««Ելքի» նախաձեռնած քննարկումները կարող են ապացուցել ԵԱՏՄ-ի դրական կողմերը». Գագիկ Մելիքյան
Հայաստանը կարիք չունի ԵԱՏՄ անդամ պետությունների հետ քննարկել իր` ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու հարցերը կամ դրա վերաբերյալ եզրակացություն տալու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը` պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչպե՞ս կվերաբերվեն միության գործընկերները Հայաստանի այս նախաձեռնությանը:
Ըստ նրա` հանձնաժողով ստեղծելու մասին «Ելք» խմբակցության նախաձեռնությունը նախ քննարկվելու է ԱԺ մշտական հանձնաժողովներից մեկում, հավանաբար` Պետաիրավական, ապա՝ լիագումար նիստում: Եթե որոշվի հանձնաժողով ստեղծել, ըստ նրա՝ նոր կսկսվեն բովանդակային քննարկումները, որ բխում են ժողովրդի շահերից:
«Անդամակցությունը ողջունել է ժողովուրդը, և նույնիսկ հանրաքվե անցկացնելու դեպքում դուք կհամոզվեք, որ դա ժողովրդի բացարձակ մեծամասնության ցանկությունն է եղել»,- ասաց Գ.Մելիքյանը` համոզվածություն հայտնելով, որ ժողովուրդը ԵԱՏՄ «բարիքները» կզգա այն ժամանակ, երբ արդյունքները լինեն տեսանելի:
Գ.Մելիքյանի խոսքով` ինտեգրումը ԵԱՏՄ շատ ավելի հեշտ է իրականացնել, քան ինտեգրումն այնպիսի շուկաներում, որտեղ նախկինում մենք ներկայացված չենք եղել, մասնավորապես` ԵՄ: Նա ընդունեց, որ ԵՄ շուկան առաջադիմական է, բայց հավելեց, որ հայկական շատ ապրանքներ արդեն իրենց շուկան ձևավորել են ԵԱՏՄ-ում:
Մեր դիտարկմանը, որ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ ԵՄ արտահանման աճի տեմպերն ավելի մեծ են, քան ԵԱՏՄ, Գ.Մելիքյանը հակադարձեց, թե փոքր շրջանառությունն ավելացնելը շատ ավելի հեշտ է, քան մեծ շրջանառությունը. «Եվ դա էլ ապացուցում է, որ ԵԱՏՄ անդամակցությունը որևէ երկրի հետ մեր տնտեսական համագործակցությանը չի խոչընդոտել»:
Նա դրական արտահայտվեց քննարկումներին` նշելով, որ դա կարող է թույլ տալ ապացուցել ԵԱՏՄ-ի դրական կողմերը: