Խաղամոլները մոտեցել են Նիկոլ Փաշինյանի մեքենային՝ ասելով՝ «խնդրում ենք՝ մեզ փրկեք»
Ինչպես հայտնի է, ՀՀ-ում թույլատրված է շահումով խաղ կազմակերպել՝ Մեղրիում, Ջերմուկում, Ծաղկաձորում և Սևանում: Բացի այդ վայրերից՝ շահումով խաղ կարելի է կազմակերպել 40 միլիարդ դրամ ներդրում կատարելու դեպքում:
Այսօր Ազգային ժողովում «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանն ասաց, որ հիմա այդ 40 միլիարդ դրամի դեպքն ավելի հստակեցվում է և նշվում է, որ դա պետք է կատարվի մեկ վայրում, ու հնարավոր կլինի պետությունից հայցել ընդամենը 1 լիցենզիա՝ անկախ ներդրողների քանակից:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարցով դիմեց հիմնական զեկուցողին. «Մեր նպատակն այն էր, որ խոշոր բնակավայրերը, մասնավորապես՝ Երևանը, կազինոյազերծենք, բայց հիմա մենք ունենք իրավիճակ, երբ ամեն գազալցակայանում և Երևանի բազմաթիվ տեղերում բուքմեյքերական գրասենյակների տեսքով ունենք կազինոներ, ու սա որոշակի անհանգստությունների առիթ է տալիս: Կառավարությունն այս հարցով որոշակի մոտեցում ունի՞, թե՞ ոչ, որ ընտանիքի անդամները կարողանան՝ իրենց խաղամոլությամբ տառապող ընտանիքի անդամներին, կամ ինքը անձը հնարավորություն ունենա իր մուտքը փակել այդ տեղերը»:
Ի պատասխան՝ փոխնախարարն ասաց, որ պետք է տարանջատել բուքմեյքերային կետերը և այն, ինչ գազալցակայաններում գործում է. «Որովհետև բումեյքերային կետերը վիճակախաղերի տեսքով գործող կատալիզատորներ են, իսկ այն, ինչ գազալցակայաններում է գործում, այլ վիճակախաղի տեսակ է, որի վերափոխման մասին առաջարկը դուք էիք ներկայացրել կառավարությանը, ինչը քննարկման փուլում է»:
Ն. Փաշինյանը ելույթ ունեցավ՝ պատմելով մի քանի օր առաջ իր հետ տեղի ունեցած մի դեպք. «Լուսացույցի տակ կանգնած եմ, կտկտոցներ եմ լսում մեքենայի ապակուն: Նայում եմ՝ երկու երիտասարդ դուռը ծեծում են: Մեքենայի պատուհանը բացում եմ, պարզվում է՝ նստած են եղել բուքմեյքերական գրասենյակի թափանցիկ պատուհանների այն կողմում, և ինձ նկատելով լուսացույցի տակ կանգնած՝ եկել են, ասում են՝ «խնդրում ենք՝ մեզ փրկեք»: Ասում եմ՝ ի՞նչ է պատահել ձեզ, որ փրկենք, ասում են՝ «ինչ ունենք-չունենք՝ այս գրասենյակներում ամբողջը տանուլ տվեցինք»: Ասում եմ՝ հասուն մարդիկ եք, չե՞ք կարողանում ձեզ կառավարել, ասում են՝ «չէ, էս էլ մեր հիվանդությունն է, չենք կարողանում կառավարել»: Եթե սուտ չասեմ, վերջին 2 տարիներին 1 տասնյակին մոտ մարդիկ նման հարց են առաջ քաշել մեզ մոտ, ինչն ազդակ է, որ մենք խնդիր ունենք»:
Նա նշեց, որ «Ելքը» օրինագիծ է ներկայացրել կառավարությանը, որը կսահմանափակի նման դեպքերը: