«Եթե մենք նեղանանք ՌԴ-ից ու այս արտոնյալ զենքը չվերցնենք, ո՞վ է մեզ այդ զենքը տալու»
Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ՀՀ-ին պետական արտահանման վարկ տրամադրելու նոր համաձայնագիրն արդեն հավանության է արժանացել Հայաստանի կառավարության կողմից: Սպառազինության նոր խմբաքանակի ձեռքբերման համար հատկացվող 100 մլն դոլարի չափով վարկը կտրամադրվի 20 տարի ժամկետով (որից 5-ը՝ արտոնյալ), տարեկան 3 % տոկոսադրույքով: ՀՀ պաշտպանության նախարարության և «Ռոսօբորոնէքսպորտ» ԲԲԸ-ի միջև նախատեսվում է ստորագրել առանձին պայմանագրեր ժամանակակից սպառազինության և տեխնիկայի՝ Հայաստանին տրամադրելու կարգի, ժամկետների, այդ ռազմական տեխնիկայի կիրառմանը վերաբերող տեղեկատվության տրամադրման պայմանների, ձեռքբերման համար վճարումների և այլ հարցերի վերաբերյալ: Թեմայի շուրջ զրուցել ենք ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ։
– Պարոն Շարմազանով, ինչո՞ւ և ինչպե՞ս որոշում կայացվեց նոր վարկ վերցնել սպառազինության նոր խմբաքանակի համար։
– Նախ՝ պետք է ասեմ, որ սա նույն այն տրամաբանությունն է, նույն արտոնյալ պայմաններն են, ինչ եղել է ռուսական զենքի հետ կապված նախորդ 200 մլն դոլարանոց վարկի դեպքում։ Ես կարծում եմ, որ այստեղ, եթե լինեն գնահատականներ, դրանք միանշանակ պետք է լինեն միայն դրական, որովհետև Հայաստանի և Արցախի համար թիվ 1 խնդիրն անվտանգությունն է, և մենք այս պայմաններում զենք ենք գնում Ռուսաստանից ներքին գործարանային գներով։ Սա բխում է մեր անվտանգությունից։ Սա նաև առաջին հերթին՝ տարածաշրջանում բալանսն է հավասարակշռում, որովհետև Ադրբեջանը խայտառակորեն զինվում է, և մենք պարտավոր ենք շատ մեծ ուշադրություն դարձնել մեր ռազմական անվտանգությանը և հագեցնել մեր զինվորական տեխնիկան։ Երկրորդ՝ սա եղել է հայկական կողմի առաջարկը։ Այսինքն՝ մեր առաջարկով են ռուս գործընկերներն այս քայլին գնացել, և ամենաբարձր մակարդակով այս խնդիրը լուծում է ստացել` երկու պետությունների դաշնակցային հարաբերությունների հիման վրա։
– Փաստորեն՝ Դուք էլ նշեցիք, որ ռազմական բալանսը խախտված է տարածաշրջանում։ Ի՞նչ սպառնալիքներ, վտանգներ կան։
– Մենք ամեն տեղ ենք նշում, որ Ադրբեջանը զինվում է, Ադրբեջանը սպառազինությունների մրցավազք է սկսել, Ադրբեջանի ռազմական բյուջեն տարեցտարի մեծանում է, և Ադրբեջանը տարածաշրջանի համար հանդիսանում է սպառնալիք, դրա համար էլ Հայաստանի Հանրապետությունը պետք է ուշադրություն դարձնի այդ հարցին։ Դրա համար ենք մենք ասում, որ անվտանգությունը Հայաստանի թիվ 1 հարցն է։ Այդ անվտանգության սպառնալիքն ո՞վ է։ Չէ՞ որ Իրանը, Ռուսաստանը կամ Միացյալ Նահանգները չեն։ Անվտանգության սպառնալիքը, ուղիղ ասել ենք, Ադրբեջանն ու Թուրքիան են։ Եվ դրա համար Հայաստանը պետք է հոգ տանի իր անվտանգության համակարգի համար, և, բնականաբար, սա շատ գովելի ու դրական է, որ Հայաստանն իր դաշնակից Ռուսաստանից արտոնյալ 100 մլն դոլարի վարկ է վերցնում։ Կրկնում եմ՝ սա եղել է հայկական կողմի առաջարկով։ Եվ չեմ կարծում, որ կա մի երկիր, որ կարող է մեզ տալ նույն զինատեսակները՝ նույն արտոնյալ պայմաններով, որովհետև մենք, բացի Ռուսաստանից, որևէ այլ երկրի հետ չունենք նման իրավապայմանագրային բազա։ Իսկ նախորդ գումարման Ազգային ժողովում մենք վավերացրել ենք այդ պայմանագիրը, որտեղ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի ներքին գործարանային գներով, ոչ թե շուկայական, կարողանում է զենք գնել։ Ես համոզված եմ, որ սա միայն ու միայն մեր շահերից է բխում։
– Հիմա այս խմբաքանակի մատակարարումից հետո մի՞թե բալանսը կհավասարակշռվի, թե՞ նորից ու նորից անհրաժեշտ կլինի վարկ վերցնել ու զենք ձեռք բերել։
– Սա մենք խոսում ենք 2018 թ. մասին։ Ես չեմ կարող ասել՝ 1 ամիս, 2 ամիս հետո ինչ կլինի։ Երբ 2019թ. կգա, կխոսենք։ Ամբողջ աշխարհում այսօր զարգացումներն այնպես են գնում, որ որևէ մեկը չի կարող գնահատականներ հնչեցնել, թե ինչ ուղղությամբ կգնա։ Դրա համար, հաշվի առնելով մեր հարևանների անկանխատեսելի ու ռազմատենչ լինելը, մենք էլ պետք է ունենանք մեզ համար մատչելի ու բավարար պայմաններով անվտանգության համակարգը հնարավորինս համալրելու մեր ծրագիրը։ Եվ այն զենքը, որ Ադրբեջանը Ռուսաստանից գնում է շուկայական գներով, մենք այսօր դա ձեռք ենք բերում արտոնյալ գներով, որովհետև ունենք անհրաժեշտ իրավապայմանագրային բազա։ Այստեղ որևէ քննարկման խնդիր չկա։
– Խնդիրն այն է, որ Ադրբեջանը սպառազինություն հիմնականում ձեռք է բերում նույն Ռուսաստանից, այսինքն՝ Ռուսաստանը մի ձեռքով խախտում է ռազմական բալանսը, մյուսով՝ փորձում հավասարակշռել։
– Այսինքն՝ եթե մենք նեղանանք Ռուսաստանից ու այս արտոնյալ զենքը չվերցնենք, ո՞վ է մեզ այդ զենքը տալու։ Մեր կարծիքն Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի հետ կապված՝ չի փոխվել, Հանրապետության նախագահը շատ դիպուկ ասել է, բայց այսօր օրակարգում է ՀՀ սպառազինության համալրումը, որը լավագույնս՝ և՛ գնային, և՛ որակական առումով, տալիս է Ռուսաստանը։
Եթե այդ գնին մոտ տարբերակներ ունեն, թող ասեն, ոչ թե անուններ հնչեցնեն՝ Չինաստան, Իրան և այլն։ Բայց չկա, որովհետև մենք որևէ պետության հետ նման պայմանագիր չունենք, բացի Ռուսաստանից, որ պատրաստ է իր ներքին գործարանային գներով զենք տրամադրել մեզ։