
Կուբան ԱՄՆ-ի վրա է դրել երկկողմ հարաբերությունների վատացման պատասխանատվությունը

Վաշինգտոնը պատասխանատվություն է կրում ամերիկա-կուբայական հարաբերությունների վատացման համար: Այդ մասին Հավանայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է կղզի-պետության արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգեսը:
«ԱՄՆ-ի կառավարությունը պատասխանատվություն է կրում ներկայում եւ, հավանաբար, ապագայում Կուբայի հետ երկկողմ հարաբերությունների վատացման համար»,- ընդգծել է նա: Հոկտեմբերի 3-ին ԱՄՆ-ը Կուբայից պահանջել է 15 մարդով կրճատել Վաշինգտոնում իր դեսպանության աշխատակիցների թիվը:
Դիվանագետներին կարգադրված է յոթ օրվա ընթացքում լքել ԱՄՆ-ի տարածքը: Այդ որոշումը դարձել է «ակուստիկական գրոհների» պատասխանը, որոնց հետեւանքով, ինչպես պնդում է Պետդեպարտամենտը, Կուբայում տուժել են 22 ամերիկացի պետական ծառայողներ: ԶԼՄ-ների տվյալներով՝ Վաշինգտոնում Կուբայի դեսպանությունում կմնան ընդամենը ութ աշխատակիցներ:
Ռոդրիգեսը հայտարարել է, որ Կուբան «չհիմնավորված ու անընդունելի» է համարում Վաշինգտոնում Կուբայի դեսպանության անձնակազմը կրճատելու ԱՄՆ-ի որոշումը եւ վճռական բողոք է հայտնում այդ կապակցությամբ: Կարիբյան երկրի ԱԳ նախարարը ամերիկյան վարչակազմի ձեռնարկած միջոցները որակել է չմտածված ու քաղաքական դրդապատճառներ ունեցող: «Այդ որոշումը բացասաբար կազդի երկկողմ հարաբերությունների վրա տարբեր ոլորտներում»,- հավելել է դիվանագետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: