«Նախագահների հանդիպումը և ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը հայկական կողմի հերթական պարտությունն են». Տիգրան Գրիգորյան
«Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ստատուս քվոյի փոփոխության վրա հիմնված որևէ գործընթաց չի կարող փակուղուց և պատերազմից բացի որևէ այլ տեղ տանել»,-այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված «Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ Նրա խոսքով՝ եթե մինչ ապրիլյան պատերազմը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն էլ ունեին որոշակի տեսակետներ, որ հնարավոր է՝ այդ տարբերակով ինչ-որ բանի հասնել, ապա ապրիլյան պատերազմից հետո բոլորի համար է պարզ, որ այդ տարբերակը հենց սկզբից մեռելածին էր.
«Այդ առումով, կարծում եմ, որ հիմա ստատուս քվոյի փոփոխության խնդիր չկա, հակառակը՝ ներկայումս կա ստատուս քվոն պահելու համար նոր քաղաքական բանաձևի ձևավորման խնդիր, որի միջոցով հնարարով կլինի պահել այդ իրավիճակը, այդ կայունությունը»։
Բադալյանն ասաց, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացումը հայկական կողմի ներուժի արդյունք կարող են լինել.
«Այսինքն՝ մենք ունենք ներուժ՝ պահելու իրավիճակը՝ կունենանք արդյունք Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում։ Այդ ներուժը չունենք՝ արդյունք չենք ունենա։ Ապրիլյան պատերազմում հայկական զինուժի դիմադրության և փաստացի հակագրոհի անցնելու շնորհիվ էր, որ մենք ունեցանք Վիեննայի օրակարգ։ Այդ օրակարգը պահվելու է հայկական զինուժի կարողության շնորհիվ։ Այդ իմաստով՝ իսկապես շոշափելի փոփոխություններ են եղել։ Ես ուշադրություն կդարձնեի Կոմանդոսի հայտարարության վրա, որ ամերիկյան կողմը տրամադրել է տեսադիտման սարքեր։ Ամերիկյան կողմից այդ հայտարարությանը որևէ հակադարձում չեղավ։ Այսինքն՝ կայունությունը պահվելու է այստեղ։ Առանցքային խնդիրը լուծվելու է Հայաստանում և Ադրբեջանում՝ ներքին կառավարման արդյունքի շնորհիվ։ Որ կողմում կլինի ավելի արդյունավետ կառավարում՝ այդ կողմն էլ կարող է մեծ արդյունք արձանագրել»։
Ստեփանակերտից քննարկմանը տեսազանգով միացած քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն էլ նշեց, որ նախագահների հանդիպումը և ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը հայկական կողմի հերթական պարտությունն են.
«Ապրիլյան պատերազմից հետո ստեղծվել էր մի իրավիճակ, երբ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, և առաջին հերթին՝ ԱՄՆ-ը, պարտադրել էին մեխանիզմների ներդրում, որը վերահսկելի կդարձներ միջադեպերի գրանցումը, իսկ հայկական կողմը հայտարարում էր, թե մինչև Ադրբեջանը չկատարի ստանձնած պարտավորությունները, բովանդակային առումով բանակցություններ տեղի չեն ունենալու։ Ինչպես տեսանք՝ բանակցություններ, այնուամենայնիվ, տեղի ունեցան, ավելին, ընդունվել է այնպիսի հայտարարություն, որի մեջ խոսք չկա ո՛չ Սանկտ Պետերբուրգի, ո՛չ Վիեննայի պայմանավորվածությունների մասին։ Այսինքն՝ սա հստակ հայկական կողմի պարտությունն է, քանի որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները հայկական կողմին հնարավորություն էին տալիս պահպանել ստատուս քվոն, կառուցողական դիրքորոշում ունեցող կողմի իմիջը։ Այս ամենը Սերժ Սարգսյանի և հայկական դիվանագիտության ջանքերով ջրվել է ու գնացել»։
Ինչ վերաբերում է արցախյան արձագանքին, ապա ըստ նրա՝ Արցախի հասարակությունը լուրջ չի վերաբերվում այս գործընթացներին.
«Բնակչությունը հասկացել է, որ հակամարտությունն առաջիկա տասնամյակների ընթացքում բանակցությունների միջոցով որևէ լուծում չունի և հակամարտության խնդրի լուծման բանալիները պետք է փնտրել այլ հարթություններում։ Պետք է փորձել զարգացնել տնտեսությունը, կառուցել ժողովրդավարական ինստիտուտներ, որոնք առայժմ չկան ո՛չ Արցախում, ո՛չ էլ Հայաստանում, պետք է փորձել զարգացնել ռազմական արդյունաբերությունը, բանակը»։