«Պետք չէ սարսափել դաստիարակչական միջամտություններից». Շիրակի թեմի առաջնորդ
«Այսքան տարի ապրել ենք առանց օրենքի, կարող էինք էլի ապրել: Կարող էինք ապրել նաև առանց Սահմանադրության: Ի՞նչ է տալու այս օրենքի չընդունումը: Ոչինչ: Այս օրենքի չլինելու պատճառով հենց հոգևորականներն են խնդիրների բախվում: Շատ հաճախ մենք գիտենք թաքուն հանցագործության մասին, բայց որևէ մեկին հայտնել չենք կարող: Եթե անգամ ուզում ենք հայտնել Ոստիկանությանը, Ոստիկանությունը որևէ լծակ չունի կանխելու ընտանեկան բռնությունը: Ավելի լավ է ունենալ մի օրենք, կամ ընդհանրապես չունենալ»,- այսօր ԱԺ-ում «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախնական նախագծի շուրջ կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Շիրակի թեմի առաջնորդ եպիսկոպոս Միքայել Աջապահյանը:
Ըստ նրա` եթե ոմանք մտածում են դավադրության մասին, ապա պետք է եվրոինտեգրման մասին չմտածեինք, բայց նման օրենք ունենալը եվրոինտեգրվելու անհրաժեշտ փուլերից է:
Շիրակի թեմի առաջնորդի խոսքով` եկեղեցին այլընտրանքային ծառայության օրենքին լուրջ ընդդիմացավ, բայց ամեն ընդդիմություն դոգմա չէ: Նրա կարծիքով` ավելի շատ պետք է կանխարգելիչ մեխանիզմների ստեղծման մասին մտածել, ոչ թե հետևանքների:
«Այստեղ շատ համակարգային մոտեցում է անհրաժեշտ: Ամեն բռնություն, որ տեղի է ունենում ընտանիքում, դեռևս բռնություն չէ: Առավել ևս, դաստիարակչական բռնությունը: Ամեն մի հայր, որ սիրում է իր զավակին, խրատում է»,- նկատեց եպիսկոպոսը` հավելելով, որ պետք չէ սարսափել դաստիարակչական միջամտություններից, օրինակ, եթե երեխան մի թանկարժեք իր է կոտրում, դրա համար ապտակը բռնություն չէ, իսկ երբ մարդը մտածում է, թե երբ է տուն գնալու, որ կնոջը մի լավ ծեծի, դա սադիզմ է:
«Այս օրենքը միայն կանանց կամ երեխաների համար չէ: Ընտանիքը պետք է չլինի իրավական հարաբերությունների թատերաբեմ, այլ պետք է հիմնված լինի սիրո վրա: Հայ ընտանիքի վրա որպես հարձակում ընդունողները ժամանակին պետք է մտածեին ամուսնալուծության հնարավորությունը բացառելու մասին: Հղիության կանխարգելման մասին օրենք որ եղավ, կարծես ոչ ոք դեմ չեղավ, իսկ բռնության կանխարգելման օրենքին դեմ եղան: Ընդունում ենք քրիստոնեական այն օրենքները, որ մեզ հաճելի են, իսկ որոնք հաճելի չեն, մերժում ենք: Եկեղեցին այստեղ որևէ խնդրահարույց հարց չունի` ունենա՞լ, թե՞ չունենալ: Կարելի է ունենալ, հետո լավացնել»,- ասաց Շիրակի թեմի առաջնորդ եպիսկոպոս Միքայել Աջապահյանը: