Արտոնյա՞լ դատավորներ. ինչպես վերացնել անհամաչափությունը

ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը և ԱԺ մի քանի պատգամավորներ նախագիծ են ներկայացրել  Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին։

Նախագծում վերլուծված են դատարաններում պատահական բաշխման համակարգին առնչվող հարցեր։ Հեղինակները, վերլուծելով վիճակագրական տվյալները, նշել են, որ գործերի պատահական բաշխման համակարգը ոչ հավասարաչափ է բաշխում գործերը նույն դատարանի դատավորների միջև, ինչպես նաև հստակորեն չեն պահպանվում դատարանի նախագահներին տրված արտոնությունները:

Այսօր լրագրողների հետ զրույցում Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ գործող իրավակարգավորման համաձայն՝ դատարանների նախագահները, Դատավորների ընդհանուր ժողովի և Արդարադատության խորհրդի, Կարգապահական և էթիկայի հարցերի հանձնաժողովի անդամ հանդիսացող դատավորներն ունեն որոշակի արտոնություններ։

«Նրանք դե յուրե իրավունք ունեն ստանալու 25 տոկոսով պակաս գործեր, քան մյուս դատավորները: Բայց Դատական օրենսգիրքն ունի մեկ այլ դրույթ, որի համաձայն՝ դատավորը, լինի դատարանի նախագահ թե ոչ, կարող է փաստարկել իր մոտ գործերի առանձնակի բարդությունը կամ ծավալի առկայությունը և այդ և 25 տոկոսը գերազանցող սահմանաչափից էլ ավելի շատ արտոնություն ստանա: Ես արդեն ուզում եմ փաստել, որ դե ֆակտո գոյություն ունեցող իրավիճակը հենց այդպիսի է։ Կան դատավորներ, և այդ դատավորները բավական մեծ թիվ են կազմում (հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես դատավորների թվաքանակի հարաբերակցությունը՝ բավական մեծ թիվ են կազմում՝ 10 և ավելի տոկոս), որոնք ունեն այդ արտոնությունները, հատկապես՝ դատարանների նախագահները (75 տոկոս, 80 տոկոս, 85 տոկոս)։ Սա նշանակում է, որ նրանց, օրինակ՝ մակագրվում է 85 տոկոսով պակաս գործ, քան իրենց դատարանի մյուս դատավորներին։ Արդյունքում՝ անհամաչափություն կա»։

Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ կարևոր է, թե ո՞վ է որոշում տվյալ դատավորի ծանրաբեռնվածության գոյության փաստը: «Երեկ իմ գործընկերներից մեկն ասում էր, որ ինքնին թվային ցուցանիշների փոփոխությունը չի հանգեցնի իրավիճակի շտկման։ Այո՛, և դրա լուծման համար կա երկրորդ լուծումը, որը մենք նախագծով առաջարկել ենք։ Դա Բարձրագույն դատական խորհրդին իրավունք վերապահելն է՝ որոշելու՝ իրականում այդ դատավորի մոտ առանձնակի բարդության գո՞րծ է, թե՞ ոչ։ Որովհետև այսօր դատարանների նախագահների խորհուրդն ինքն է որոշում. դատարանների նախագահները որոշում են՝ որքանով են իրենք ծանրաբեռնված»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը՝ նշելով, որ նախագծով առաջարկվում է 25 տոկոս սահմանաչափն իջեցնել 5 տոկոսի։

Ըստ Արփինե Հովհաննիսյանի՝ այդպիսի արտոնությունը նորմալ է, այն պետք է լինի, աշխարհի բոլոր երկրներում կան նման արտոնություններ, քանի որ կա վիճակագրություն, որ կան բազմահատոր գործեր, մի գործը կարող է ծածկել մեկ այլ դատավորի վարույթում գտնվող բոլոր գործերը։ «Սա իրողություն է, բայց մենք պետք է հասկանանք, թե որքան տոկոս է կազմում։ Եվ ամենակարևորը՝ դատավորը պետք է պատշաճ հիմնավորի (այսօր այդպես չէ)։ Պիտի պատշաճ հիմնավորի, որ իրականում ծանրաբեռնված է, և գործերի այդպիսի քանակ է առկա։ Եվ դա պետք է որոշի ոչ թե այն մարմինը, որն ինքն իր համար է արտոնություն սահմանում, այսպես ասած, այլ մենք առաջարկում ենք՝ բարձրագույն դատական խորհուրդը։ Անկախ, անաչառ, դատավորների մեծամասնություն չկազմող մարմնում կնստեն և կորոշեն՝ արդյոք տվյալ դատավորի խնդրանքը հիմնավո՞ր է, թե՞ ոչ»։

Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ Հայաստանում դատավորների քանակը միջազգայնորեն ընդունված չափանիշերից ցածր է։ «Մենք պարտավոր ենք մտածել դատավորների քանակի ավելացման մասին և պարտավոր ենք դրանից առաջ մտածել մեխանիզմների մասին՝ ինչպես թոթափել։ Դատական օրենսգրքում մտածված են այդպիսի մի քանի մեխանիզմներ։ Մի պահ քննարկվում էր (կտեսնենք՝ ինչպիսին կլինի վերջնական լուծումը)՝ առանձնացնել դատավոր մինչդատական վարույթի համար, կամ դատարան։ Աշխարհի տարբեր երկրներում տարբեր մոդելներ կան»։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ ներկայումս քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատավորները քննում են նաև մինչդատական վարույթի շրջանակներում ներկայացվող միջնորդություններ, այդ թվում՝ անձին ազատությունից զրկելու հետ կապված, Արփինե Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ դա լավագույն պրակտիկան չէ։

«Միևնույն ժամանակ՝ մենք այսօրվա գործող իրողության պայմաններում չենք կարող ասել, որ ամբողջությամբ կարող ենք բացառել։ Այսպես ասենք՝ լավ օրից չէ, որ այդ մարդիկ այդպիսի գործեր են քննում, բայց դրա համար Դատական օրենսգրքի հետ կապված առանձին քննարկման առարկա էր մասնագիտացնելու կամ դատարան ստեղծելու հարցը։ Տեսնենք՝ ի վերջո, ինչպես կորոշի Արդարադատության նախարարությունը, ինչ տեսքով կներկայացնի Դատական օրենսգիրքը, բայց կարծում եմ՝ լավ կլինի՝ լինեն այնպիսի լուծումներ, որ քրեական գործեր քննող, մասնագիտացած դատավորները քննեն դրանք»։

Տեսանյութեր

Լրահոս