
««Ոչ մի թիզ հող» կարգախոսն այլևս իմաստ չունի. Նախ՝ մենք հող ունենք վերցնելու». Կիրո Մանոյան

««Ոչ մի թիզ հող» կարգախոսն իմաստ այլևս չունի իրականում, որովհետև նախ՝ մենք հող ունենք վերցնելու. այնպես չէ, որ սրանք են վերջնական սահմանները»,- այսօր Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը:
Ըստ նրա` առաջնահերթ խնդիրն Արցախի ինքնորոշման ճանաչումն է. «Դրա համար «Ոչ մի թիզ հող» ասել հիմա` նշանակում է` ոչինչ չենք անելու մնացածը հետ բերելու համար»:
Հարցին, թե իրականում այս հարցի վերաբերյալ տարբեր չե՞ն ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի մոտեցումները, Մանոյանը պատասխանեց, որ, անշուշտ, տարբեր են. «Սակայն չենք հասել հարցի կարգավորման այն փուլին, որ ասենք` միասին չենք, ուրեմն` մենք գնացինք, դուք մնացեք, կամ հակառակը: Արցախի հարցում մեր տեսակետը հայտնի է, հայտնի է նաև ՀՀԿ-ի տեսակետը, և դրա մեջ մենք այսօր վտանգ չենք տեսնում»:
Հիշեցնենք, որ համաժողովի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել էր, որ Հայաստանը կվերադարձնի միայն այն տարածքները, որոնք Ղարաբաղի անվտանգությանը չեն սպառնում:
Հարցին, թե այդ ո՞ր տարածքներն են, որ, ըստ Նալբանդյանի՝ մեր անվտանգությանն իրոք չեն սպառնում, Մանոյանը պատասխանեց, որ, եթե Նալբանդյանը նման հարցման տեղիք է տվել, պետք է հենց իրեն էլ այդ հարցն ուղղել:
«Մեր դիրքորոշումը հետևյալն է` մինչև այն ժամանակ, երբ Ադրբեջանը չի ճանաչում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, հայկական կողմը չպետք է խոսի որևէ զիջման մասին: Անհրաժեշտ է, որ փոխադարձ զիջումները լինեն հավասար, համարժեք ու միաժամանակյա: Չպետք է այնպես լինի, որ մենք այսօր զիջում ենք, իրենք էլ վաղը զիջեն, որովհետև մինչև վաղը կարող է մտափոխվեն, դրա համար էլ, կարծում եմ, որ չպետք է խոսել որևէ զիջման մասին այնքան ժամանակ, մինչև Ադրբեջանն Արցախի ինքնորոշման իրավունքը չճանաչի»,- ասաց Մանոյանը:
Ըստ նրա` Նալբանդյանն իր ելույթով ցանկացել է տեղյակ պահել` առաջարկված փաթեթն ինչ է. «Իսկ այդ փաթեթները երկու մասից են բաղկացած` միջազգային որևէ սկզբունքների հիման վրա պետք է կարգավորվի Ղարաբաղյան հարցը: Միջազգային սկզբունքների հետ Դաշնակցությունը խնդիր չունի, քանի որ այդ սկզբունքներն են, որ հարցը պետք է լուծեն խաղաղորեն՝ առանց ուժ կիրառելու սպառնալիքի»:
Երկրորդն էլ, Մանոյանի հավաստմամբ, տարածքային ամբողջականության սկզբունքն է, որը նույնպես Դաշնակցության համար ընդունելի է, որովհետև անկախ Ադրբեջանի կազմում Արցախը երբեք չի եղել: