«Խնդիրն այն է, որ և՛ բանակցում են, և՛ պատերազմում». Հովհաննես Իգիթյան

«ՀԱՊԿ-ի վտանգը Հայաստանի համար Ղազախստանի նախագահի հայտարարություններն ու բարեկամությունը չեն, այլ այն է, որ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ դրան այլընտրանք չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց միջազգային փորձագետ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:

Նրա խոսքով՝ Նազարբաևի հայտարարություններից մենք իրավունք չունենք նեղանալու կամ վատ զգալու. «Մարդը ներկայացնում է իր երկրի քաղաքականությունը, բացի այդ՝ ես երբեք չեմ ընկալել ՀԱՊԿ-ը՝ որպես Հայաստանի անվտանգության համակարգ»:

ՀՀ և Ադրբեջանի նախագահների՝ հաջորդ շաբաթ Ժնևում կայանալիք հանդիպումից Հ. Իգիթյանն առանձնապես ակնկալիք չունի. «Եթե հետևենք հայտարարություններին, ապա թվում է, որ ամեն ինչ պարզ է, որովհետև դրանց շրջանակներում պետք է լինի այդ հանդիպումը: Մինսկի խումբը համարում է, որ այդ հանդիպումը նշանակում է, որ կողմերը շարունակում են բանակցային փուլը, և դրանով բավարարված է: Ադրբեջանը համարում է, որ Հայաստանի բոլոր նախապայմանները և դժգոհությունները չեն իրականացվել, ու նա դա ներկայացնում է՝ որպես դիվանագիտական հաղթանակ»:

Հ. Իգիթյանը գտնում է՝ Հայաստանն իր կողմից պիտի շարունակի լուծել այն ռազմավարությունը, որ պատերազմական իրավիճակում հնարավոր չէ խոսել կոնֆլիկտի լուծման կետերի մասին, լինեն դրանք Մադրիդյան թե այլ սկզբունքներ.

«Այսօր պիտի կոնֆլիկտը խաղաղ լուծվի, Հայաստանը սկզբունքային ձևով պետք է շարունակի այդ հարցը, նաև օգտագործի այլ խաղացողներին, որպեսզի առաջ տանի դիրքորոշումը, որ հարցը խաղաղ ձևով լուծվի»: Հ. Իգիթյանի խոսքով՝ խնդիրն այն է, որ և՛ բանակցում են, և՛ պատերազմում:

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանն էլ կարծիք հայտնեց, որ Մինսկի խմբի համանախագահները խնդրանքով են դիմել, որ պիտի հանդիպում անեն.

«Երկրներն էլ գիտակցում են, որ սա միակ բանակցային կետն է, պետք է ցույց տան, որ մենք ընդունում ենք այդ մոտեցումը: Թե հանդիպման ժամանակ որ կողմն ի՞նչ հարց է բարձրացնելու, կարծես թե, պարզ ասել են երկու կողմերն էլ. Ադրբեջանն ասում էր՝ վայ, հաղթեցինք, գնում ենք՝ հարց քննարկենք: Հայկական կողմը ճնշելու է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Ես կառաջարկեի նոր փաթեթ առաջարկել՝ դիկուհարների հետքաշումը, Ստեփանակերտի օդանավակայանի վերականգնումը՝ իբրև ժեստ, որ կողմնակից ենք մնում խաղաղ ճանապարհով կոնֆլիկտը լուծել, և այլն»

 

Տեսանյութեր

Լրահոս