Բաժիններ՝

Խաղողի վերջին հատիկը

Վերջին տարիներին աշնանային ամենացավոտ թեման գյուղմթերումներն են: Նույնիսկ կարելի է պնդել, որ նախորդ գյուղնախարարի պաշտոնանկության հիմնական պատճառը խաղողի մթերումների պատճառով ստեղծված իրավիճակն էր: Մթերող կազմակերպությունները նախ՝ որպես կանոն, ծանր պայմաններ էին ստեղծում հենց մթերման պահին։ Ապա ամիսներ շարունակ ուշացնում էին գյուղացու հասանելիք գումարի վճարումները: Նախորդ տարի մթերման հերթում նույնիսկ մահվան դեպք արձանագրվեց:

Այս առումով գյուղմթերքի (հատկապես` խաղողի) մթերման թեման մշտապես հասարակական հետաքրքրության կենտրոնում է: Նաև այն պատճառով, որ բերքի վարձը չստացած գյուղացիները պարբերաբար մայրուղիներ են փակում` իրենց խնդիրների լուծման նպատակով: Եվ ահա եկավ հերթական աշունը: Գյուղնախարարության տարածած առաջին տեղեկատվությունը, բնականաբար, խաղողի մթերումներին է վերաբերում:

Նախարարը, պարզվում է, այցելել է որոշ գործարաններ ու առիթից օգտվելով՝ իր տեսակետն է հայտնել խաղողի բերքի մթերման սպասումների մասին: Առիթից օգտվել են նաև մթերող ձեռնարկությունների ղեկավարները: Նրանք ևս ելույթ-ակնկալիք-խոստում են հնչեցրել: Հնարավոր է, որ այդ տեքստերը սյուժետային լարումով ու դրամատիզմով զիջում են դետեկտիվ ժանրի գրական ստեղծագործություններին: Սակայն, միևնույն է, առանձնահատուկ բույր ու հմայք ունեն: Օրինակ՝ տեսեք՝ մեր գյուղնախարարը խաղողի մասին երկու լուր ունի:

Ճիշտ այնպես, ինչպես բոլոր անեկդոտներում, մեկը՝ լավ, մյուսը` վատ: Նա հայտարարում է, որ «Այս տարի խաղողի բերքը պակաս է, սակայն աննախադեպ որակ ունի»: Պարզ սպառողը չի հասցնում կողմնորոշվել՝ ավելի շատ ուրախանա՞լ աննախադեպ որակի փաստով, թե՞ տխրել պակաս բերքի լուրն առնելուն պես: Չի հասցնում, որովհետև նախարարն անմիջապես ավելացնում է, որ օպերատիվ տվյալներով՝ այս տարի «արդեն ավելի քան 60 հազար տոննա խաղող է մթերվել, որն ավելին է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը»: Հրաշալի է` բերքը պակաս է, բայց մթերումների ցուցանիշն ավելի բարձր է: Հավանաբար պետք է ուրախանալ: Եվ ոչ միայն այս մեկ փաստով: Նախարարն այցելել էր, օրինակ, նաև Պռոշյանի կոնյակի գործարան:

Այդ գործարանի տնօրենը մանրամասն պատմել էր, որ մթերումները սկսել են օգոստոսի 31-ից, արդեն մթերել են 10 հազար տոննա խաղող, և ավելացրել, որ «գումարները վճարում են հանձնելուց հետո` առավելագույնը 30-35 օրվա ընթացքում»:

Նա հետո նույնիսկ ոգևորված հայտարարել էր, որ «Մինչև վերջին հատիկ խաղողը չմթերվի՝ մեր մասնաճյուղերի դռները չեն փակվելու»:

Գեղեցիկ է և ոգևորիչ: Բայց տոմար-օրացույցին հետևող ամեն ոք կարող է հաշվարկել, որ օգոստոսի 31-ից 30-35 օր դեռևս չի անցել: Հետևաբար՝ վճարումների մասին ասածները դեռևս փաստ չեն: Բայց գործարանների տնօրենների խոստումները, որ տրվել են գյուղնախարարի այցելության շրջանակում, խորհրդային սոցիալիստական մրցությունների ընթացքում հնչող ելույթներ են հիշեցնում: Իհարկե, սխալ կլինի պնդելը, թե խորհրդային բառապաշարը միայն գյուղմթերումների ոլորտում է կիրառվում: Երևանյան համարյա բոլոր շինարարությունները փակված են նույն պաստառով, որը մեզ խոստանում է «Էլ ավելի բարեկարգ Երևան»:

Այնինչ մեզ բոլորիս ընդամենը բարեկարգ Երևան է պետք, ոչ թե «Էլ ավելի խթանենք, և այլն…»՝ խորհրդային մերկապարանոց լոզունգ: Բայց վերադառնանք մթերումներին: Ձեռնարկությունների բոլոր տնօրենները համաձայնել են գյուղնախարարի պնդման հետ, որ խաղողը նախորդ տարվա համեմատ պակաս է, սակայն՝ ավելի որակյալ: (Եկող տարի հավանաբար կասեն` էլ ավելի որակյալ է): Նախարարի հետ համաձայնելը ևս հավանաբար խորհրդային տարիներից եկող ավանդույթ է: Ավելին` ձեռնարկություններից մեկի տնօրենը նույնիսկ խոստացել է այս տարի ավելի շատ խաղող մթերել, քան նախորդ տարի էր մթերել:

Ու պատկերացրեք՝ նախարարը գոհ է մնացել խոստումից ու տնօրենին չի հիշեցրել, որ բերքը պակաս է: Որքան էլ որ տարօրինակ լինի, խոստումը տալիս է այն գործարանի տնօրենը, ով նախորդ պարտքերը փակեց մոտ մեկ տարի հետո: Կարճ ասած՝ այս տարի էլ գյուղմթերումները սկսվեցին նույն ձեռագրով, ինչ նախորդներին էր: Նորից գյուղացիներին խոսք են տալիս մթերել: Նորից խոսք են տալիս բարձր գնով մթերել: Ու հավանաբար կմթերեն: Բա հո կառավարությանը չե՞ն մերժելու:

Պարզապես նախորդ տարիների նման կհետաձգեն վճարումը: Չեն հրաժարվի, բայց նորօրյա ավանդույթի համաձայն՝ կվճարեն, երբ հարմար կլինի: Խորհրդային տերմինաբանությամբ՝ «Սպասենք նոր լուրերի բերքահավաքի ճակատից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս