Բաժիններ՝

Հայաստանին անհրաժեշտ է կրթություն բոլորի համար

Հայաստանում շատ է խոսվում բնապահպանական խնդիրների, բռնության դեմ պայքարի, կոռուպցիայի և ընտրակեղծիքների դեմ պայքարի մասին։ Փորձ է արվում այդ խնդիրները լուծելու համար ռազմավարություններ, քարոզչական ծրագրեր, օրենքներ մշակել։ Բայց իրականում այդ խնդիրների առկայության խորքային պատճառը երկրում առկա աղքատության բարձր ցուցանիշն է։ Դեռևս Արիստոտելն է ասել, որ աղքատությունը հանցագործությունների ծնողն է։ Փորձը ցույց է տալիս, որ աղքատության դեմ պայքարի արդյունավետ ձևերից մեկը որակյալ կրթական համակարգ ունենալն է։

Ցավոք, Հայաստանի կրթական համակարգը շարունակում է գործել սելեկցիայի տրամաբանությամբ։ Դպրոցական ուսումնառության առաջին մի քանի տարիներին մենք ընտրում ենք աշակերտների այն 10-20 տոկոսին, ովքեր հաջողակ են ակադեմիական առարկաներ սովորելու գործում։ Մոտավորապես 4-5-րդ դասարանում հասկանալի է դառնում այն աշակերտների ցանկը, ովքեր «պիտանի» են ակադեմիական կրթության համար։ Աշակերտների մնացած 80 տոկոսը շարունակում է դպրոց գալ՝ որպես ուսման «ձախողակ»։ Նրանց մի մասին նույնիսկ դադարում են դաս հարցնել։ Այսինքն, մենք ֆինանսավորում ենք 370 հազար երեխայի դպրոց գնալ-գալը, բայց այդ ֆինանսավորումը ծառայում է շուրջ 80 հազար երեխայի սովորելուն։

Եթե մենք ուզում ենք ունենալ զարգացած տնտեսություն, բարեկեցիկ հասարակություն, պարտավոր ենք մտածել աշակերտների այն մեծամասնության մասին, ովքեր ակադեմիական կրթության մեջ ձախողվում են։ Առնվազն մինչև 9-րդ դասարան մենք անտեսում ենք այս երեխաներին։ Նրանք հասարակ մաթեմատիկական բաներ չգիտեն, բայց 7-րդ դասարանից անցնում են «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն»։ Թելադրությունից բավարար գնահատական չեն կարողանում ստանալ, բայց հանձնարարում ենք հաստափոր գրքեր կարդալ։

Այսպիսով, մեր կրթական ծրագրերը սովորելու գործընթացից դուրս են թողնում աշակերտության զգալի մասին՝ անտարբեր մնալով նրանց կրթական կարիքների նկատմամբ։ Մինչդեռ 21-րդ դարում կրթությունն անհրաժեշտ է յուրաքանչյուր երեխայի։ Այն տեսակետը, որ գերազանցիկները կմեծանան, լավ կրթություն կստանան և կլուծեն աղքատների խնդիրները, ընդունելի չէ։ Երբ հասարակության մի փոքր մասը սովորում է, իսկ մեծ մասը չի սովորում, ապա մենք ունենք ոչ թե կրթություն, այլ վարժեցում։ Կրթությունը մի բան է, որը գոյություն ունի, երբ երկրում կա սովորող երեխաների կրիտիկական զանգված։

Կարդացեք նաև

Այն, որ մի քանի հոգու լավ դպրոց ու համալսարան ավարտելը չի կարող էական ազդեցություն ունենալ Հայաստանում աղքատության հաղթահարման վրա, պարզ տեսնում ենք Հայաստանի ֆուտբոլի հավաքականի օրինակով։ Հենրիկ Մխիթարյանի նման բարձրակարգ ֆուտբոլիստը միայնակ ոչինչ չի կարողանում անել, քանի որ ֆուտբոլը թիմային խաղ է։ Նույնը կրթությունն է։ Եթե 10-20 տոկոսն են որակյալ կրթություն ստանում, ապա շոշափելի արդյունքների հասնելն անհնար է։

Օրերս Մեծ Բրիտանիայում հետաքրքիր վիճակագրական տվյալներ հրապարակվեցին։ Երկրում փակվել է 800 հազար աշխատատեղ՝ ռոբոտացման արդյունքում։ Դրանք հիմնականում եղել են ցածր հմտություններ պահանջող աշխատանքներ։ Փոխարենը՝ երկրում բացվել է 3.5 միլիոն նոր աշխատատեղ, որոնց զգալի մասը՝ բարձրակարգ հմտություններ պահանջող։ Այսպիսով` աշխարհին պետք են ավելի շատ բարձրակարգ հմտություններ ունեցող մարդիկ և ավելի քիչ ցածրակարգ հմտություններ ունեցող մարդիկ։

Իսկ ի՞նչ պետք է անենք։ Խնդիրն այն է, որ մինչև ավագ դպրոց՝ մեր ուսումնական ծրագրերը միատեսակ են։ Օրինակ՝ 9-րդ դասարանում հանրապետական օլիմպիադայի հաղթող աշակերտին և գրեթե անտառաճանաչ աշակերտին նույն թեմաներն են ուսուցանվում` բարդության նույն աստիճանով։ Օրինակ՝ Հոլանդիայում, երբ աշակերտները դառնում են 12 տարեկան, հանձնում են լուրջ քննություն, որի արդյունքում որոշվում է, թե աշակերտն իր դպրոցական կրթությունն ինչ կարգի դպրոցում պետք է շարունակի։

Բարձրագույն թվանշաններ հավաքած աշակերտները շարունակում են ակադեմիական դպրոցներում, միջին միավորներ հավաքածները՝ ավելի թեթև ծրագիր ունեցող դպրոցներում, և այլն։ Ընդ որում, եթե միջին և ցածր աշակերտը տարիների ընթացքում աճ է արձանագրում, ապա նա կարող է սովորել նաև ակադեմիական դպրոցում և ընդունվել համալսարան։ Այսինքն՝ Հոլանդիայում երեխաներին առաջարկվում է մեկից ավելի կրթական ծրագիր՝ կախված երեխայի առաջադիմությունից։ Այս լուծումը Հայաստանում կարող է չաշխատել, քանի որ պարզ չէ, թե ինչպես կանցկացվեն այդ քննությունները, փոքր գյուղերում ինչպես պետք է կազմակերպվի աշակերտների կրթությունը։

Բայց պետք է գտնենք այս մոտեցման՝ մեզ մոտ աշխատող լուծումները։ Օրինակ՝ կարելի է առաջարկել տարբեր մակարդակի օնլայն ծրագրեր։ Կարելի է տարբեր մակարդակի երեխաների հետ աշխատելու ուսուցիչների կարողությունները հզորացնել՝ հրաժարվելով մեկ դասարան-մեկ ծրագիր մոտեցումից։ Պետությունը պետք է մի քանի կրթական ծրագիր առաջարկի, որպեսզի երեխան գտնի իրեն հարմար ծրագիրը և դրանով առաջ շարժվի։ Երբ մեկ ծրագիր ենք առաջարկում, մի մասն առաջ է ընկնում, մյուսները հետ են մնում, երրորդներն ընդհանրապես տեղից չեն շարժվում և անիմաստ ժամանակ են վատնում դպրոցում։

Երևանում այսօր նկատվում է հետևյալ միտումը։ Հարուստ և միջին խավի ընտանիքների ճնշող մեծամասնությունը երեխաներին չի տանում թաղամասային դպրոցներ։ Նրանց երեխաները գնում են կամ մասնավոր դպրոցներ, կամ էլ մի քանի հայտնի պետական դպրոցներ։ Թաղամասային դպրոցներում հիմնականում կուտակվում են հասարակության միջինից ցածր և անապահով ընտանիքների երեխաները։ Կրտսեր դպրոցից հետո թաղամասային դպրոցներից ուժեղանում է գերազանցիկների արտահոսքը, ովքեր նույնպես տեղափոխվում են հայտնի դպրոցներ։ Արդյունքում՝ թաղամասային դպրոցներում մնում են շատ քիչ լավ սովորող աշակերտներ։ Այդ դպրոցներում կորում է սովորելու ակադեմիական միջավայրը, բայց մնում է աշակերտներին պարտադրվող ակադեմիական ծրագիրը։ Այլընտրանքային ծրագիր պարզապես չի առաջարկվում։

Հայաստանին անհրաժեշտ է իրական հանրակրթություն, այսինքն՝ կրթություն բոլորի համար։ Եթե դա չեղավ, մենք լավ հասարակություն դառնալու ոչ մի շանս չունենք և ապրելու ենք Հենոյի գոլերով ու Արոնյանի գավաթներով ցավազրկվելու միջոցով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս