. «ՀԺ»
Ժնեւի հանդիպումից մի քանի օր անց արցախա-ադրբեջանական շփման գծում լարվածությունը մեծանում է: Շփման գծում զարգացումների վերաբերյալ «ՀԺ»-ի հարցերին է պատասխանում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
– Պարոն Բաբայան, մի քանի ամսվա դադարից հետո հակռակորդը կրկին «Սպայկ» հակատանկային հրթիռ կիրառել: Սա ի՞նչ է նշանակում, եւ ի՞նչ կապ կարող է ունենալ Ժնեւում օրեր առաջ տեղի ունեցած հանդիպման հետ:
– Սա ոչինչ էլ չի նշանակում: Երբեմն մարդիկ այնպես են զարմանում, կարծես թե, մեր հարեւանը Լյուքսեմբուրգն է, կամ Իռլանդիան, ոչ՝ դա Ադրբեջանն է: Ի՞նչ է Ադրբեջանը երբեւիցե իր քաղաքականությունից հրաժարվե՞լ է, գոնե մեկ անգամ ասե՞լ է՝ հիմա չեմ կիրառելու, խելոք եմ ինձ պահելու: Ընդհակառակը՝ ամեն օր, ամեն ժամ մանկապարտեզներից սկսած ասում են՝ մենք պետք է ոչնչացնեք հայերին, մենք պետք է ազատենք Երեւանը, մենք պետք է Ստեփանակերտում թեյ խմենք, եւ այսպիսի բաներ: Ինձ համար զարմանալի է, որ մարդիկ տարակուսանք են հայտնում:
Կարո՞ղ է մենք գործ ունենք քաղաքակիրթ երկրի հետ, նորմալ պետության հետ, իհարկե՝ ոչ: Դրա համար էլ այդպես էլ վարվում են: Մենք պետք է չփորձենք ամեն ինչ շահարկել: Նախ եւ առաջ մեզ համար ցանկացած կորուստ, ողբերգություն է, եւ մենք դա ընդունում ենք որպես մեր անձնական կորուստ եւ մարդիկ, ովքեր սոցիալական ցանցերում հայրենասիրական գաղափարներով բղավում են՝ էս ինչ է կատարվում, մեր տղաները զոհվում են, նրանց մեծ մասն ադրբեջանական եւ թուրքական հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն են:
Ի՞նչ անենք, թողնենք փախնե՞նք, կոտորվե՞նք, այլընտրանքը դա՞ է լինելու: Ընդհակառակը՝ մենք պետք է շարունակենք ուժեղացնել մեր երկիրը, մենք երբեւէ չենք լինելու ագրեսոր, բայց մեզ սպառնացող ցանկացած վտանգ առավելեւս՝ ագրեսիա, կասեցնելու ենք: Եթե լինի պատերազմ մեր դեմ՝ ագրեսիան տեղափոխելու ենք ռազմական գործողություն՝ Ադրբեջանի տարածքի խորքեր:
Ասում են՝ դադարեցնենք բանակցությունները, այլընտրանքը ո՞րն է՝ պատերազմը, ուզում ենք մենք գնալ պատերազմի՞, հարյուրավոր, հազարավոր մարդիկ զոհվե՞ն եւ այլն: Իհարկե, պատրաստ ենք, եթե մեզ վրա հարձակվեն, բայց եթե գեթ մեկ հնարավորություն կա հազարավոր մարդկանց կյանքը փրկելու, խաղաղ ճանապարհով կարգավորելու հակամարտությունը, պետք է այն օգտագործենք:
Մենք չենք վախենում պատերազմից, պարզապես մենք տեսել ենք դա ինչ է, չենք ուզում նորից կրկնվի: Իսկ եթե կրկնվում է, եթե ագրեսորը հարձակվում է, էդտեղ արդեն պետք է ագրեսորի գլուխը պոկենք, տարբերակ չկա:
– Առաջիկայում լարվածությունը կմեծանա՞ հաշվի առնելով հակառակորդի վերջին գործողությունները:
– Սա կախված է բազմաթիվ խնդիրներից: Չեմ կարծում, որ կբերի լայնածավալ պատերազմի, պարզապես մենք պետք է հաշվի առնենք, որ Ադրբեջանը ռազմական գործողությունները շարունակելու է, դիմելու է կեղտոտ քայլերի, դիվերսիաների, որոնք 99 տոկոսով կասեցվում են: Շարունակելու է նման ահաբեկչական գործողություններ իրականացնել, մենք կասեցնելու ենք: Չնայած դրան չպետք է մոռանանք՝ ում հետ գործ ունենք, եւ չկորցնենք իրականության զգացումը: Սա այնպիսի երեւույթ է, որը միշտ էլ կա, էստեղ նոր բան չկա, որ մենք սկսենք մտածել եւ ասել էս ինչ նոր երեւույթ է:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: