Ինչ սպասել տարեվերջին

Անցած շաբաթվա ընթացքում կառավարության անդամները՝ վարչապետ Կարեն Կարապետյանից սկսած, մի քանի անգամ տարբեր առիթներով շեշտել են այն տեղեկությունը, որ վերջին ամիսներին Հայաստան ներկրվող կենցաղային ապրանքների ներմուծման ծավալները կտրուկ աճել են։

Խոսքը վերաբերում է, այսպես կոչված, երկարատև օգտագործման ապրանքներին. մասնավորապես՝ էլեկտրական կենցաղային ապրանքների (լվացքի մեքենաներ, փոշեկուլներ, տաքացնող սարքավորումներ և այլն) ներմուծումը որոշ դեպքերում աճել է ոչ թե տոկոսներով, այլ անգամներով։

Այս տեղեկություններն առաջին անգամ ի հայտ եկան «Հայկական Ժամանակում». դրանք տրամադրել էր Պետական եկամուտների կոմիտեն՝ թերթի հարցմանն ի պատասխան։ Հետո արդեն այդ տեղեկությունների հիման վրա հեռուստատեսային լուրերում ռեպորտաժներ եղան, որոնցում կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող խանութների ներկայացուցիչները հավաստիացնում էին, որ վաճառքն ավելացել է 30-40%-ով։ Այդ ռեպորտաժներից մեկը տեղ գտավ վարչապետի ֆեյսբուքյան էջում։

Ինչո՞ւ է ավելացել կենցաղային ապրանքների ներմուծումը, ու ինչո՞ւ է կառավարությունը ոգևորված այդ աճով. վերջին հաշվով՝ խոսքը ոչ թե տեղական արտադրության մասին է, այլ ներմուծման։

Այս հարցերը երկու պատասխան ունեն։ Նախ՝ այս թվերն անուղղակի մեսիջ են, որ Մաքսային ծառայությունը սկսել է ավելի նորմալ աշխատել։ Այսինքն, վերացել է նախկինում տարածված պրակտիկան, երբ ավելի քիչ ԱԱՀ վճարելու համար համեմատաբար թանկ արժեցող տեխնիկան կարող էր ձևակերպվել որպես այլ՝ շատ ավելի էժան ապրանք, բնականաբար՝ որոշակի «լավության» դիմաց։

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանի կառավարության գլխավոր խոստումներից մեկը հենց մաքսազերծման գործընթացի խայտառակ վիճակի վերացումն էր։ Հիշեցնենք նաև, որ հասարակության ընկալման մեջ ամենակոռումպացված այս ոլորտի ղեկավար նշանակվեց վարչապետի ամենավստահելի անձանցից մեկը՝ «Գազպրոմ-Արմենիայի» տնօրեն Վարդան Հարությունյանը։ Եվ վերջապես, հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին ՊԵԿ-ը որոշակի կոնկրետ քայլեր ձեռնարկեց կարգոների հարցերը լուծելու համար՝ ստեղծելով իրեն հաշվետու կազմակերպություն, որը զբաղվում է փոքր և միջին առևտրականների մաքսային ձևակերպումներով և փաստաթղթաշրջանառության ապահովմամբ։

Եվ ահա, այս աճային տվյալներով՝ կառավարությունն անուղղակիորեն հայտարարում է, որ մաքսազերծման գործընթացում էական առաջընթաց կա. թանկանոց տեխնիկան կամ հագուստն արդեն ձևակերպվում է՝ որպես տեխնիկա և հագուստ, այլ ոչ թե, ասենք, էժան մանրահատակ։

Ներմուծման աճը միայն այս տեսանկյունից բացատրելը կնշանակեր, որ իրականում գործ ունենք տեխնիկական աճի հետ. ներմուծումն իրականում չի աճել, պարզապես ստվերն է կրճատվել։ Սակայն կառավարությունը ցանկանում է նաև ցույց տալ, որ աճել է բնակչության գնողունակությունը։ Խանութների վաճառքների ավելացմանը նվիրված ռեպորտաժները հենց այդ թաքնված մեսիջն են պարունակում (չնայած նշենք, որ խանութներում բնեղեն արտահայտությամբ վաճառքի ավելացումը նաև մաքսային խաղի կանոնների փոխման հետևանք է. եթե գործարարը սահմանին ցույց է տալիս, որ ներմուծել է 10 միավոր վերնաշապիկ, ուրեմն պետք է նաև ցույց տա 10 միավորի վաճառքը)։ Կարճ ասած՝ և՛ մաքսային գործընթացներն են բարելավվել, և՛ բնակչության գնողունակությունն է աճել։ Սա է փորձում տեղ հասցնել կառավարությունը։

Սակայն կատարված քայլերի արդյունավետության մասին լիարժեք կարծիք կազմել դեռ հնարավոր չէ. պետք է 2-3 ամիս էլ համբերել։

Պարզաբանենք, մաքսային ձևակերպումների հետ կապված խնդիրը սուր էր հատկապես Թուրքիայից, Չինաստանից և ԱՄԷ-ից ներկրված ապրանքների դեպքում։ Ինչպես նշեցինք, այստեղ հատկապես փոքր ու միջին առևտրականների կողմից ներմուծված թանկարժեք ապրանքները կարգոների միջոցով ձևակերպվում էին որպես այլ՝ էժան ապրանք։ Օրինակ, գործարարը նախկինում ներմուծում էր, օրինակ, 10 կաշվե բաճկոն, որոնց իրական ընդհանուր արժեքը 1000 դոլար էր։ Ըստ օրենքի՝ դրա դիմաց գործարարը պետք է վճարեր 200 դոլար ԱԱՀ և 100 դոլար մաքսատուրք։ Սակայն մաքսայինում կաշվե բաճկոնը ձևակերպվում էր՝ որպես, օրինակ, պատի պաստառ՝ 300 դոլար մաքսային արժեքով։ Դրա դիմաց պետբյուջե մուտքագրվում է երեք անգամ քիչ գումար՝ գործարար-մաքսային-ՊԵԿ սխեմայով։

Հիմա ասում են, որ խաղի կանոնները փոխվել են՝ 10 կաշվե բաճկոնը ձևակերպվում է՝ որպես կաշվե բաճկոն։ Դրա համար էլ, ինչպես նշեցինք, կաշվե բաճկոնների ներմուծման ծավալները բնեղեն արտահայտությամբ (հատերով) ավելանում են, ինչպես կենցաղային տեխնիկայի դեպքում։ Սակայն մյուս կողմից՝ պաշտոնական վիճակագրության մեջ այդ գործարարի 300 դոլար ներմուծման փոխարեն՝ պետք է գրանցվի 1000 դոլար՝ բնականաբար՝ ավելի շատ հարկերով։

Այսինքն, պետք է ակնկալել, որ տարվա արդյունքներով նախ՝ պետք է զգալիորեն փոխվի հատկապես վերը նշված երկրներից ներմուծման կառուցվածքը (թանկ ապրանքների տեսակարար կշիռը պետք է ավելանա), և բացի այդ՝ պետք է զգալիորեն բարձրանա նաև ներմուծման ծավալը՝ արժեքային առումով։ Ինչպես նշեցինք, կարգոների խաղի կանոնները փոխվեցին հուլիսին։ Սա նշանակում է, որ տարվա երկրորդ կիսամյակում այդ փոփոխությունները պետք է ազդեցություն թողնեին երկրորդ կիսամյակում, և այդ էֆեկտը հնարավոր կլինի լիարժեք գնահատել միայն տարվա արդյունքներն ամփոփելուց հետո։

Ինչ վերաբերում է ներքին շուկայում կենցաղային տեխնիկայի և այլ ապրանքների վաճառքի կտրուկ աճին, այստեղ որոշակի հակասություն կա պաշտոնական վիճակագրության հետ։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2017 թվականի հունվար-օգոստոսին մանրածախ առևտրաշրջանառության ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 5.8%-ով։ 5,8%-ը վատ ցուցանիշ չէ, սակայն վերը նշված 30-40%-անոց կամ միքանիանգամյա աճերի ֆոնին մի տեսակ խղճուկ է նայվում։

Եվ ընդհանրապես, սառնարանների, փոշեկուլների և վերջնական սպառման այլ ապրանքների ներմուծման աճով չափից դուրս ոգևորվել պետք չէ։ Չէ՞ որ դրանք կապիտալ ապրանքներ չեն և տնտեսական աճի հիմքեր չեն ստեղծում։

Տեսանյութեր

Լրահոս