Բաժիններ՝

ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի մրցանակի այս տարվա դափնեկիրն iPod-ի ստեղծող Թոնի Ֆադելն է. նոյեմբերին նա կժամանի Հայաստան

ՀՀ նախագահի նստավայրում այսօր՝ հոկտեմբերի 19-ին, տեղի ունեցավ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2017 թվականի մրցանակաբաշխության հաղթողի ներկայացման մամուլի ասուլիսը։ Մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը հայտարարեց, որ Համաշխարհային ՏՏ մրցանակի այս տարվա դափնեկիրը «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, iPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելն է։

Թոնի Ֆադելը հայտնի է՝ որպես գյուտարար, դիզայներ, ձեռներեց և հրեշտակ ներդրող։ Լինելով երաժշտության սիրահար, Ֆադելը մտածում էր դյուրակիր թվային երաժշտական նվագարկչի հայտնագործման ուղղությամբ։ Իր սեփական ստարտափի համար ֆինանսավորում փնտրելու ժամանակ 2001թ. նա համագործակցության հրավեր է ստանում Apple ընկերությունից, սակայն ներկայացնելով Apple-ն իր դիզայնով՝ նա Սթիվ Ջոբսից մշտական աշխատանքի առաջարկ է ստանում հատուկ նախագծերի խմբի ղեկավարի պաշտոնում։ 2006-2008թթ. նա եղել է Apple ընկերության IPod բաժնի ավագ փոխնախագահ և հայտնի է՝ որպես iPod-ի հայրերից մեկը։ 2008թ. Ֆադելը լքում է Apple-ը։ 2010թ. նա հիմնում է «Նեսթ Լաբս» ընկերությունը, որը 2011թ. հայտարարում է իր առաջին արտադրանքի մասին՝ Nest Labs Learning Thermostat, դրան հետևում են ծխի հայտնաբերող սարքի և անվտանգության համակարգի հայտնագործությունները։

Ֆադելը հեղինակել է ավելի քան 300 արտոնագիր։ 2012թ. նա ստանում է «Ալվա» մրցանակ՝ որպես «հաջորդ մեծ սերիական գյուտարար»։ 2014թ. Google-ը գնում է Nest կազմակերպությունը 3.2 միլիարդ դոլարով։ Ֆադելը շարունակում է համագործակցել Google-ի հետ, սակայն, որոշ ժամանակ հետո հրաժարվում է։ 2014թ. Թոնի Ֆադելն ընդգրկվում է աշխարհի թոփ 25 էկո-նորարարների ցանկում։ 2016թ. նա հանդիսանում է Actev Motors երիտասարդ նախագծի համահիմնադիրը, որը ստեղծում է երեխաների համար ամբողջությամբ էլեկտրոնային խելացի կարդ-մեքենաներ։

Հովիկ Մուսայելյանն ասաց, որ Ֆադելը Հայաստան կայցելի նոյեմբերին. «Նա Հայաստանում կլինի նոյեմբերի 15-16-ը։ Այցի շրջանակներում նախատեսված են մի շարք միջոցառումներ՝ առանձնազրույց ՀՀ նախագահի հետ, մրցանակի հանձնման պաշտոնական արարողություն, ՀՊՃՀ-ում նրան կշնորհվի պատվավոր դոկտորի կոչում, կլինի նաև հանդիպում IT համայնքի առաջատարների և ուսանողների հետ»։

Կարդացեք նաև

Մրցանակաբաշխության կազմկոմիտեի նախագահ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը նկատեց՝ երբ 8 տարի առաջ հիմնվեց այս մրցանակաբաշխությունը, քչերն էին հավատում, որ այն իրականանալի է, որ ՏՏ ոլորտի համաշխարհային լեգենդներն ամեն տարի կժամանեն Հայաստան՝ ստանալու այս պատվավոր մրցանակը. «Այսօր այն լիովին կայացած, միջազգային տեխնոլոգիական հանրության կողմից ընդունված պարգև է»։

Ա. Գևորգյանի խոսքով՝ ՏՏ ոլորտի զարգացումը Հայաստանի զարգացման հիմնական հեռանկարներից է։

Ասուլիսի մյուս մասնակից, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն, մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ  Ռալֆ Յիրիկյանն էլ հավելեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը Հայաստանի կարևոր հրամայականներից մեկն է: Նրա խոսքով` ոլորտը զարգացնելու ուղղությամբ լուրջ աշխատանքներ են պետք, որպեսզի Հայաստանը ոլորտում արձանագրած հաջողությունների և առաջընթացի առումով ավելի ճանաչելի դառնա. «Այս մրցանակաբաշխությունն էլ հենց դրան է միտված, քանի որ մենք մրցանակ ենք հանձնում ոլորտում լուրջ հաջողությունների հասած և համաշխարհային ճանաչում ունեցող մարդկանց, ովքեր ժամանում են Հայաստան, իրենց փորձով կիսվում են երիտասարդ հայ մասնագետների հետ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս