Բաժիններ՝

Վրաստանի վարչապետը կարեւորել է եղբայրական հարաբերություններն աբխազների հետ

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին աբխազներին հավաստիացրել է, որ վրացիները ցանկանում են վերականգնել եղբայրական հարաբերությունները եւ չկրկնել անցյալի սխալները, տեղեկացնում է Sputnik-ը:

1993 թվականի սեպտեմբերի քսանյոթին ընկավ Սուխում քաղաքը, որը պաշտպանում էին վրացական զորամասերը: Սուխումն անցավ աբխազների եւ հյուսիսկովկասյան զինված կազմավորումների հսկողության ներքո, որոնք սեպտեմբերի 30-ին հսկողություն հաստատեցին Աբխազիայի գրեթե ողջ տարածքի նկատմամբ: Վրաստանում այս ամսաթիվը նշում են որպես Հիշատակի եւ հույսի օր:

«1993 թվականի սեպտեմբերի 27-ն ամենաողբերգական ամսաթվերից մեկն է մեր երկրի պատմության մեջ: Այսօր լրացավ Սուխումի անկման 24 տարին: Սա այն օրն է, որը հիշեցնում է պատերազմի ավերիչ եւ ոչնչացնող ուժի մասին: Այս պատերազմում վրացիները եւ աբխազները անդառնալի կորուստներ կրեցին: Դա եղբայրասպան պատերազմ էր»,-ասված է վարչապետի՝ կառավարության կայքում զետեղված հայտարարության մեջ:

Պատերազմի հետեւանքով հարյուր հազարավոր մարդիկ հարկադիր վերաբնակներ դարձան իրենց հողում:

«Այդ պատերազմը աբխազների եւ վրացիների դեմ էր: Դա պատերազմ էր, որտեղ հաղթողներ չկան… Այդ պատերազմի զոհեր դարձան մեր երկրի լավագույն որդիները: Այսօր մենք հարգում ենք նրանց հիշատակը»,-նշված է հայտարարության մեջ: Վարչապետն ընդգծել է որ վրացիներին եւ աբխազներին զատեց պատերազմը, բայց վրացիները պատրաստ են հարաբերություններն սկսել նոր էջից:

«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի Վրաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնենք խաղաղ ճանապարհով, վերականգնենք այն եղբայրությունն ու սերը, որոնք միշտ կապել են աբխազներին ու վրացիներին, վերականգնենք վստահությունը, առանց որի անհնար է առաջ ընթանալ»,-հայտարարել է Կվիրիկաշվիլին:
Նա նշել է, որ Վրաստանի իշխանություններն ամեն ինչ անում են՝ չկրկնելու անցյալի սխալները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս