Բաժիններ՝

«Հաղթանակները ծնվում են պարտությունից, իսկ ձախողումը նոր նվաճումների սկիզբ է». Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ծավալուն հարցազրույց է տվել «Հայ զինվոր» թերթին:

Ձեզ ենք ներկայացնում Հենրիխի ամենահետաքրքիր մտքերը հարցազրույցում:
– Ես, այսպես ասած, ֆուտբոլային ընտանիքում եմ ծնվել, և առանձնակի ներշնչանք պետք չէր, որ ես սիրեի ֆուտբոլն ու ցանկանայի ֆուտբոլիստ դառնալ: Ամեն ինչ եղավ ինքնաբերաբար: Յոթ տարեկան էի, երբ հայրս մահացավ, նրա հետ կապված իմ հիշողություններն ամփոփված են մանկության յոթ տարիների ժամանակահատվածում, ու որքան թանկ են ու սիրելի, նույնքան առօրեական են: Հայրս, ցավոք, չհասցրեց մասնագիտական խորհուրդներ տալ ինձ, բայց իմ հոգում մնացել է այն մանկական հրճվանքը, որի պատճառը հորս գովասանքներն էին՝ ֆուտբոլի ասպարեզում իմ առաջին փոքրիկ հաջողությունների կապակցությամբ:

– Ես համոզված եմ, որ բոլոր մարդիկ էլ տաղանդավոր են, պարզապես ոչ բոլորն են հասկացել, թե ինչ շնորհ է իրենց տրված ի վերուստ և ինչ մասնագիտություն պիտի ընտրեն, որ հաջողություն ունենան: Բայց միայն տաղանդին ապավինելով՝ չես կարող լուրջ բարձունքների հասնել, շատ մեծ է աշխատասիրության նշանակությունը: Պետք է համառել, պետք է ապավինել սեփական կամքին, չնահանջել… Ու ամենաանհավանական երազանքներն իրականություն կդառնան: Չի կարելի հուսահատվել ձախողումներից, չի կարելի ընկրկել դժվարությունների առաջ: Չի կարելի մնալ կեսճանապարհին:

– Անկեղծ ասած՝ անհաջողություններին ու պարտություններին այդքան մեծ դրամատիզմ վերագրելն անհասկանալի է ինձ: Իրականությունն այն է, որ հաղթանակները ծնվում են պարտությունից, իսկ ձախողումը նոր նվաճումների սկիզբ է: Պարզապես պետք է արագ եզրահանգումներ անել, հասկանալ սեփական սխալները, յուրացնել դասերը ու շարժվել առաջ, առանց հետ նայելու: Դրանք մարդուն առաջ մղելու շատ մեծ ուժ ունեն: Ես չեմ քննում, թե ինչպիսի ճանապարհ է ինձ համար կանխորոշված ի վերուստ, փոխարենը՝ ես գիտեմ, թե ինչ եմ ուզում ինքս: Եվ վստահ եմ, որ ոչ մի ջանք ապարդյուն չի անցնում:

– Ոչ թե երկիրն ու մարդիկ են որոշում քո կարգավիճակը հասարակության մեջ, այլ հենց դու՝ ինքդ: Կարող ես հետին կարգավիճակ ունենալ նաև սեփական երկրում, եթե չես պայքարում, չես տքնում, չես ստեղծում, չես փորձում նվաճել քո տեղը: Ես ճիշտ հակառակ կարծիքին եմ. Հայերը շնորհալի ու աշխատասեր ժողովուրդ են և որ երկրում էլ ապրեն, հարգվում են: Բացի այդ, աշխարհը լի է հռչակավոր հայերով, որոնք փառք են բերում և՛ հայրենիքին, և՛ այն երկրին, որտեղ արարում են: Ինչ վերաբերում է հայրենիքի կարևորությանը, այն պայմանավորված չէ մարդու բարեկեցությամբ, հռչակով կամ մասնագիտական հաջողություններով: Հայրենիքն անփոխարինելի արժեք է ու բոլորիս հենման կետն է:

– Ես ֆուտբոլիստ եմ, Դուք լրագրող եք, մեկ ուրիշը հաց է թխում… Ամեն մեկս, մեր նախասիրություններին համապատասխան՝ տարբեր գործեր ենք անում, ու մեր գործը ոչ մի կապ չունի մեր ինտելեկտի ու զարգացածության հետ: Մենք զարգացած ենք, թե ոչ՝ դա մեր ընտրությունն է, մեր որոշումը: Չի կարելի մարդու աշխատանքից ելնելով՝ դատողություն անել նրա ինտելեկտի մասին: Իսկ ո՞վ է ասել, որ հացթուխը չպետք է կարդա կամ օտար լեզուներ իմանա: Բոլոր մասնագիտություններն էլ արժանի են հարգանքի, և անկախ այն բանից՝ լրագրո՞ղ ես, մարզի՞կ, թե՞ դերձակ, մարդը պետք է զբաղվի ինքնակրթությամբ, զարգանա: Դա հարգանք է սեփական անձի հանդեպ: Ինչ վերաբերում է ինձ, տարբեր երկրներում ապրելով՝ օտար լեզուների իմացությունը անհրաժեշտ է եղել, ու հաճույքով եմ սովորել: Ես առհասարակ սիրում եմ սովորել:

Դուք մի արտահայտություն արեցիք՝ սովորական մարդիկ: Մենք բոլորս սովորական ենք… Եթե ես հաջողությունների եմ հասել ֆուտբոլի ասպարեզում, Դուք՝ լրագրության, չի նշանակում, որ կյանքում, մարդկային փոխհարաբերությունների մեջ մենք առավելություն ունենք մյուսներից: Եվ շրջապատի վերաբերմունքը պետք է լինի այնպիսին, որ ոչ ոք իրեն չզգա սովորական կամ արտասովոր: Մարդը՝ յուրաքանչյուր մարդ, բացառիկ է ու եզակի: Եվ հարգանքի է արժանի:

– Փառքը չի կարող փոխարինել սիրելի մարդկանց: Հարազատներիս, ընկերներիս տրամադրած ժամանակը հաճույք է, որ նվիրում եմ ինքս ինձ: Ես ավելի շատ ունեմ նրանց կարիքն աշխատանքի, լարված ռեժիմի, չթուլացող ռիթմի մեջ: Առհասարակ, ես շատ բարձր եմ գնահատում մարդու սերն իմ հանդեպ: Յուրաքանչյուր մարդու, ով էլ նա լինի, ու աշխատում եմ հուսախաբ չանել: Սերը շատ թանկ ու պարտավորեցնող նվեր է:

– Ես միշտ չիրականացած երազանքներ ունեմ, որովհետև հենց երազանքս իրականանում է, նույն պահին ծնվում է մեկ ուրիշը: Ես դրանց նպատակներ եմ կոչում, որովհետև ես պասիվ երազող չեմ, քո երազանքներն ինքդ պիտի իրականացնես: Նպատակները մարդուն առաջ մղող ամենամեծ ուժն են: Եթե նպատակները չլինեն, մենք կանգ կառնենք:

– Իմ ամենայուրահատուկ գոլը, անկասկած, դա «կարիճ» ոճով խփած գոլն է 2016թ. դեկտեմբերին: Գեղեցիկ էր, նուրբ, ճշգրիտ:

– Հիմա ես ֆուտբոլային կուռք չունեմ, բայց եթե Դուք հարցնեիք, թե ո՞վ է եղել իմ ֆուտբոլային կուռքը պատանեկության տարիներին, ես կասեի՝ Զինեդին Զիդանը:

– Ընտանիքիս, ընկերներիս հետ շփումը: Ես շատ ժամանակ եմ խլել նրանցից ու նվիրել ֆուտբոլին: Ավելի ճիշտ՝ ինքս ինձնից եմ խլել: Ու դա մեծ զոհողություն է:

– Անչափ հպարտանում եմ այդ շքանշանով: Այն, ինչ անում եմ, իմ կյանքն է, իմ առօրյան: Երբեք չեմ մտածել շքանշան ստանալու մասին: Ես անցնում եմ իմ ճանապարհը, և հայրենիքի անունն ու հայ ժողովրդի պատիվը բարձր պահելն իմ պարտականությունն է՝ որպես հայի:

– Ասելիքս այն էր, որ ես հայ եմ ու հպարտանում եմ դրանով:

– Անկեղծ ասած՝ չեմ կարծում, թե այդ հինգ գոլային փոխանցումները ոգևորության առիթ են: Առջևում 35 խաղ կա: Ու ես պիտի ամեն ինչ անեմ, որ հնարավորինս շատ գոլերի հեղինակ դառնամ, շատ գոլային փոխանցումներ անեմ: Հաճույք ստանամ իմ խաղից ու հաճույք պատճառեմ իմ երկրպագուներին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս