Բաժիններ՝

Հարցեր, որոնց բժշկին պետք է միայն ճիշտը պատասխանել

Մենք հաճախ ենք բժշկի կողմից տրվող հարցերին խուսափողական պատասխաններ տալիս: Սրա պատճառները տարբեր կարող են լինել` անվստահություն, ամաչկոտություն կամ վտանգավոր ախտորոշում լսելու վախ: Բայց առաջին հերթին՝ բժիշկը մասնագետ է, որին դիմում եք օգնություն ստանալու նպատակով: Պետք չէ հորինել կամ աղավաղել պատասխանները: Ահա այն հարցերը, որոնց պետք է բացառապես ստույգ պատասխանել:

Վաղո՞ւց է ցավում…

Հաճախ հիվանդները մինչև վերջ ձգում են և հիվանդանոց են դիմում միայն այն ժամանակ, երբ ցավին դիմանալն այլևս անհնար է: Նրանք մտավախություն ունեն, որ բժիշկը կարող է իրենց մեղադրել, բարկանալ, որ ավելի շուտ չեն եկել: Այդ պատճառով էլ բժշկի՝ «Վաղո՞ւց է ցավում» հարցին հիվանդները գիտակցաբար սխալ են պատասխանում` էականորեն նվազեցնելով հիվանդության ժամանակահատվածը: Սա կործանարար մոտեցում է: Դրանով դուք բժշկին մոլորության մեջ եք գցում, և նա կարող է սխալ ախտորոշում կատարել և նշանակել ոչ ճիշտ բուժում:

Ե՞րբ եք ՈՒՁՀ (ուլտրաձայնային հետազոտություն) արել…

Կարդացեք նաև

Հաճախ, հիվանդանոց գալով, հիվանդները չեն ունենում նախորդ հետազոտության պատասխանները: Եթե Ձեզ մոտ, ասենք, կիստա է հայտնաբերվել, ապա բժշկի համար շատ կարևոր է գոնե մոտավորապես հասկանալ, թե երբ կարող էր այն ձևավորված լինել: Եթե Դուք ասեք, որ էն տարի ՈՒՁՀ-ն ոչինչ չի հայտնաբերել, իսկ իրականում ՈԻՁՀ արած լինեք, ենթադրենք, 5 տարի առաջ, ապա կրկին դրանով չեք նպաստի Ձեր բուժմանը:

Ի՞նչ դեղեր եք խմում…

Հաճախ, երբ հիվանդներն ինքնաբուժությամբ են զբաղվում, իսկ հետո այնուամենայնիվ գալիս են հիվանդանոց, նրանք բժշկին չեն խոստովանում, թե ինչ դեղորայք են ընդունել առանց նշանակման: Բայց այս դեպքում վատագույն ելքը կլինի այն, որ բժշկի նշանակած դեղամիջոցն անհամատեղելի լինի առանց նրա գիտության Ձեր խմած դեղերի հետ: Շատերը մտածում են, որ սրտաբանի պետք չէ պատմել այն դեղերի մասին, որը խմում եք ենթաստամոքսային գեղձի բուժման համար, կամ ընդունում եք ցավազրկողներ: Սակայն, բանն այն է, որ մի դեղամիջոցի ազդող նյութերը կարող են չեզոքացնել մյուսի ազդեցությունը, կամ, որ ավելի վատ է, սաստկացնել նրա կողմնակի վնասակար էֆեկտը: Պետք է պատմել նաև, թե ինչ վիտամիններ, կենսաբանորեն ակտիվ հավելումներ եք ընդունում կամ ժողովրդական բժշկության ինչ տարբերակներ եք գերադասում:

Բոլո՞ր նշանակումներն եք կատարում…

Ոչ միշտ են հիվանդները բժշկին խոստովանում, որ չեն հետևում նրա խորհուրդներին: Մեծամասնությունը կամայականորեն ավելացնում կամ պակասեցնում է դեղերի չափաբաժինները, ոչ բոլոր դեղամիջոցներն են խմում, իսկ հետո ասում են, որ բուժումը չի օգնում: Աղեստամոքսային տրակտի շատ հիվանդությունների դեպքում հիվանդին խիստ սննդակարգ է նշանակվում, բայց ոչ բոլորն են պատրաստ կտրուկ հրաժարվել սովոր սնունդից կամ սնունդի մեջ սահմանափակումներ մտցնել: Հիվանդների մեծ մասն էլ պարզապես կարող է մոռանալ դեղերն ընդունել, կամ որոշ դեղամիջոցներ տհաճ համ կամ օգտագործման եղանակ կարող են ունենալ: Բայց դրա մասին պետք չէ լռել բժշկի կաբինետում: Նա կարող է ենթադրել, որ բուժումն էֆեկտիվ չէ, և հնարավոր է՝ ավելացնի դեղամիջոցների դոզան կամ, ընդհակառակը, պակասեցնի: Կարող է նաև ալտերնատիվ տարբերակ մտածել ու փոխել բուժման սխեման կամ առաջարկել այլ դեղամիջոցներ:

Ծխում կամ խմո՞ւմ եք….

Բժիշկը մայր կամ հայր չէ, որոնք, եթե իմանան Ձեր վատ սովորությունների մասին, կբարկանան: Ալկոհոլի կամ թմրամիջոցների փոխգործակցությունը դեղամիջոցների մեջ առկա ակտիվ նյութերի հետ կարող են բերել բացասական հետևանքների, իսկ վատագույն դեպքում` մահվան ելքի:

Քաղցա՞ծ եք եկել…

Վիրահատությունից 8-12 ժամ առաջ չի կարելի ոչինչ ուտել և խմել: Որոշ հիվանդներ չեն ասում, որ մի քիչ կերել են կամ մի փոքր ջուր են խմել: Սակայն այս անփութությունը կարող է հանգեցնել բարդությունների անզգայացման կամ վիրահատության ժամանակ:

Ամեն ինչ հասկանալի՞ է…

Հնարավոր է, բժիշկը կարող է մտածել, որ որոշ բաներ, այսպես թե այնպես, բոլորին հասկանալի են, բայց մասնագիտական եզրույթները կամ ինֆորմացիայի մեծ քանակը կարող են շփոթեցնել հիվանդին: Այդ պատճառով էլ մի ամաչեք կամ վախեցեք հարցեր տալ կամ նորից հարցնել այն, ինչը չեք հասկացել:

Եթե դուք ձեզ մոտ ինչ-որ հիվանդության սիմպտոմներ  եք հայտնաբերել, մի հետաձգեք բժշկին այցելությունը: Ինչքան շուտ սկսեք բուժվել, այնքան շուտ կլավանաք: Գնահատեք Ձեր առողջությունը և մի հիվանդացեք:

Նյութը հրապարակման պատրաստեց Մարիա Ղուկասյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս