
Իրաքյան Քրդստանը հրաժարվեց օդանավակայանները հանձնել Բաղդադի կառավարմանը. Sky News Arabia

Քրդական իշխանությունները կտրականապես մերժել են 72 ժամվա ընթացքում Էրբիլում եւ Սուլեյմանիեում սահմանային բոլոր անցակետերի եւ օդանավակայանների նկատմամբ հսկողությունը դաշնային իշխանությունների կառավարմանը հանձնելու Բաղդադի պահանջը: Այդ մասին հայտնել ՖSky News Arabia հեռուստաալիքը:
«Օդանավակայանների հանձնման վերաբերյալ Իրաքի կառավարության բանաձեւն անտեղի է, մենք կշարունակենք իրականացնել դրանց կառավարումը,- Rudau հեռուստաալիքը մեջբերել է քրդական ինքնավարության տրանսպորտի եւ հաղորդակցությունների նախարար Մավլյուդ Բաումարադի խոսքը:-Իրաքի ավիացիոն իշխանությունները պատշաճ ձեւով չեն կատարում իրենց աշխատանքը»:
«Ավիահաղորդակցությունը դադարեցնելու Բաղդադի որոշումն անօրինական է»,-ընդգծել է նա: Սեպտեմբերի 26-ին Իրաքի դաշնային կառավարությունը Իրաքյան Քրդստանին երեք օր է տվել սահմանային բոլոր անցակետերն ու օդանավակայանները Բաղդադի կառավարմանը հանձնելու համար: Ինչպես հայտարարել է Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին, որոշում է ընդունվել «երեք օրից արգելել միջազգային ավիաչվերթները Իրաքյան Քրդստան եւ այնտեղից, եթե օդանավակայանների հսկողությունը չհանձնվի համերկրային կառավարությանը»:
Խոսքը վերաբերում է նաեւ Իրանի եւ Թուրքիայի հետ քրդական ինքնավարության սահմանների հսկիչ անցակետերին: Բացի այդ, Al Hadath հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, Քրդստանի ղեկավարությունը մերժել է քրդական տարածքների հետ «հաղորդակցության բոլոր ուղիները փակելու» Բաղդադի սպառնալիքները:
Սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում հանրաքվե է անցկացվել ինքնավարության անկախության շուրջ: 3,44 մլն քվեաթերթիկների հաշվման արդյունքներով, ավելի քան 90 տոկոսը քվեարկել է անկախության օգտին: Հանրահարցման վերջնական արդյունքները դեռեւս չեն հրապարակվել: Հանրաքվեի անցկացմանը դեմ էին Իրաքի կենտրոնական կառավարությունը՝ այն համարելով ոչ սահմանադրական, ինչպես նաեւ Անկարան եւ Թեհրանը, որոնք հանդես են գալիս արաբական երկրի միասնության օգտին: Տվյալ փուլում հանրաքվեն անտեղի են համարում Վաշինգտոնում եւ եվրոպական մի շարք երկրներում, քանի որ այն, նրանց համոզմամբ, խարխլում է ահաբեկչության դեմ մղվող պայքարը եւ տարածաշրջանի անվտանգությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: