Երաշտի հետևանքները Լոռու մարզում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Լոռու մարզում այս տարի բերք չեն կարողացել ստանալ: Եղանակային անբարենպաստ պայմաններն ազդել են բերքատվության վրա: Բերքից դժգոհողների առաջին շարքերում են կարտոֆիլագործները:
Վարդաբլուր համայնքում այս օրերին կարտոֆիլի բերքահավաք է ընթանում: Ստացած բերքից ոչ ոք գոհ չէ. կարտոֆիլի բերքն այս տարի անորակ է, պատճառն էլ երաշտն է:
«Բերքը կա, բայց շոգերի պատճառով կարտոֆիլն արդեն հողի մեջ թոռոմել է, չենք էլ կարողանում հանել»,– «Փաստ» օրաթերթի հետ զրույցում ասաց Վարդաբլուր համայնքի բնակիչ Միքայել Ֆրանգյանը:
Վարդաբլուրում ոռոգման ջուր չկա, այստեղ հողագործությամբ զբաղվում են անձրեւի հույսով: Եղանակն էլ այս տարի գյուղացու կողմից չէր, անձրեւ Վարդաբլուրում վերջին ամիսներին չեն տեսել: «Միջակ բերք ենք ստացել: Եթե ջուր լիներ, ավելի լավ բերք կստանայինք»,– նշեց նա:
Նախորդ տարի մարզում կարտոֆիլի բերքատվությունը բարձր էր, ինչը չէր կարելի ասել գնի մասին: Կախված կարտոֆիլի չափից` 1 կիլոգրամի արժեքն այստեղ տատանվում էր 60–100 դրամի սահմանում: Այս տարի, ըստ վարդաբլուրցիների, կարտոֆիլի գինը բարձր կլինի:
Լոռու գրանցված երաշտն էական վնաս է հասցրել մարզի գյուղատնտեսությանը:
Կարտոֆիլ չկա, գարի չկա, ցորեն չկա. չկաների շարքը թվարկում են սարահարթցիները:
Սարահարթ համայնքում նույնպես ոռոգման ջուրը բացակայում է: Վարելահողերի մեծ մասն այստեղ չի մշակվում, միայն տնամերձերն են գյուղատնտեսական նպատակներով օգտագործվում:
«Պատկերացրեք՝ 1 հեկտարից 12 ցենտներ բերք ենք ստացել, նույնը եւ ցորենը: Կարտոֆիլ էլ չկա: Մեր գյուղում վիճակ չկա էս տարի»,- փոխանցեց համայնքի ղեկավար Վասիլ Փիլոյանը:
Սարահարթցիներն այս գյուղտարին ամենավատն են համարում: Հաջող չեն նաեւ սարահարթցիների գործերը: Աշխատատեղեր չունեցող համայնքի բնակիչների մեծ մասը դրսում է օրվա հացը վաստակում: Սարահարթից ամեն տարի շուրջ 400 տղամարդ է Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնում: Սարահարթցի «խոպանչիներն» արդեն վերադարձել են, բայց առանց գումարի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում: