ԴիջիԹեքում ներկայացվել է խելացի այգու հայկական նախատիպը
Երևանում ավարտվել է ամենամյա ԴիջիԹեք միջազգային ցուցահանդեսը: ԴիջիԹեք 2017-ին մասնակցում էին հայկական առաջատար Joomag, Ucom, Arpinet, VOLO, Zangi, Monitis, SFL, ArmSoft և բազմաթիվ այլ ընկերություններ:
«Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող ԴիջիԹեք եռօրյա ցուցահանդեսին ամեն տարի մասնակցում են ոչ միայն հայտնի ընկերություններ, այլև սկսնակներ, ովքեր ունեն նոր, տարբերվող և հետաքրքրիր գաղափարներ:
Այս տարի ԴիջիԹեքում իրենց նորարարական գաղափարը ներկայացրեց նաև Գևորգ Հովհաննիսյանի և Գուրգեն Հայրապետյանի Locotech թիմը, որը մայիսին հաղթող էր ճանաչվել ՆԱՍԱ-ի տիեզերական հավելվածների մրցույթի հայաստանյան փուլում:
Locotech-ը ներկայացնում է խելացի այգու նախատիպ, որն ադապտացված համայնքի մոդել է: Համակարգը կարող է այգին ինքնուրույն ջրել, տեղեկացնել ձեզ, եթե այգում անցանկալի հյուր է հայտնվել, և այլն: Համակարգը հաշվի է առնում հողի խոնավությունը, տեղումների առատությունը, ուրբանիզացման մակարդակը տվյալ համայնքում: Սմարթֆոնի միջոցով հնարավոր է տեղեկանալ հողի խոնավության, այգու ջերմաստիճանի մասին, ինչպես նաև հնարավոր է ավտոմատ կերպով ոռոգել այգին, ազդանշանի միջոցով տեղեկանալ, թե երբ են կենդանիները մտնում այգի, և այլն:
Այս տարի թիմը մասնակցել է Սևան Ստարտափ Սամմիթին և շահել 1000 դոլար մրցանակ:
«Սևան Ստարտափ Սամմիթից հետո ունեցանք համագործակցություն ԱրմԲերրի գյուղատնտեսական կազմակերպության հետ։ Հիմա աշխատում ենք Եղվարդում գտնվող հողամասում ոռոգումը ավտոմատացնող համակարգի ստեղծման վրա»,-նշում է թիմի անդամ Գուրգեն Հայրապետյանը:
Այժմ թիմն աշխատում է cloud network համակարգի ինտեգրման և խոնավաչափ տվիչներից ստացված ինֆորմացիայի վիզուալ ներկայացման վրա։
Չնայած այն բանին, որ գաղափարը նոր է՝ տղաներն արդեն իսկ հասցրել են մասնակցել մի շարք մրցույթների:
«Այս ընթացքում մասնակցության հայտ էինք ներկայացրել Եվրոպայի Երիտասարդների Մրցանակաբաշխությանը, որում անցնելով լոկալ փուլը՝ մտել ենք միջազգային փուլ: Հիմա գտնվում են եզրափակչում և սպասում ենք ժյուրիի պատասխաններին»,- նշում են Locotech-ում:
Սիրարփի Աղաբաբյան