ՀՀ պետական պարտքի կայունությունը
Հայաստանի պետական պարտքը գնալով աճում է։ Արդեն 2017 թվականի վերջին այն կհասնի 6.8 մլրդ դոլարի, իսկ 2018 թվականի վերջին՝ 7.2 մլրդ դոլարի։
Այս պայմաններում առավել արդիական է դառնում պետական պարտքի կայունության հիմնախնդիրը։ Նշենք, որ պարտքի կայունություն ասելով պետք է նկատի ունենալ ոչ միայն դրա մեծությունը, այլև՝ ինչպե՞ս է երկիրը կառավարում պարտքը և արդյո՞ք նոր ստեղծվող պարտքը տնտեսությունում ստեղծում է ավելացված արժեք և անհրաժեշտ կանխիկ հոսքեր, որպեսզի դրանց հաշվին հետագայում հնարավոր լինի մարել ապագա պարտավորություններն առանց բախվելու իրացվելիության և վճարունակության խնդիրների։
Կարճ ասած, երկիրը պետք է ի վիճակի լինի միջնաժամկետ հեռանկարում կատարել պարտքի գծով պարտավորությունները (վճարունակություն) և կարողանա կատարել այն պարտավորությունները, որոնց մարման ժամկետը լրացել է (իրացվելիություն)։
Հանքավանում տեղի ունեցած քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմը լրագրողներին ներկայացրել ՀՀ պետական պարտքի կայունության վերաբերյալ վերլուծություններն ու դրանց արդյունքները։
Հայաստանում կիրառվում է միջազգային պրակտիկայում հայտնի և տնտեսագետների կողմից լայն կիրառություն ունեցող մոդելներ։ Մասնավորապես՝
– Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կողմից համատեղ մշակված «Պարտքի Կայունության Վերլուծության» մոդելը (DSA),
– «Առաջնային Պակասուրդի»,«Եկամուտների» ճեղքի գնահատման և Բյուջեի Սահմանափակման Ներկա Արժեքի գնահատման միջնաժամկետ մոդելներ,
Առանց դետալների մեջ խորանալու՝ նշենք, որ ֆիննախը Հայաստանի պետական պարտքը վերլուծել է բոլոր մոդելներով և եկել 3 հիմնական եզրակացության.
Եզրակացություն 1.
- Վերլուծության համար օգտագործված բոլոր մոդելների ելակետային սցենարներով վտանգներ չեն բացահայտվում միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածում, թերևս որոշ մակրոտնտեսական ցուցանիշների կանխատեսվածից շեղումների պարագայում ազդարարում են ռիսկեր։
- ՀՀ կառավարության պարտքի կայունությունը առավել զգայուն է փոխարժեքի արժեզրկման և ՀՆԱ-ի մշտապես ցածր աճի նկատմամբ։ Մասնավորապես.
– Արտաքին կայունության մասով` դրամի 20% կտրուկ անվանական արժեզրկում,
– Ֆիսկալ մասով` երկարաժամկետ ցածր տնտեսական աճը,
Այս գործոնների ի հայտ գալով, ըստ ֆիննախի, պարտքի կայունությունը վատթարանում է, բայց չի հանգեցնում անկայունության:
Եզրակացություն 2.
Հարկաբյուջետային կայունության միջնաժամկետ գնահատականներով բացահայտվում են չափավոր ռիսկեր և ազդարարում զգուշավորություն ապագայում հարկաբյուջետային քաղաքականության շրջանակներում: Գնահատվում է եկամուտների ավելի բարձր մակարդակի անհրաժեշտություն:
Եկամուտների բարձր մակարդակի դեպքում կչեզոքանան պարտքի կայունությանը հակազդող` ՀՆԱ–ի և արտահանման նվազման ռիսկերը:
Եզրակացություն 3.
Հայաստանը գնահատվում է չափավոր ռիսկային ըստ պարտքի կայունության վերլուծության դասակարգման