Բաժիններ՝

Շաբաթը՝ հայկական IT ոլորտում

Սեպտեմբերի վերջին շաբաթը շատ հագեցած էր հայկական ՏՀՏ ոլորտի համար: Առանձնացրել ենք ամենից կարևոր իրաարձությունները, որ տեղի ունեցան այս շաբաթ:

Ապագայի հաղորդակցման միջոցների մասին լավագույն գաղափարի հեղինակներ Սամսոն և Հրանտ Հայրապետյանները կմեկնեն Նիդեռլանդներ և կայցելեն Եվրոպական տիեզերական գործակալության գլխավոր գրասենյակ:

Ucom-ի գրասենյակում ամփոփվեցին Discovery Science ճանաչողական, ժամանցային ալիքի և Ucom ընկերության կողմից հայտարարված երիտասարդ գիտնականների և նորարարների մրցույթի արդյունքները: Ապագայի հաղորդակցման միջոցների մասին նորարար և խիստ արդիական գաղափարի հեղինակները՝ եղբայրներ Սամսոն և Հրանտ Հայրապետյանները, ճանաչվեցին հաղթող և արժանացան Ամստերդամում Եվրոպական տիեզերական գործակալության գլխավոր գրասենյակ մեկնելու պատվին:

Ռուսաստանաբնակ Հայրապետյան եղբայրներն իրենց ամառային արձակուրդը Հայաստանում են անցկացրել: Մրցույթի մասին տեղեկանալով՝ երեք գաղափար են ներկայացրել, որոնցից ժյուրիի անդամներին առավելապես տպավորել է խուլուհամրերի համար նախատեսված սարքը: Սարքը ձեռքին են կրում այնպես, որ այն կարողանա ձեռքի շարժումները վերարտադրել ձայնային տարբերակով, իսկ ձայնը հոլոգրաֆիկ տեսախցիկի օգնությամբ փոխակերպել տեսատարբերակի:

Մրցույթի ժյուրիի առանձնահատուկ ուշադրությանը և շնորհակալագրի է արժանացել 12-ամյա գյումրեցի Նարեկ Հարությունյանի եռաչափ հաղորդակցման մասին գաղափարը: Նարեկն «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիայի սան է: Ըստ նրա` ապագայում մարդիկ կունենան այնպիսի սարք, որը թույլ կտա Երևանում գտնվող մեկին և, օրինակ, Փարիզում բնակվող մեկ ուրիշի հանդիպել միմյանց աշխարհի ցանկացած կետում: Սարքը թույլ կտա տեսնել իրար, օրինակ, Գերմանիայի սրճարաններից մեկում: 

Հայաստանում ավարտվեց Seedstars մրցույթի հայաստանյան փուլը

Շվեյցարիայում կայանալիք Seedstars միջազգային մրցույթին Հայաստանը կներկայանա Chessify թիմով, որի ստեղծած արտադրանքը հնարավորություն է տալիս հեռախոսով գրքից նկարել խնդիրը, թվայնացնել ու աշխատել դրա վրա. տեղաշարժել խաղաքարերը, վիզուալ ավելի հեշտ պատկերացնել հետագա քայլերը: Ներկայումս այն ունի արդեն 100.000-ից ավելի ներբեռնում։ Միջազգային մրցույթում ստարտափը հնարավորություն կունենա իր պրոդուկտը ներկայացնելու հնարավոր ներդրողների, գործընկերների դատին և պայքարելու 1 միլիոն ԱՄՆ դոլարի չափով մրցանակի համար։

«Այս տարվա միջոցառման մասնակից ստարտափները հաճելիորեն զարմացրեցին, շատերի պրոդուկտները բավականին հղկված էին և պատրաստ դուրս գալու միջազգային շուկաներ, շատերն արդեն ունեին նշանակալի ձեռքբերումներ թե ներգրավված ներդրումների, թե թիրախային շուկաներում պրոդուկտի զարգացման առումով։ Կարևոր եմ համարում ընդգծել նաև, որ բոլոր պրոդուկտները միտված էին մեծ ու գլոբալ խնդիրների լուծմանը։ Այս դրական փոփոխությունները և զարգացման միտումները հայկական ստարտափ էկոհամակարգի և բոլորիս կարևոր ձեռքբերումն է»,- նշել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։ 

OWASP նախաձեռնության հայաստանյան մասնաճյուղը սեպտեմբերի 28-ին արդեն չորրորդ անգամ անցկացրեց Հայաստանում վեբ-անվտանգության ոլորտի գլխավոր իրադարձությունը՝ ARMSec կոնֆերանսը:

Միջոցառման ընթացքում անվտանգության մասնագետները ներկայացրել են իրենց ելույթները, իրականացրել պանելային քննարկումները: Խոսնակների ցանկում ընդգրկված էին ինչպես՝ տեղի բարձրորակ մասնագետներ, այնպես էլ՝ ոլորտում լուրջ ներդրումներ արձանագրած հյուրեր արտերկրից:

Երևանում տեղի ունեցավ «ԱրմԹեք» համաժողովը

«Սովորել անցյալից, բացահայտել ապագան» խորագրով «ԱրմԹեք» համաժողովը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործարար հարթակ է, որն ամեն տարի կազմակերպվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Համաժողովի նպատակն է՝ լուսաբանել Հայաստանի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող բարձր տեխնոլոգիաների ոլորտի աճը, խթանել միջազգային համագործակցությունը և ներդրումների ներգրավումը, նպաստել ՏՏ ոլորտի մասնագետների միջև համագործակցությանը, Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտը դարձնել գլոբալ ճանաչելի:

«ԱրմԹեք 17»-ին մասնակցում էին բարձր տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների ղեկավարներ, հեղինակավոր համալսարանների ու գիտական կենտրոնների ներկայացուցիչներ, ոլորտը ներկայացնող միջազգային կազմակերպությունների տնօրեններ, և պետական պաշտոնյաներ՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Եվրոպայի տարբեր երկրներից, Ռուսաստանից, և այլն: 

Շաբաթվա վերջում մեկնարկեցին տեխնոլոգիական տոները Հայաստանում՝ «ԴիջիԹեք 2017» միջազգային ցուցահանդեսը

Առաջիկա օրերին «ԴիջիԹեք» միջազգային ցուցահանդեսին մասնակից ընկերությունները հանրությանը կներկայացնեն շուկայի վերջին տրենդներն ու նորարարությունները, թափուր աշխատատեղերը, կանցկացվեն գործարար հանդիպումները, տարբեր մրցույթներ, ֆորումներ, սեմինարներ, և այլն:

«ԴիջիԹեք 2017»-ին մասնակցում են հայկական առաջատար Joomag, Ucom, Arpinet, VOLO, Zangi, Monitis, SFL, ArmSoft և բազմաթիվ այլ ընկերություններ:

Մասնակցում են նաև մի շարք արտասահմանյան ընկերություններ: Միջազգային ընկերություններից մասնավորապես կմասնակցեն չինական հանրահայտ Dahua Technology ընկերությունը, ճապոնական Hitachi Construction Machinery Eurasia, Mitsubishi Heavy Industries և այլ ընկերություններ, շվեդական Ericsson ընկերությունը, դանիական Jabra ընկերությունը, և այլն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս