Հիշատակի լավագույն տուրքը
Մենք՝ հայերս (գուցեև ոչ միայն հայերը), գերադասում ենք հարգանքի տուրք մատուցել… առավելապես՝ հանգուցյալներին։ Հոբելյաններին կամ, թեկուզ, մահվան տարելիցին մենք ձոներ ենք նվիրում մարդուն, որի արածին և ասածին պատշաճ ուշադրություն չէինք դարձնում կենդանության օրոք։ Հետմահու փառաբանումների այդ հոսքը, թերևս, բնական և անգամ անխուսափելի է, բայց դրանց մեջ կա մի լուրջ վտանգ․ գովաբանելով միայն վաղ կամ ոչ այդքան վաղ անցյալում տեղի ունեցածը՝ մենք մեկ անգամ ևս կամ նույնիսկ վերջնականապես խզում ենք կենսական կապն այն մարդու հետ, որի հիշատակն ուզում էինք վառ պահել։ Այդ վտանգը քաջ գիտակցելով՝ կուզենայինք այս նյութում անդրադարձ կատարել լուսահոգի Վլադիմիր Հայրապետյանի ոչ միայն՝ անցած ուղուն, այլ նաև՝ իր կերպարի այն առանձնահատկություններին և նրա կողմից արտահայտած այն գաղափարներին, որոնք մնայուն են և անմիջական աղերսներ ունեն մերօրյա իրականության հետ։
Նյութի առիթը կրկին հոբելյանն է․ սեպտեմբերի 27-ին լրացավ վաստակաշատ գիտնական և մանկավարժ, ՀԽՍՀ Բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կարապետի Հայրապետյանը 90-ամյակը։
Իր վերջին հրապարախոսական հոդվածներից մեկում նա գրում էր․ «Հաշվի առնելով տարիքս և առողջական վիճակս՝ ես չեմ կարողանա ակտիվ մասնակցություն ունենալ այս (ժողովրդագրական խնդիրներով զբաղվող.- խմբ․) հիմնադրամի կազմավորմանը և աշխատանքներին, բայց կասկած չունեմ, որ գաղափարը կարժանանա հայրենակիցների լայն արձագանքին, և գործը հաջող կընթանա»։
Գաղափարի բուն էությանը մենք դեռ կանդրադառնանք, բայց այժմ փորձենք հասկանալ՝ ի՞նչը դրդեց 80-ն անց, իր պատվավոր հանգիստը վաստակած, սիրող և սիրված ուսանողներով, ընկերներով ու հարազատներով շրջապատված գիտնական-մանկավարժին՝ բարձրաձայնել իր անկեղծ մտահոգությունը։ Վլադիմիր Հայրապետյանին ճանաչողների համար պատասխանն ակներև է. նախևառաջ՝ իրական, իր իսկ խոսքերով՝ «մեծամտությունից և այլոց հանդեպ մերժողական վերաբերմունքից զուրկ» հայրենասերի քաղաքացիական դիրքորոշումը, գումարած դրան՝ նաև գիտնական-վերլուծաբանի փաստերով և թվերով խոսելու տարիներով հղկված ձիրքը։
Իր ողջ կյանքի ընթացքում նա եղել է մտահոգ, այն է անտարբերությունն արմատապես մերժող, և մտածող, այսինքն՝ քննադատորեն վերլուծող, այլ ոչ թե պաշտոնական գաղափարախոսությանը կուրորեն հետևող գիտնական և քաղաքացի։
Արտաքինից իր գիտական և մանկավարժական գործունեությունը հարթ ու հանդարտ էր ընթացել. գերազանցությամբ ավարտել էր դպրոցը և արժանացել ԵՊՀ միջազգային հարաբերությունների նորաստեղծ ֆակուլտետի՝ կարմիր դիպլոմ ստացած առաջին շրջանավարտների շարքում լինելու պատվին։ 1955 թ. ԽՍՀՄ ԳԱ Տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան ավարտելուց և թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելուց հետո 50 տարուց ավելի ԾԱՌԱՅԵԼ է Վ.Բրյուսովի անվան ինստիտուտում (համալսարանում) որպես լաբորանտ, ապա՝ դոցենտ, պրոֆեսոր, տնտեսագիտության ամբիոնի վարիչ, այնուհետև՝ ուսումնական գծով պրոռեկտոր:
Սակայն ընթացքում եղել են սկզբունքային և կուսակցական հաճոյախոսությանը հակասող կրքոտ ելույթներ, հանուն գիտական ճշմարտության տված կռիվներ և շատ այլ «առօրեական հերոսություններ», որոնք իրական տղամարդու զսպվածությամբ և բնատուր համեստությամբ օժտված Վլադիմիր Հայրապետյանը չէր բարձրաձայնում անգամ ամենամոտիկների ներկայությամբ։
Բերեմ միայն մեկ օրինակ. արդի շրջանում բնապահպանական լրջագույն խնդիրներից մեկին՝ թափոնների և աղբի արդյունաբերական վերամշակման խնդրին, իր կողմից առաջարկած պաշտոնական դիքորոշմանը խիստ հակասող լուծումը 70-ականների վերջում հարցականի տակ դրեց իրեն տնտեսագիտական գիտությունների դոկտորի գիտական աստիճան շնորհելը։ Իբրև «ժամանակից առաջ» անցնելու վկայություններ՝ կարելի է դիտարկել նաև իր այլ գիտահետազոտական շեշտադրումները, օրինակ, ներդրումային քաղաքականության արդյունավետության կամ առևտրային կապիտալի շահութաբերության հիմնախնդիրների վերլուծությունը։
Ոչ ստանդարտ, «խորհրդային ավանդույթից» դուրս մոտեցումներից Վլադիմիր Հայրապետյանը չէր խորշում նաև իր մանկավարժական աշխատանքում։ Իր դասախոսական խստապահանջության մասին բոլորը գիտեին, սակայն ոչ մի ուսանող երբեք չէր նեղվում դրանից, այլ հակառակը՝ երախտապարտ էր իրեն ոչ միայն չոր տնտեսագիտական գիտելիք փոխանցելու, այլ առաջին հերթին՝ քննադատական մտածողության, տեսությունը «կենդանացնելու» և կիրառելու կարողությունները հետևողականորեն և հաստատակամ զարգացնելու համար։ Չէ՞ որ, նույնիսկ մի քանի անգամ քննությունը վերահանձնած ուսանողը սիրված դասախոսի երբեմն մռայլ արտաքինի ներքո գուշակում էր անկեղծ սերն և իրական հոգատարությունը։
Իսկ այժմ այն մտահոգությունների մասին, որոնք հանգիստ չէին տալիս Վլադիմիր Հայրապետյանին 90-ականների սկզբից ի վեր։ Իր սերնդակիցներից շատերի պես՝ նա միանշանակ չընդունեց փոփոխությունները, բայց ոչ թե խորհրդային կարգերի և գաղափարախոսական կապանքներից ազատագրումը, այլ բարոյահոգեբանական մթնոլորտի ապականումը, արժեհամակարգի խաթարումն ու քաղաքականության մեջ (որպես տնտեսագետ, առաջին հերթին՝ տնտեսական քաղաքականության) կարճատեսության դրսևորումները։
Իր վերջին հոդվածներից մեկում նա անդրադարձել էր իր տեսանկյունից անկյունաքարային հարցերից մեկին՝ Հայաստանին սպառնացող ժողովրդագրական ճգնաժամին։ Հոդվածը լույս էր տեսել «Новое время» թերթում 2010 թվականին, իսկ այսօր, 7 տարի անց, մենք կրկին առերեսվում ենք այդ խնդրին. փորձում ենք ձևավորել «Հայաստան-Սփյուռք» հարաբերությունների արդյունավետ օրակարգը և լուծել օրեցօր ավելի մեծ վտանգ ներկայացնող ժողովրդագրական խնդիրները։
Մի՞թե ողջամիտ և խորաթափանց քաղաքացի Վլադիմիր Հայրապետյանն «ուտոպիստ» էր իր լավատեսությամբ, և մեր մեջ դեռ չի ձևավորվել գաղափարները քննարկելու և արժևորելու, պետության բարօրության նպատակները սեփական անցողիկ շահերից վեր դասելու և հանուն դրանց օրնիբուն աշխատելու մշակույթը։ Պատասխաններն առջևում են, և դրանց սպասում է ողջ հայությունը։ Եվ այդ հարցերի հայանպաստ պատասխանները կլինեն լավագույն տուրքը Վլադիմիր Հայրապետյանի հիշատակին։