«Երբ Արցախի հարցը կարգավորվի, կկարգավորվեն նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունները»

«Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելուց հետո Հայաստան-Թուրքիա մթնոլորտն ավելի վատն է, քան ստորագրությունից առաջ»,- այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված  «Հայ-թուրքական հարաբերություններն արձանագրությունների ստորագրումից առաջ և հետո» թեմայով քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց  ՀՅԴ Հայ դատի հայաստանյան գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Ըստ նրա՝ Թուրքիան ցույց տվեց, որ պատրաստ չէ առանց նախապայմանների Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել.

«Այն փաստը, որ այսօր ՀՀ իշխանությունները չեն ցանկանում որևէ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, վկայում է այն մասին, որ իրենք իսկապես դժգոհ են կատարվածից։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի՝ ՄԱԿ-ի ամբոնից արված վերջին հայտարարությանը, ապա մեր ցանկությունն է, որ Թուրքիան դրական քայլ չկատարի մինչև գարուն, քանի որ այս արձանագրություններում Թուրքիայի առաջ քաշած երկու նախապայմանի բավարարում կա, իսկ երրորդ նախապայմանը նա առաջ քաշեց ոչ ուղղակի արձանագրությունների տեքստում։ Արձանագրությունների ստորագրման օրը, երբ 4 ժամ ուշացավ ստորագրումը, հենց այդ պատճառով էր, որ Թուրքիան ուզում էր այս ամբողջ գործընթացը կապել Արցախի հարցին»։

Մանոյանի խոսքով՝ հիմա միջազգային հանրությունն էլ է գտնում, որ, երբ Արցախի հարցը կարգավորվի, կկարգավորվեն նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունները.

«Այսինքն՝ ակնկալիք չկա, որ դրական տեղաշարժ լինի մինչև Արցախի հարցի կարգավորումը, դրա համար չեմ կարծում, թե մինչև ապրիլ դրական տեղաշարժ կլինի։ Հայաստանի կողմից արձանագրությունների առոչինչ հայտարարելն ավելի ճիշտ ուղու վրա կդնի ամեն ինչ»։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն էլ կարծիք հայտնեց, որ 2008թ. սկսված պրոցեսը վատ փորձ չէր.

«Դա լուրջ պրոցես էր, որն իր հետևանքներն ավելի ուշ կունենա։ Թուրքիան բավական բարդ քաղաքականություն սկսեց վերջին տարիների ընթացքում, որի ժամանակ փչացրեց հարաբերությունները հարևանների ու մյուս կարևոր պետությունների հետ։ Այս ֆոնի վրա միամիտ կլիներ մտածել, թե Թուրքիան կզբաղվի հայ-թուրքական հարաբերություններով։ Եթե Թուրքիան մտածեր քայլեր անել այս ուղղությամբ, այստեղ կա մի կարմիր գիծ՝ Արցախի խնդիրը»։

Գրիգորյանն ընդգծեց՝ այլ բան է, երբ Թուրքիայի պաշտպանության նախարարն ասի, թե պատերազմի դեպքում Ադրբեջանի կողքին են, և լրիվ այլ բան, երբ նա հայտարարում է, որ հնարավոր պատերազմի դեպքում Թուրքիան պատրաստ է կատարել Ադրբեջանի հրամանները. «Միգուցե նա մոռացավ, որ ինքը Թուրքիայի պաշտպանության նախարարն է, և իր հրամանատարը Թուրքիայի նախագահն է, բայց այդ հայտարարությունը ցույց է տալիս, որ անիմաստ է ինչ-որ բան սպասել Թուրքիայից»։ Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանն ու Սփյուռքն այստեղ միակողմանի քայլեր պետք է անեն, որոնցից մեկը, ըստ նրա՝ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն է.

«ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները փչանում են, նմանվում են ռուս-ամերիկյան հարաբերություններին, և մենք կարող ենք դա օգտագործել։ Ցեղասպանության ճանաչման խնդիրը պետք է էլ ավելի առաջ տանենք ու սրենք։ Ես չեմ բացառում, որ այդ հարցը շատ մոտ է ճանաչման»։

Տեսանյութեր

Լրահոս