«Ներկայումս չկան և չեն կարող լինել արդյունաբերական գիգանտները». Արտակ Առաքելյան
Անկախությունից հետո հզոր արդյունաբերական ձեռնարկությունների մեծ մասը թալանվեցին, Գյումրիի ազգաբնակչությունը 250.000-ից նվազեց՝ հասնելով 145.700-ի, իսկ ոչ պաշտոնական տվյալներով, մինչև 70000-ի: Գնալով արտադրողների համար դժվարացավ իրենց արտադրանքը ներքին շուկայում սպառելը:
Շիրակի մարզի արդյունաբերության զարգացման հեռանկարների վերաբերյալ 168.am-ը զրուցել է տնտեսագետ Արտակ Առաքելյանի հետ:
– Պարոն Առաքելյան, Շիրակի մարզն արդյունաբերության զարգացման ինչպիսի՞ պոտենցիալ հնարավորություններ ունի:
– Շիրակի մարզի արդյունաբերական զարգացման պոտենցիալի գնահատումը բավական բարդ է, որովհետև այս պահին բոլոր հետազոտությունները կատարելիս՝ մենք համադրում ենք նախկին՝ ԽՍՀՄ-ում առկա պոտենցիալը և ներկա իրավիճակը: Եթե նախկինում եղել ենք հզոր զարգացած արդյունաբերական տարածաշրջան, ներկայումս դրանից ոչինչ չի մնացել: Այժմ զարգացման պոտենցիալ կա, սակայն այն լիիրավ չի յուրացվում՝ պայմանավորված օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով:
– Որո՞նք են այդ պատճառները:
– Օբյեկտիվ պատճառները նրանք են, որ, ի տարբերություն ԽՍՀՄ տարիների, կորավ այն ընդհանուր տնտեսական դաշտը, որում մենք գոյություն ունեինք, և այն հզոր արդյունաբերական բազան, որում աշխատում էր 50000-60000 մարդ: Գյումրիում միայն 40000 մարդ էր աշխատում, 70-ից ավելի արդյունաբերական ձեռնարկություններում, ներկայում չկան և լինել չեն կարող այդ հզոր արդյունաբերական գիգանտները. մեքենաշինություն, սարքաշինություն և այլ ոլորտներ: Այսօր մենք անկախ պետություն ենք, որի ներքին շուկան շատ սահմանափակ է, սահմանը երկու կողմից փակ է:
Սուբյեկտիվ պատճառներն այն է, որ արդյունաբերության զարգացման առումով չկա համակարգային մոտեցում: Մարզում կան միջին չափի երեք արդյունաբերական ձեռնարկություն, մնացածը մանր-մունր բաներ են, որոնք էական նշանակություն չունեն:
Վարչահրամայական տնտեսության պայմաններում դժվար էր արտադրություն կազմակերպելը, ինչ վերաբերում է շուկայական հարաբերություններին, ապա ներդրումների միջոցով այն արտադրությունն է կազմակերպվում, որի սպառման շուկաները կան: Այսօր մեզ համար ամենաբարդ խնդիրը շուկաներն են և որակյալ արտադրանք արտադրելը: Եթե նախկինում մենք ունեինք հզոր գիտատեխնիկական հենք, այսօր մենք դա չունենք: Ինչքան էլ մենք խոսենք մեր պոտենցիալի մասին, սարքաշինության, մեքենաշինության ոլորտում այլևս չենք կարող ունենալ այն ձեռքբերումները, կամ առաջարկել այնպիսի արտադրանք, որ համաշխարհային շուկայում ունենանք մրցունակության բարձր աստիճան:
Կենտրոնական, տեղի իշխանությունները, գործարար շրջանակները, միությունների և ասոցիացիաների միջոցով սերտ աշխատելով Արտաքին գործերի նախարարության և այլ գերատեսչությունների հետ, պետք է փորձեն լուրջ աշխատանք տանել արտաքին շուկաների բացահայտման, համաշխարհային շուկայում մեր արտադրանքի առաջխաղացման համար:
Սա չի արվում. համակարգվածության ցածր աստիճան է: Մեր մոտ նաև կա սեփականության իրավունքի պաշտպանվածության հետ կապված խնդիր, ինչպես համապետական մակարդակով, այնպես էլ մեր մարզում կոռուպցիոն ռիսկեր կան: Արդյունաբերությունն իր բնույթով երկարաժամկետ, հետգնումների ժամանակահատված պահանջող ոլորտ է, որտեղ ռիսկերի չափավոր մաս է պետք, բարձր ռիսկեր՝ ներդրված գումարը ետ բերելու: Ընդհանրապես ներդրումներն ապագայի տեսանկյունից անորոշություններ են պարունակում: Անցումային տնտեսության անորոշություններով պայմանավորված առկա անորոշություններն էլ գումարենք առկա անորոշություններին, դա բերում է այն վիճակին, որը մենք այսօր ունենք:
– ՀՀ–ում՝ մի քանի անգամ ավելի, Գյումրիում առկա բնակչության կրկնակի անգամ ավելի բնակչություն ունենալու պարագայում արտադրողների համար իրենց արտադրանքը ներքին շուկայում իրացնելն ավելի հեշտ չէ՞ր լինի, որից հետո կարելի էր մտածել արտաքին շուկա արտադրանքն արտահանելու դժվարությունները հաղթահարելու մասին:
– Ձեր ասածի մեջ միանշանակ ճշմարտություն կա. ինչքան մեծ է ներքին շուկան, և դրանում ռեսուրսները հավասարաչափ են բաշխված, առկա է գործազրկության ցածր մակարդակ, արտադրողի համար հնարավորություն կա ավելի արագ ապահովել իր ներդրումն ու շահույթի ստացումը: Որքան ներքին շուկան փոքր է, այնքան ռիսկերը մեծ են: Մենք կարող ենք ներքին շուկան կառավարել, սակայն արտաքին շուկայի կառավարումը մեր համար խնդիր է:
Մենք լավ գիտենք, որ Շիրակի մարզի արտադրողը խնդիր ունի Երևանում կայանալու: Մենաշնորհների մեծ մասը շատ ակտիվ գործել են և գրավել են Երևանն ու իր շրջակա տարածքները: Խնդիրը նրանում է, որ արդյունաբերությունը նախ՝ մեծ ներդրումներ է պահանջում, երկարաժամկետ ներդրումներ, քանի որ արդյունաբերական ձեռնարկությունների մեծ մասը կապիտալի տեսանկյունից հիմնական միջոցներ են պահանջում, իսկ դրանց մեջ ներդրված արժեքը, աստիճանաբար՝ տարիների ընթացքում են փոխհատուցվում. հումքի նման չէ, որ մեկ արտադրական ցիկլում հետ գա:
Եթե ներքին շուկայում կան անկատարություններ, իսկ սպառողների թիվը շատ ցածր է, անկասկած, որքան փոքր է բնակչությունը, այնքան ռիսկեր կան սպառման հետ կապված, մանավանդ, մեր մոտ սպառման նվազման արագությունն ավելի մեծ է, քան բնակչության աճի տեմպը: Սա պայմանավորված է վերջին տարիներին տրանսֆերտների թվաքանակի նվազեցմամբ: Բացի այդ, ԱՊՀ-ում Հայաստանն ամենամեծ գործազրկության մակարդակն ունի. տարբեր գնահատականներով՝ 18.5-19 տոկոս: Այս պայմաններում արդյունաբերական ձեռնարկությունը, որը չի կարող իրացնել իր պրոդուկտը, չի կարող նաև արտաքին շուկա դուրս գալ՝ պայմանավորված շրջափակման, գործընկեր երկրներում առկա անկատարություններով, և այլն: Սա ամեն կերպ խոչընդոտում է արդյունաբերական հատվածում ներդրումները:
Չմոռանանք, որ Շիրակի մարզում արդյունաբերությունը շատ փոքր մաս է կազմում, որտեղ հիմնականում վերամշակող արդյունաբերությունը զարգացման պոտենցիալ ունի, քանի որ հումքային բազան շատ զարգացած չէ՝ Սյունիքի, Տավուշի մարզի նման, որտեղ առկա է պղնձի, մոլիբդենի արդյունահանում, մեր մարզում դա չկա: Վերամշակող արդյունաբերությունը պահանջում է գիտատեխնիկական մեծ պոտենցիալ, մեծ ներդրումներ, իրացման կոնկրետ բազաներ: Վերամշակող հատվածը սպեցիֆիկ է և պահանջում է մուտք շուկա, բարձր վճարունակ և զարգացող շուկաներ, որն այս պահին չունենք: Տարիներ առաջ դեպի Ղազախստան քարհատ մեքենաների սարքավորումներ էինք արտահանում Ղազախստան: Այսօր, որքան տեղեկացված եմ, նվազել է քարհատ մեքենաների արտահանումը:
– ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը 500.000 դոլար ներդրումներ կատարելով Գյումրիում՝ գնեց «Ջրահարս» ռեստորանը, որը վերածվելու է հյուրանոցառեստորանային համալիրի: Սպասարկման ոլորտը գյումրեցիների համար բավարար աշխատատեղեր կարո՞ղ է ապահովել:
– Շատ ողջունելի է, որ վարչապետը ներդրումներ է կատարել Գյումրիում, հյուրանոցառեստորանային համալիր է ստեղծում, բայց մեծաքանակ աշխատատեղերի ապահովման միակ ճանապարհն արդյունաբերությունն է: Աշխատատեղերի ստեղծման քանակը ներդրումների միջոցով մեծ է «Լենտեքսի» և «Գյումրի-Գարեջուր» ընկերության դեպքում: Արդյունաբերական հատվածն ավելի շատ աշխատողներ է պահանջում, այստեղ նեղ մասնագիտացումն ավելի շատ է, իսկ հյուրանոցներում քանի՞ մարդ կարող է աշխատել: Դա չի կարող փոխարինել այն պոտենցիալին, որը կարող է լինել ձեռնարկությունների ստեղծման ճանապարհով աշխատատեղերի ստեղծումը:
Զրուցեց Անահիտ Սիմոնյանը